• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ԱՂԵՐՍ՝ ԳՐՎԱԾ ՏԵՂԵՐԻ ՎԱՆՔՈՒՄ ՊԱՏԱՐԱԳԻ ԸՆԹԱՑՔԻՆ
Պատերազմի մեջ ծաղիկներ են աճում…
«Պետք է իմանանք` ովքեր են եկել ՀՀ, ինչ ծանր պատմություններ ունեն, ինչքան վիշտ ունեն ու ինչքան իրավունք` ժամանակավոր կացարանից հրաժարվելու» («Բռնագաղթի մատյան» շարքից)
Նվիրում եմ Արամ Քոչարյանի հիշատակին
ՕՐԱԲԱՑԻ ԽՈՀԻ ՓՈԽԱՐԵՆ
Հայկ Սիրունյան. Հայաստան, քո անունը հնչում է որպես պղնձե անզգույշ արձագանք
ՀՐԱՆՏ ԹԱԹՈՍԻ ՍԻՄՖՈՆԻԱՆ …
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)

Ժանրի խնդիրը ռուս գրականագիտության մեջ

Posted On 08 Մրտ 2014
Comment: 0
Tag: Ժանրի խնդիրը ռուս գրականագիտության մեջ, Սլավի-Ավիկ Հարությունյան Փիլիսոփ. գիտ. դոկտոր

4610291389855796Բանաստեղծ, կինոսցենարիստ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր: Սլավի-Ավիկ Հարությունյանը ծնվել է 1965 թ. Լեռնային Ղարաբաղում: Առաջին անգամ տպագրվել է 15 տարեկանում «Պիոներ Կանչ» թերթում, այնուհետև տարբեր պարբերականներում, «Գարուն» ամսագրում, Երևանում, Բաքվում լույս տեսնող ալմանախներում։ 1989 թ. Երևանում տպագրվել է «Ուշացած հեռագրեր» բանաստեղծությունների ժողովածուն։ Ավարտել է Համառուսական կինոյի ինստիտուտի սցենարական բաժինը, 20-ից ավելի գիտական հոդվածների և երկու մենագրության հեղինակ է, մասնակցել է ավելի քան մեկ տասնյակ ֆիլմերի արտադրության՝ հայերեն, ռուսերեն, իսպաներեն, կատալերեն լեզուներով՝ այդ թվում Դ. Սելինջերի հանրահայտ «Եվ այդ շուրթերը, և այդ կանաչ աչքերը» պատմվածքի էկրանահանման պրոդյուսերն է։

   2005 թվականից «ՌուսՖիլմ» ընկերության գլխավոր պրոդյուսերն է։

Սլավի—Ավիկ Հարությունյան

Փիլիսոփ. գիտ. դոկտոր

Ժանրի խնդիրը ռուս գրականագիտության մեջ

(մշակութաբանական մոտեցում)

Ժանրերի տեսությունը էսթետիկայի և արվեստագիտության հնագույն բաժիններից է, որ սկզբնավորվել է դեռևս անտիկ ժամանակաշրջանում Արիստոտելի («Պոետիկա») և Պլատոնի («Պետություն») ա աշխատություններում: Այսօր էլ, սակայն, խնդիրն արդիական է. այս թեմայով քննարկումներն ու բանավեճերը շարունակվում են: Խնդրի վերաբերյալ առկա մոտեցումների վերլուծությունը թույլ է տալիս առանձնացնել երկու արմատապես տաբեր ուղղություններ` գեղագիտական և արվեստագիտական: Էսթետիկական մոտեցման հիմքում ընկած է էսթետիկայի` որպես մշակույթի գործառույթների և նրա զարգացման առավել ընդհանուր օրինաչափությունների մասին գիտության ընկալումը: Այսինքն` այնպիսի գիտության, որ հենվում է ընդհանրական բնույթի կաղապարների վրա, որոնք տարբեր են մշակույթի առանձին տեսակների և տարբեր` մշակույթի պատմական զարգացման փուլերի համար… Այս ուղղությանը բնորոշ է ժանրերի վերլուծության աբստրակտ-դեդուկտիվ,  «ֆունկցիոնալ-ձևաբանական» մոտեցման բացարձակացումը (Նրա փայլուն ներկայացուցիչն է Մ. Ս. Կագանը:) Այս ուղղությունը պայմանականորեն կարելի է անվանել դեդուկտիվ (արտածական): Երկրորդ` արվեստագիտական ուղղությունը ներկայացված է հիմնարար հետազոտությունների շարքում, որի տեսության ելակետը մշակույթի տարբեր ճյուղերի` մասնավորապես գրականության զարգացման կոնկրետ-պատմական գործընթացի վերլուծությունն է: Ներկայացուցիչներն են` Մ. Բախտին, Գ. Վագներ, Յ. Մելետինսկի, Վ. Պռոպպ, Յու. Տինյանով: Անմիջապես նկատենք, որ այս մոտեցումը, որն էլ ավելի արդյունավետ է, պայմանականորեն կարելի է անվանել ինդուկտիվ(մակածական), և այն մեծամասամբ մշակութաբանական բնույթ ունի: Գրականագիտությունը, լինելով արվեստաբանության ամենահին և «նախընտրելի» ոլորտներից մեկը, մեծ հեղինակություն է վայելում և ավանդաբար համարվում է այնպիսի մեթոդների և հետազոտական հնարանքների, տեսությունների և մոտեցումների «շտեմարան», որոնց վրա հիմնվելեվ` միաժամանակ փոխ են առնում և օգտագործում են մշակույթի այլ` առավել երիտասարդ ոլորտներ, օրինակ` կինոարվեստը: Գրականագիտությունից կինոարվեստ ուղղակի «փոխադրման» դեպքում, օրինակ, դրամային պիտի համապատասխանի կինոդրաման, վեպին` կինովեպը, էպիկականին` կինոէպիկականը: Սակայն կինոյի ժանրերի խնդրի վերլուծության հենց առաջին փուլերից էլ պարզ է դառնում, որ կինոֆիլմերի նման դասակարգումն այնքան էլ հաջող չէ: Եվ եթե անգամ համաձայնենք, որ ներմուծումները գրականագիտության ոլորտից կինոյի տեսություն անխուսափելի են, ապա անորոշ է մնում, թե ի՜նչը փոխ առնել, և ի՜նչպես: Այս իսկ պատճառով մենք անհրաժեշտ ենք համարում ժանրերի մասին գրականագիտության մեջ առկա հիմնական տեսակետների վերհանումը: Այդ նպատակով քննենք, թե ժանրերի մասին քիչ թե շատ կայուն ի՞նչ տեսակետներ կան: Առաջին իսկ հայացքից անգամ նկատելի է, որ գեղարվեստական ժանրերի տեսությունը հեռու է կատարյալ լինելուց: Նախ` անմիջապես կարելի է անդրադառնալ «ժանր» բառի իմաստների բավականին ցայտուն հակասություններին, ընդ որում, հակասություններն այն աստիճան ակնառու են, որ ոմանք «ժանր» ասելով հասկանում են սեռ, ոմանք` գրականության տեսակներ, իսկ ոմանք էլ կիրառում են բոլոր երեք եզրույթները: Դա, իհարկե, գիտական եզրույթի կարգավիճակի հետ անհամատեղելի է: «Ժամանակակից գրականագիտության մեջ այդ եզրույթը գործածվում է տարբեր իմաստներով: Գրականագետների մի մասը, բառի ստուգաբանությանը համապատասխան, այդպես է անվանում գրական սեռերը` էպիկական, քնարական, դրամատիկական: Ուրիշներն էլ, կիրառելով այդ եզրույթը, նկատի են ունենում գրական տեսակները, որոնց վրա բաժանվում է սեռը (վեպ, վիպակ, պատմվածք և այլն)» (5, էջ 82): ««Սեռ», «տեսակ» և «ժանր» կաևորագույն հասկացությունները ֆրանսերեն genre բառի ստուգաբանության պատճառով, որ միաժամանակ նշանակում է և՜ տեսակ, և՜ սեռ: Բայց քանի որ տերմինաբանական տեսակետից կայուն չեն, տարբեր մասնագետներ դրանք մեկնաբանում են յուրովի, երբեմն` տրամագծորեն հակադիր» (8,էջ 144): Եվ դեռ կարելի է նմանօրինակ բազմաթիվ մեջբերումներ կատարել գրականագիտական աշխատություններից: Երկրորդ` գրականության` սեռերի բաժանումը մեկ ընդհանուր մոտեցումով չի կատարվում, դրանով իսկ խախտվում է ցանկացած դասակարգման սկզբունքային պահանջներից մեկը: Օրինակ` (5)-ում նախ որպես որակի չափանիշ կարծես առաջ է քաշվում «օբյեկտիվ և սուբյեկտիվ աշխարհընկալումը», որի շնորհիվ տարանջատվում են էպիկականն ու քնարականը, այնուհետև դրամատիկական ժանրի սահմանման համար ի հայտ է գալիս որակի նոր` սկզբում չգործող չափանիշ` «կոնֆլիկտը»: Գրականության` սեռերի բաժանումը կարելի է տեսնել դեռևս հնագույն ժամանակաշրջաններում. դա պայմանավորված է մարդկային անհատականության դրսևորման` տարբեր մոտեցումներով հիմնական ձևերի պատկերման անհրաժեշտությամբ. օբյեկտիվը` մարդկանց և երևույթների փոխհարաբերությունների արտահայտման համար (էպիկական), սուբյեկտիվը` մտորումների և ապրումների համար (քնարական), և վերջապես, գործողությունների, կոնֆլիկտների համար(դրամատիկական)» (5, էջ 81): Երրորդը` պարզվում է, որ յուրաքանչյուր սեռի ներսում տեսակների բաժանումը ենթակա է ոչ թե մեկ ընդհանուր չափանիշի, այլ յուրաքնչյուրը նորովի մոտեցում է պահանջում, որովհետև չի պահպանվում դասակարգման կարևորագույն չափանիշը` սկզբունքի միասնականությունը:

«Էպիկական սեռում տեսակների բաժանման սկզբունքները գլխավորապես որոշվում են կենսական գործընթացների արտացոլման բնույթով, բարդության մակարդակով(էպիկական սեռի նյութը ողջ ժողովրդի համար կարևոր իրադարձությունն է, պատմվածքի նյութը` առանձին դրվագը), քնարականում` արտահայտվող ապրումի առանձնահատկություններով (հանդիսավորություն-հիմն, տխրություն-էլեգիա(եղերերգ), դրամայում` պատկերվածի նկատմամբ վերաբերմունքի բնույթով (լարված գործողություն-ողբերգություն, հումոր-կատակերգություն)» (5, էջ 82): Այնուհետև` «ժանր» բառի այս երկու հիմնական իմաստներից բացի, ստեղագործության ժանրային պատկանելությունը որոշելու համար լայնորեն կիրառվում է և երկրորդ իմաստը` «ժանրային տեսակ» բառակապակցությամբ արտահայտվող»: «Բայց տեսակներն էլ դեռևս գրական ստեղծագործությունների վերջնական ձևերը չեն: Պահպանելով ընդհանուր սեռային հատկանիշները և տեսակի կառուցվածքային առանձնահատկությունները` յուրաքանչյուր գրական երկ իր մեջ կրում է նաև ինքնատիպ գծեր` կյանքի պահանջմունքներով պայմանավորված, այսինքն` այն ունենում է անկրկնելի « ժանրային ձև»» (5, էջ 82): Եվ վերջապես, ժանրի դասական ընկալման ևս մեկ թերություն է նաև չափանիշի անորոշությունը` ժանրի` որպես այդպիսինի բնորոշման համար. ստացվում է, որ դա «ձևի և բավանդակության միասնություն է` բովանդակության առաջատար դերի դեպքում» (5, էջ 82-83): Նկատենք, որ տրված ձևակերպումը ծագում է հեգելյան փիլիսոփայությունից և մատերիալիստական` ձևափոխված մեկնաբանությամբ ակտիվորեն գործածվում է մարքսիստական էսթետիկայում:

Ինչպես երևում է, նման թվարկումների դեպքում գրականագիտական հիմնարար երևույթներից մեկի գաղափարի ձևակերպումը, որով այն չի համապատասխանում տրամաբանության տարրական պահանջներին անգամ, չի կարող կիրառելի լինել ու արդյունավետ լինել: Եվ մեկ այլ հետևություն. այդ ձևով այն չի կարող արդյունավետ փոխհարաբերվել, չի կարող փոխանցվել մշակույթի այլ ոլորտների: Սակայն գոյություն ունի Մ. Բախտինի և Յու. Տինյանովի աշխատություններում մշակված բոլորովին մեկ այլ մոտեցում ևս, որը հագեցած է մշակութաբանական մեծաքանակ գաղափարներով և կառուցված է մեկ այլ սկզբունքով, և, մեր կարծիքով, հարցի բարդությանն առավել համապատասխան մեթոդով: Ժանրերի մասին Բախտինի աշխատությունը ունի մեծ յուրահատկություն: Նրանում կարելի է տարանջատել երկու փոխկապակցված մասեր: Մի մասը (պայմանականորեն) վերաբերում է ժանրի և ոճի կապին (մասնավորապես (1)-ում) , երկրորդ մասը` ժանրի մասին բուն աշխատությունը, վերաբերում է վեպի` իբրև հատուկ ժանրի վերլուծությանը ((2)-ում, (3)-ում, (4)-ում): Եվ այստեղ է արտահայտվում նրա մտածողության կարևորագույն առանձնահատկությունը, որը հայտանշում է գրականագիտական ներքին օրինաչափությունների (առաջին հայացքից) սերտ կապը մշակութային խնդիրներին:

Բախտինը վեպի ժանրը մեկնաբանում է ոչ միայն հատուկ, վիպական բառով, այլև վերջինիս առաջացումը դիտարկում է սոցիալ-մշակութային համատեքստում: Այսպես, նա գրում է. «Վիպական խոսքը ծնվել է և զարգացել է ոչ թե նեղ գրական ուղղությունների, ոճերի, վերացական աշխարհայացքների, պայքարի գործընթացներում, այլ մշակույթների և լեզուների դարավոր բարդ պայքարում» (4, էջ 446): Բախտինն իր գիտական գործունեության հենց սկզբից կարծում էր, որ լեզվի փիլիսոփայական վերլուծության հիմքում պիտի դրվի ոչ այլ ինչ, եթե ոչ ասույթը, քանի որ հենց արտահայտվող կոնկրետ միավորների տեսքով է (գրավոր և բանավոր) տեղի ունենում լեզվի իրացումը հանրույթում: Նման ասույթները արտացոլում են մարդկային գործունեության ցանկացած ոլորտի ինքնատիպ պայմաններն ու նպատակները օգտվելով լեզվից, ընդ որում, ոչ միայն նրա բովանդակությունից ու լեզվական ոճերից, այսինքն` բառային, դարձվածքային ու քերականական միջոցների ընտրանուց, այլև նախևառաջ նրա կառուցվածքային համակարգից: Այս երեք գործոնները` թեմատիկ բովանդակությունը, ոճը և կառուցվածքային համակարգը, ասույթում կապված են անխզելիորեն և հավասարապես բնութագրվում են տվյալ իրավիճակով: Թեև ամեն ասույթ էլ առանձնահատուկ է, իր ձևով անկրկնելի, այդուհանդերձ գոյություն ունեն հարաբերականորեն կայուն կաղապարներ, այնպիսի ասույթներ, որոնց Բախտինն անվանել է լեզվական ժանրեր: Լեզվական ժանրերը չափազանց բազմազան են. Բախտինը դրանով էր բացատրում վերջիններիս ընդհանուր ուսումնասիրության մեծ դժվարությունը: Ժանրերի մասին նրա տեսության մեջ մեծ տեղ է զբաղեցնում իր ներմուծած գաղափարը` առաջնային և երկրորդային ժանրերի մասին, որոնք մի կողմից սերտորեն կապված են մեկը մյուսի հետ, մյուս կողմից էլ տաբեր են: Առաջնային ժանրերը առօրյա-խոսակցական լեզվում ասույթների տարերայնորեն կազմված տեսակներ են. դրանք առօրյա երկխոսության զանազան ձևեր են, կենցաղային պատումներ, նամակ, ռազմական կարճ հրահանգ ու ընդարձակ հրաման և այլն…

Երկրորդային (բարդ) լեզվական ժանրերը` վեպերը, գիտական տարասեռ հետազոտությունները, հրապարակախոսական խոշոր ժանրերը և այլն, ստեղծվում են առավել բարդ, բարձր զարգացած (գերազանցապես գրավոր) մշակութային շփումներից: Իրենց ձևավորման ընթացքում նրանք իրենց մեջ ներառում են և վերամշակում են առաջնային ժանրերը, որոնք, մտնելով երկրորդայինների կառուցվածքի մեջ, փոխակերպվում են և զրկվում բուն իրականության հետ ունեցած անմիջական հարաբերությունից: Բախտինի կարծիքով, լեզվական ժանրերի խնդիրը հսկայական նշանակություն ունի բանասիրական բոլոր գիտությունների համար, բայց նրա դերն առանձնապես կարևոր է ոճագիտության համար: Ըստ էության, Բախտինի դիրքորոշումն էլ հենց այն է, որ ոճի սահմանումն ընդհանրապես և մասնավորապես անհատական ոճի բնորոշումը պահանջում են ինչպես ասույթի էության, այնպես էլ խոսքային ժանրերի խոր ուսումնասիրություն: Ժանրի և ոճի բնական անքակտելի կապը պարզ երևում է և, այսպես կոչված, գործառական ոճերի քննությունից: Ըստ էության, Բախտինի կարծիքով, գործառական ոճերը մարդկային գործունեության և հաղորդակցման հստակ ոլորտներին բնորոշ ժանրային ոճեր են: Յուրաքանչյուր ոլորտն ունի իր` տվյալ ոլորտին հատուկ պահանջներին համապատասխան ժանրերը, և այդ ժանրերն էլ ունեն համապատասխան ոճեր:

Լեզվական հաղորդակցման կոնկրետ գործառույթը (գիտական, տեխնիկական, հրապարակախոսական, գործնական, առօրյա-խոսակցական) և կոնկրետ` տվյալ ոլորտին բնորոշ միջավայրը ծնում է հատուկ ժանրեր, այսինքն` թեմատիկ, կառուցվածքային և ոճական տեսակետից արտահայտման հարաբերականորեն կայուն տեսակներ: Ոճն անխզելիորեն կապված է որոշակի թեմատիկ միավորի և (որն ամենակարևորն է) որոշակի կառուցվածքային միավորների հետ` ամբողջի կառուցվածքի որոշակի ձևերի, նրա ամբողջացման բաղադրիչների հետ, խոսողի` լեզվական հաղորդակցման այլ անդամների նկատմամբ ունեցած հարաբերությունների հետ(լսողների կամ ընթերցողների, զրուցակիցների, ուրիշի խոսքի և այլն): Հնարավոր է` Բախտինի տեսության այս հատվածի «դասը» ժանրի կապվածությունն է մի կողմից, ոճի, լեզվի կապվածությունը` մյուս կողմից: Տինյանովը ևս պնդում էր, որ ոճը (լեզուն) և ժանրը կառուցվածքային միավորներ են ստեղծում: Նա մասնավորապես գրում է. « Ստեղծագործության մասին արդեն չի կարելի ավելին ասել, քան այն, որ ստեղծագործությունը իր հայտնի կողմերի` սյուժե, ոճ և այլն, «հանրագումար» է: Այդ աբստրակցիաները` սյուժե, ոճ և այլն, վաղուց հայտնի են և, ըստ էության, դրանք փոխկապակցված են միմյանց…» (7, էջ 227):

Բախտինի և Տինյանովի մտահանգման ևս մեկ կարևորագույն գիծ է պատմականությունը: Եվ այն նրանց աշխատություններում իրացվել է ամբողջությամբ: Պատահական չէ, որ վեպի վերլուծության նպատակով Բախտինը մշակութային ֆենոմենների մեջ է ներմուծում «խրոնոտոպ» հասկացությունը` որպես ժամանակի և տարածության գեղարվեստականացված պատկերացում. «Ժամանակային ու տարածական էական հարաբերությունների կապը` գեղարվեստականորեն յուրացված գրականության կողմից, մենք կանվանենք խրոնոտոպ» (4, էջ 234): Իսկ Տինյանովին հաջողվեց ցույց տալ, թե ինչպես է գրականության պատմությունից եկած իրողությունը` ժանրին վերաբերող իր որոշակի կառուցվածքով, փլուզվում … որպեսզի միևնույն ժամանակ ստեղծի նոր` տվյալ պահի համար լիովին կայուն միավոր:

Ստեղծագործությունը, պնդում է նա, գոյություն չունի իբրև առանձին ինչ-որ բան, այն մտնում է գրականության համակարգի մեջ, նրա հետ փոխկապակցված է ոճով ու ժանրով (7, էջ 227): Ընդ որում` ժանրը իբրև կառուցվածք կարող է փոփոխվել: Այն ձևավորվում է (այլ համակարգերի փլուզումից ու սաղմերից) և փլուզվում է` դառնալով այլ համակարգերի մաս: «Որևէ ժանրի քայքայման դեպքում այն կենտրոնից տեղափոխվում է ծայրամաս, իսկ նրա փոխարեն գրականության մանրուքներից, նրա ծայրամասերից և խորքերից երևան է գալիս նոր երևույթ» (6,էջ 257-258): Պատմամշակութային տվյալ համատեքստում մեծ հետաքրքրություն են ներկայացնում նաև Տինյանովի` ժանրերի հիերարխիային վերաբերող դիտարկումները: Նա շատ լավ գիտակցում է, որ ժանրերը մեկ հարթության մեջ չեն գտնվում, այլ ըստ արժեքների գերադասվածության` կազմավորում են մի բարդ բուրգ, որում էլ ձևավորվում են նրանց ոչ պարզ փոխհարաբերությունները: Իսկ արժեքները , ինչպես հայտնի է, ձևավորվում են մշակույթի մեջ: Այսպես օրինակ` օդա ժանրի արժեքային գիտակցումը, որի մասին խոսում է Տինյանովը, իհարկե կապված է գրականության սոցիալական նշանակության ընկալման հետ, այն է` իշխանության փառաբանումը: Այդ իսկ պատճառով էլ հենց օդան է առավել նախընտրելի այն ձևը, որով գրականությունը կարող է իրականացնել իր առաքելությունը: Նկատենք, սակայն, որ ժանրերի տեսությունը դեռևս անտիկ աշխարհում նմանատիպ բնույթ ուներ. չէ՞ որ անտիկ ուսմունքի նախադրյալը, անկասկած, սոցիալական կամ, ամեն դեպքում, սոցիալ-մշակութային հիերարխիան է. ըստ Արիստոտելի` կան բարձր (ողբերգություն) և ցածր(կատակերգություն,սատիրա) ժանրեր: Շոշափելով «լուրջ — ծիծաղելիի» ոլորտը` այդ մասին Բախտինը գրել է` հները գիտակցել են դրա ինքնատիպությունը և այն հակադրել են լուրջ ժանրերին` էպիկականին, ողբերգականին, պատմությանը, դասական ճարտասանությանը և այլն: Տինյանովը նման նախընտրություններով «ժանրային բուրգի» օրինակ համարում էր 18-րդ դարի ռուս գրական իրավիճակը, որում տիրում էր օդան: Գոյություն ուներ բանաստեղծական խոսքի հատուկ ճարտասանական դրվածք, և օդան նրա ժանրային վկայությունն էր: «Օդայի տեսակը համարվում էր քնարերգության բարձրագույն տեսակ. դա ամրապնդվում էր երեք ժանրերի տեսությամբ, նրա` գրական տեսակների արժեքային ընկալումով և համապատասխանող բառապաշարային կազմով»: Այդ ընկալումն այնքան խորն էր, որ օդան արդեն դարձել էր քնարերգության հոմանիշ: Օդան կարևոր էր ոչ միայն իբրև ժանր, այլև որպես բանաստեղծական ուղղություն: Ժանրի արժեքային նման ընկալումը որոշիչ էր գրականության համար: Օդային զուգահեռ քնարական այլ տեսակների գոյությունը, որն ուղեկցվել է նրա զարգացման ողջ ընթացքում, այդ զարգացմանը չի խանգարել, քանի որ այդ տեսակները ցածր (փոքր) են համարվել: Բարձր (ավագ) ժանրը` օդան, հանդես էր գալիս ոչ թե կատարյալ ու ինքնամփոփ ժանրի տեսքով, այլ հայտնի էր որպես կոնստրուկտիվ ուղղություն: Այդ իսկ պատճառով էլ բարձր(ավագ) ժանրը կարող էր գրավել, ներքաշել իր մեջ ամենատարբեր նոր նյութեր, կարող էր վերակենդանանալ ուրիշ ժանրերի հաշվին, վերջապես, որպես ժանր կարող էր փոփոխվել անճանաչելիության աստիճան և այնուամենայնիվ չէր դադարում գիտակցվել որպես օդա, քանի որ կաղապարային տարրերը դեռ համապատասխանում էին լեզվական հիմնական գործառույթի պահանջներին (7, էջ 245):

Նշենք նաև Բախտինի` ժանրի էությանը վերաբերող կարևորագույն ձևակերպումները. «Գրական ժանրն իր էությամբ արտացոլում է գրականության զարգացման առավել կայուն, «դարավոր» միտումները: Ժանրում միշտ պահպանվում են չմահացող արխաիկ տարրեր: Ճիշտ է, այդ արխաիզմը նրանում պահպանվում է թարմացումների, այսպես ասած, արդիականացման շնորհիվ»: «Ժանրը միշտ նույնն է ու նույնը չէ, միշտ հին է ու միաժամանակ նոր: Ժանրը վերածնվում է գրականության զարգացման յուրաքնչյուր նոր փուլում և տվյալ ժանրի ամեն մի նոր ստեղծագործության մեջ: Դա է ժանրի կյանքը: Այդ պատճառով էլ նրանում ապրող արխաիզմը մեռած չէ, մշտապես կենդանի է, այսինքն` արխաիզմը ընդունակ է վերակենդանանալու: Ժանրն ապրում է ներկայով, բայց միշտ հիշում է իր անցյալը, իր սկիզբը: Ժանրը գրականության զարգացման գործընթացի, ստեղծագործական մտքի ներկայացուցիչն է: Այդ իսկ պատճառով ժանրն ընդունակ է ապահովելու նման զարգացման միասնականությունն ու ամբողջականությունը» (4,էջ 121-122):

Примечания:

1.Бахтин М. М. Проблема речевых жанров. 2.Бахтин М. М. Проблемы поэтики Достоевского. М., 1979. З.Бахтин М. М. Эпос и роман. 4.Бахтин М. М. Формы времени и хронотопа в романе // Вопросы литературы и эстетики. М., 1975.5.Калачева С., Рощин П. Жанр// Словарь литературоведческих терминов. М., 1974. 6.Тынянов Ю. Н. Литературный факт// Поэтика. История литературы. Кино. М., 1977. 7.Тынянов Ю. Н. Ода как ораторский жанр// Поэтика. История литературы. Кино. М., 1977. 8.Федотов О. И. Основы теории литературы. Стихосложение и литературный процесс. М., 2003. 9. Учение о жанре в русском литературоведении(культурологический аспект)// Вестник МГУКИ.2007.№1.С. 149-153.

Թրգմն.` Սաթենիկ Բադալյան

About the Author
  • google-share
Previous Story

Я привкус солнца в языке Армении родной люблю -Егише Чаренц (Перевод М. Павловой)

Next Story

Կինոնշանագիտությունը և նրա ժամանակակից խնդիրները

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • ՕՐԸ՝ ԿՈՄԻՏԱՍՅԱՆ․․․
  • ՄԵՐ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ
  • ԿՅԱՆՔԸ ԴԱՐՁԵԼ Է ԿԱՀՔ, ԱՊՐԵԼԸ՝ ԱՊՐԱՆՔ
  • ՀՈՒՅՍԸ
  • ԱՂԵՐՍ՝ ԳՐՎԱԾ ՏԵՂԵՐԻ ՎԱՆՔՈՒՄ ՊԱՏԱՐԱԳԻ ԸՆԹԱՑՔԻՆ
  • Հերմինե Ավագյան. «Բաքուն առանձին անձերի չէ, որ դատում է, Բաքուն դատում է՝ Արցախի պետականությունը… Հայի պատիվը…»
  • «Мы — наши горы»
  • ԱՀ-ից բռնի տեղահանվածների ընտանիքներում բալիկներ են ծնվել, 31 ծնունդ Հայաստանում, որից 11-ը Երևանում
  • Վարդան Ոսկանյան. «Հասկանո՞ւմ եք՝ ի՞նչ արեց Արցախի հերոսական հայությունը»
  • Պատերազմի մեջ ծաղիկներ են աճում…

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՕՐԸ՝ ԿՈՄԻՏԱՍՅԱՆ․․․

ՄԵՐ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ

ԿՅԱՆՔԸ ԴԱՐՁԵԼ Է ԿԱՀՔ, ԱՊՐԵԼԸ՝ ԱՊՐԱՆՔ

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • ՕՐԸ՝ ԿՈՄԻՏԱՍՅԱՆ․․․
  • ՄԵՐ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ
  • ԿՅԱՆՔԸ ԴԱՐՁԵԼ Է ԿԱՀՔ, ԱՊՐԵԼԸ՝ ԱՊՐԱՆՔ
  • ՀՈՒՅՍԸ
  • ԱՂԵՐՍ՝ ԳՐՎԱԾ ՏԵՂԵՐԻ ՎԱՆՔՈՒՄ ՊԱՏԱՐԱԳԻ ԸՆԹԱՑՔԻՆ
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հայկ Սիրունյան Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ Օհան Դուրյան հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Ashot Manukyan՝ Քաղաքագիտության էթնիկական երանգները գրառման
  • Ashot Manukyan՝ Աշոտ Մանուկյան գրառման
  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com