Previous Story
ՕԳՆԻՐ ԻՆՁ ԼՈՒՍԱՑՆԵԼ…
Մեկ ծնունդի միջով և անթիվ մահերով,
Դառը կորուստների համը ճաշակելով՝
Անցել եմ ես մինչև կայանը քո հասնել,
Մի զլացիր հիմա դարպասները բացել
Իմ ուշ մուտքի համար.
Հրճվանքի վայրկյաններ և ցավ անհաշվելի,
Մոռացման սուղ պահեր և զղջում ահալի,
Հատուցմանն հատկացված ճանապարհն եմ անցել՝
Չիմանալով սակայն, թե մեղքն ինչ է եղել,
Ինչ երդում եմ դրժել.
Վաղը գուցե լինի էլի մի նոր խաբկանք,
Շրթունքներիս ծաղկի ծիծաղ անհոգության,
Բայց հուշիս կակաչում սև գույնով է գծվել
Հույսից զրկըված մի անտերունչ երազ,
Ինձ առ թևերիդ մեջ.
Օգնիր ինձ լուսացնել մենության այս ժամեր
Ներկայությամբ հեռվիդ, քո լռությամբ անտես,
Ես սովոր եմ մենակ աղետները հաղթել,
Սակայն խուլ լռության կարծես թե պատրաստ չեմ,
Մի թող, որ խլանամ…
Հասմիկ Սարգսյան
About the Author
Next Story