Previous Story
ՆՈՐ ՊՏՂԱՋՐԵՐ ԿՀՈՍԵՆ ԴԱՐՁՅԱԼ…
Նոր պտղաջրեր կհոսեն դարձյալ,
Եվ մսուրներում մանուկ կծնվի,
Երկրպագության եկած քահանայք
Ընծայաբերմամբ կկքվեն կողքին
Եվ աղաչանոք կդիմեն Նրան՝
«Հուսո փաթթոցով բարուրիր անձիս,
Նրանց, որ ճամփին ցիրուցան եղած,
Նաև մոլորյալ, անուղի, գերյալ՝
Ժանտ պատերազմի զոհ են, և հիմա
Անցնում են անլույս իրենց Գողգոթան:
Հանձնիր մայրերին իրենց որդկերանց
Սուրբ մասունքները՝ վստահեն հողին՝
Նահատակներին հարիր հանդերձմամբ,
Եպիսկոպոսաց խոսքով սփոփիչ,
Հայրերի անլուր վշտով անհատակ:
Սեր-համբերանքի ամբարներից քո
Բաժնեմաս արա այրիներին որբ,
Որոնք այրերին տեսան խաչերին՝
Բզկտված. հաշմված և հոգեխորով.
Զգու՜յշ ազատիր նրանց գամերից:
Հուսո բարուրով զգեստավորիր
Մեղկ մարմինները՝ մութ ու մոլորյալ,
Պատգամդ նորեն հասցրու ազգին,
Որ Քեզ ընդունեց, Քեզնով հավատաց
Եվ առաքելոց ձեռոք օծվեցավ:
Թող մայրդ ցնծա՝ զավակդ ես ընծա,
Բարձր պատգամդ ազգը չգետնեց,
Դավանության մեջ չուրացավ երբեք,
Քամահրությամբ խորն, անհողդողդ մերժեց՝
Դավադիրներին կոչելով «Հուդա»:
Հոշոտվող երկիր իմ Հայաստանյաց՝
Ամեն ժամ հիմա ծվատվող մարմին,
Անտարբեր մարդոց դատով անարդար
Քրիստոսակերպ հանվել ես խաչին,
Ես՝ ոտքերիդ մոտ… «Ու՜ր ես, օ՜, մայր իմ»:
…………………………………………………………………
Վարագույրները բացեք բեմերին,
Ժամերգություն է, կոչնակ և խոկում
Երկրպագեցեք՝ մանու՛կն է Փրկիչ…
Ելնելու են նոր ոգիներ ընդոստ՝
Սահման գծելու Նրա հավատքով…
Հունվար 6, 2021
Հասմիկ Սարգսյան
About the Author
Next Story