Previous Story
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ
Դսեղի մովում ծնվեց մի տղա,
Որ պիտի դառնար պոետ մեծանուն,
Աստվածեղեն էր ժպիտը նրա,
Հայացքը անծիր եթերն էր տանում։
Հայոց հինավուրց տաճարում խոսքի
Հավատի խորան նա պիտի բացեր,
Ու շաղ պիտի տար հուրքերը ոսկի,
Անսահմանի մեջ ճախրեր դեպի վեր։
Եվ ապա իջներ, սուզվեր դղիրդում՝
Մեզ պատած վշտի անտակ ծովի մեջ,
Եվ ահասաստիկ այդ մառ անդունդում
Պիտի բորբոքեր հույսի ելևէջ։
Կախարդագրչով պիտի սերմաներ
Անբասիր խոյանք հավերժագնա,
Տիեզերքի մեջ պիտի Սե՜ր մաներ
Ու պիտի ցաներ լույսի մանանա ։
Պիտի շողացներ միտքը մանուկի
Հեքիաթ բառերի կարկաչով չքնաղ,
Մաքրեր ակունքը մեր սրտաերգի,
Կերտեր վեհության հուրքեր լուսատաղ։
Պիտի Անուշի սերը հավերժեր,
Զղջանքից ցնծար Թմկա տիրուհին,
Գիքորի մահով մարդուն մարդացներ,
Կրակներ բերեր սառած սրտերին,
Ու չնվաճվող քառյակներ գրեր,
Պարզությամբ հասներ բարդության վերին,
Անծայրածիրում հավիտյան թևեր,
Ոգեղեն լույսը տաներ աստղերին…
Մտիկ էր տալիս անտառը նրան,
Ճակատը շոյում բույրերով նրբին,
Նա գիտեր, որ այդ թրթռուն տղան
Պիտի բաց աներ նաիրյան ոգին։
Եվ ձայնակցում էր անտառին զմրուխտ
Դեբեդը մոլի՝ փրփուրը բերնին,
Վեհորեն բազմած սարերին կապույտ
Փառավորվում էր Աստծո մեղեդին։
Օդում պարում էր մի վառ լուսագիծ,
Շողեր էր ժանյակ ամպերը ծափում,
Եվ ճախրանքների անհուն երկնքից
Բանատեղծության վարդեր էր թափվում։
ՎԱՐՈՒԺԱՆ ԽԱՍՏՈՒՐ
About the Author
Next Story