Previous Story
ԳԱՅԱՆԵ ՓԱՅՏՅԱՆ. Արձակից ավելացած տողեր
Կապույտ զգեստս հանիր,
թող քո գիշերը դառնամ։
Աստեր շարիր վարսերիս
թող քո աստղերը դառնամ։
Երգեր գրիր մարմնիս,
թող մագաղաթդ դառնամ։
Երազ պահիր պատերիս,
քո հին վանքը ես դառնամ։
Ու մոմ դառնամ ափիդ մեջ,
կրակ դառնամ, բոցկլտամ,
փայլը բերեմ աչքերիդ…
Կապույտ զգեստս կոճկիր,
թող լուսաբացդ դառնամ։
♦♦♦
Գիտեի Աստված ես…
Այնքա՜ն նազանքով էի մատներս սահեցնում վերնաշապիկիդ
գծերի միջով։
Սեթևեթելով մազերս էի ոլորում
ու շրթներկիս կարմիրը քսում։
Պատրաստվում էի…
Ու Աստծուց ամաչում, երբ
շապիկս հեռացնում էիր’
սիրտս մոտիկից տեսնելու համար…
♦♦♦
Սրտիս մեջ տեղ չկար,
Քեզ բռիս մեջ պահեցի,
Աչքիս առաջ։
Պինդ սեղմած մանկությանս
Հինգ կոպեկանոցի նման։
Գիտեի, թե արճիճի նման հալվելով կհոսես:
Ու երակիցս դուրս կգաս կաղապարի տեսքով
Փրկելու սիրտս…
Լացած մանկան նման
Խաղաղվեցի երազում,
Էն, որ պտուկն առած բերանի մեջ
Կուրծք է ուտում երկու ձեռքով…
Երբ վեր թռա ու վախեցած `ձեռքս դեպի
ափս տարա,
Քրտնած ափս էր ինձ մնացել։
Ա՜խ, երանի ատելու ձևն իմանայի
Սիրելու պես…
ԳԱՅԱՆԵ ՓԱՅՏՅԱՆ