Previous Story
ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ. Իմ ժողովուրդ, որ անվրդով, անխռով ես
Իմ ժողովուրդ, որ անվրդով, անխռով ես,
Կոտրված ես` հեզահոժար, օրհասական,
Իսկ ես, վկան` սուրբ, հրակեզ ընդվզումի,
Անպատմելի քո խոյանքի, էպիկական,
Հերոսացած և նահատակ լեգենդների,
Սխրանքն իբրև` լուսակրակ գրավական,
Կոչ եմ անում` սթափվելու, և մտքերի,
Կամքի, ոգու շեղբաճաճանչ վերածնման:
Եվ թող Արևն իր նետերով, ասես հայկյան
Սրբաարձակ ճառագայթներ, երեքթևյան,
Շողաողող ու լուսարձակ, լցնի երկինքն
Իմ Նաիրյան` Քրիստոսի անվամբ ահեղ,
Հոգեճորտը թող վերանա, և պետության
Կառքին կառչած բազմաերես տեսակը քո`
Շողաշաղից`միջատափախ, կորչի գնա,
Ու թող լինի մաքրամաքուր ոգեհեղեղ:
Մանուկների ճիչն եմ ուզում լսել հայոց
Խնկախորան քաղաքներից ու շեներից,
Եվ մայրացած աղջիկների հուլունքաշար
Ժպիտներն եմ ուզում տեսնել և ցնորվել…
Արծվաթռիչք տղաների խինդն ընկալել,
Բարենորոգ փողոցներում, բոցավառվել
Համբույրների հրավառված երկնքի տակ,
Ոգևորված բարձրանալ ու բարձրաձայնել:
Դավիթ Վանյան
About the Author
Next Story