Previous Story
ԱՂԵՐՍ՝ ԳՐՎԱԾ ՏԵՂԵՐԻ ՎԱՆՔՈՒՄ ՊԱՏԱՐԱԳԻ ԸՆԹԱՑՔԻՆ

Բերքս քաղելու ժամը հասնելիս
Ինձ անզորության մաղձով մի՛ պատիր,
Քրտինք մյուռոնված որքա՜ն թափեցի,
Մինչև հողերս բարով ցնծացին։
Որքա՜ն անգամներ հունձքս թողեցի
Ազատ երկնքի վայրի թռչունքին,
Հասուն նռները ճյուղքին ճաքեցին,
Արյան հյուսքերով գետնին հոսեցին։
Ամենակարո՛ղ և ամենատե՛ս,
Փորձությամբ անձս էլի՞ քննեցիր,
Թե՞ ընդդիմացար, երբ թափուր արին
Տունս շենացրած՝ մի ամբողջ երկիր։
Ավիշը բոսոր ոթեց պատկերից,
Որ դիմագիծդ էր արձանագրում,
Նշա՞ն էր արդյոք, որ մեզ հուշեցիր,
Ուղեկի՞ցն էիր մեր խաչ տանելու։
Ծափիր ծիծառի թևքերի ծփմամբ
Խռովված հոգուս արձակ գավիթում,
Եկել եմ նորեն տենչանքով բուժման,
Եվ արդ ոսկերքիս Քո լույսն է քամվում։
Անշոշափ ուժով մաքրի՛ր կասկածից,
Կորստից հետո ուժով ինձ լցրու,
Որ հուսո ձայնով հորովել հնչի
Նրա բերանից, ով հողն է հերկում։
Տու՛ր տաք անկյունը հայրենազուրկին,
Աչքերը սրբի՛ր որդեկորույսի,
Թևերը պնդիր, ով աշնան եռքին
Բերքերը թողեց վայրի թռչունքին․․․
Հասմիկ Սարգսյան
Հոկտեմբեր 8, 2023, Տեղերի վանք