Previous Story
ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐԸ
Շատ տարօրինակ գրախանութ էր: Ներկայացված գրքերը մռայլ էին, վաճառողը՝ առավել ևս: Այդ պատճառով էլ մտնողն անմիջապես դուրս էր գալիս: Գրքերը, չգիտես ինչու, բացված էին դրված: Այնուամենայնիվ մոտեցա, որ նվիրելու համար մի քանի բան ընտրեմ.
— Էս գրքերդ ինչո՞ւ են բացված:
— Որ բոլորին ընդունեմ գրքաբաց:
— Ինձնից բացի էլ ո՞ւմ ես ընդունել:
— Ոչ ոքի:
— Հասկացա: Ուրեմն մի բան պիտի առնեմ: Էդ հետևիդ սևը ի՞նչ գիրք է:
— Դատաստանագիրք:
— Ի՞նչ արժե:
— Չի՛ վաճառվում:
— Բա ինչո՞ւ ես դրել:
— Որ լավ հիշեք ահեղ դատաստանի օրը:
— Ու ո՞րն է այդ օրը:
— Այդ մասին կիմանաք կողքի գրքից:
— Դա՞ ինչ գիրք է:
— Ուրբաթագիրք:
— Ուրեմն ուրբաթ օ՞րն է:
— Դո՛ւք ասացիք:
— Լավ, բա դրա կողքի՞նն ինչ գիրք է:
— Աղվեսագիրք:
— Դա՞ ինչու ես բերել:
— Առաջինը աղվեսները պիտի իմանան դատաստանի օրը:
— Վախենալու գրքեր են: Լավ, էն ծայրի՞նն ինչ գիրք է:
— Դասագիրք:
— Բա ինչո՞ւ է էդ մեկը փակ:
— Որովհետև արդեն ուշ է:
— Ի՞նչն է ուշ:
— Ձեր դասը պիտի ժամանակին սովորեիք: Մինչև ուրբաթ էլ չեք հասցնի:
— Այսինքն, դա է՞լ չի վաճառվում:
— Ձեզանի՛ց լսեցի:
— Լավ, բա որ իրիկունը տուն ես գնում, տնեցիները չեն հարցնո՞ւմ՝ ինչ ես ծախել:
— Տնեցիները հիմար հարցեր չեն տալիս: Նրանք կարդում են մի շատ կարևոր գիրք:
— Ի՞նչ գիրք:
— Քրեական օրենսգիրք:
— Յախք արա: Էդպես ես անում էլի, որ ոչ ոք չի ուզում խանութդ մտնի:
ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գրող- երգիծաբան
2019թ.
About the Author
Next Story