Previous Story
Անահիտ Վարդանանց. ՊՐՊՏՈՒՄՆԵՐ
Իմ սրտի միջով կարճ օրերի պես
Ձմռան մրրիկներ կգան ու կանցնեն,
Քանզի արծիվ եմ՝ ուժեղ, շանթակեզ,
Եվ ցուրտ հողմերն ինձ կհզորացնեն…
Ափսո՜ս, որ ոմանք ինձ չեն հասկանում՝
Իմ ներս ու դրսին ծանոթ ի մոտո,
Ես ամեն ինչից գլուխ եմ հանում՝
Առավելևս այն բանից հետո,
Երբ նեղ ու դժվար բոլոր օրերիս
Ընկերներիս և թշնամիներիս
Մեկ-մեկ, հիմնովին բացահայտեցի,
Իսկ վերջում էլ ինձ ի հայտ բերեցի
Եվ, անշուշտ, քե՜զ հետ… Չհամբերեցի՜…
Կարոտո՜ւմ եմ քեզ, լոկ քեզ սիրեցի,
Սիրո երկինքն է գլխիս փուլ գալիս,
Ես սիրում եմ քեզ առանց մի բառի,
Քեզ առանց խոսքի ամենն եմ տալիս,
Ինչպես մեղեդուն՝ լարը կիթառի,
Յուրաքանչյուր տող քոնն է և քոնը,
Սերն է ստանձնել իմ այս պաշտոնը…
Ամեն բան միայն լույս է իմ աչքին,
Երբ նայում է քո լուսե հայացքին…
Ու թե վերապրեմ քո ձմռան ձյունից,
Ճակատագրից թե գոյատևեմ,
Էլ չեմ խուսափի ես քո անունից,
Դեպի քո երկինք կվերաթևեմ,
Որ այնտեղից էլ գարնանն արարեմ
Սերն ու կյանքը և խաղաղությունը,
Չարիքն օրենքից դուրս հայտարարեմ,
Որ ավելանա ուրախությունը…
Անահիտ Վարդանանց