Previous Story
Հերմինե ԱՎԱԳՅԱՆ. Աշխարհի քարտեզի վրա դու չկաս
***
Աշխարհի քարտեզի վրա
դու չկաս,
բայց դու քո տեղում ես,
ես չեմ հորինել քեզ։
Հիշողության արանքով,
ինչպես անձրևի կաթիլների,
վազում եմ քեզ մոտ.
կամրջից այնկողմ
դու կանգնել ես թրջված,
ես դեռ այդքան
սիրահարված չեմ եղել,
Դու երբեք այդքան
չես սպասել ինձ։
Մենք հանդիպում ենք
բոլոր կամուրջներից թաքուն,
այնտեղ, որտեղ աչքեր չկան։
Դու ասում ես, որ
նամակ ես բերել
մեր այգու ծառերից,
նրանք հարցնում են`
ծաղկե՞ն այս տարի,
թե՞ սպասեն
հաջորդ գարնան…
Մենք բաժանվում ենք
արևից առաջ,
Հեռանալիս ասում ես,
որ Աստված չի զգուշացնելու
ջրհեղեղի մասին…
Աշխարհի քարտեզի վրա
փնտրում եմ քեզ,
չկաս։
Աստված ժպտալով ասում է,
որ քեզ ստեղծելուց հետո
հանգստացել է մի լավ,
Հետո է ստեղծել աշխարհը…
Հերմինե ԱՎԱԳՅԱՆ
2024թ.