Previous Story
ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ. «ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ ՀԱՎԱՍԱՐ Է ԱԶԳԻ ՀՈԳԵՎՈՐ ՍՈՒՎԵՐԵՆՈՒԹՅԱՆ»

…«Այսօրվա գրողները մտքերի տիրակալներ չեն:
Անցել են ոչ միայն Հյուգոյի ու Տոլստոյի, այլև Սարտրի ժամանակները:
Այսօրվա գիրքը, վեպ լինի, թե բանաստեղծությունների ժողովածու, չի դառնում հազարավոր մարդկանց կյանքի փարոս կամ ամեն օրվա ընկեր:
Մինչդեռ, — այդ մասին հիշող սերունդը դեռ կա, — լինում էին նաև գրողներ, որոնք ազգային առաջնորդներ էին դառնում:
Իսկ նոր դարի գլոբալ գրադարա՞նը, որը կոչվում է Ինտերնետ:
Ես համարձակվում եմ հույժ հետամնաց երևալ ու մասնավոր կարծիք հայտնել, որ մարդուս կյանքը հանճարեղորեն հեշտացնող Ինտերնետը պարզապես գիտելիք է և հաղորդակցություն, իսկ ՁԵՌՔԴ ՎԵՐՑՐԱԾ ԳԻՐՔԸ՝ ՀՈԳՈՒ ԼՈՒՍԱՐՁԱԿՈՂ ԿՅԱՆՔ»:
…«Աշխարհի այն տարօրինակ մասում, որը դեռ տասը տարի առաջ կոչվում էր Խորհրդային Միություն, գիրքն ալտերնատիվ էր, թեկուզև անուղղակի: Շուկշին կամ Սևակ, Տրիֆոնով կամ Աբրամով…
Բազմատիրաժ ամսագրեր, ձեռքից ձեռք անցնող «Նովի միր» և դասականների բաժանորդագրության հերթեր՝ վաղ առավոտվանից, «Նաիրի» կինոթատրոնի դիմաց:
Ի՞նչ է հիմա այդ նշանավոր գրախանութի տեղում, չեմ հիշում, թեև շաբաթվա մեջ մի քանի անգամ անցնում եմ այդ գրաճանաչ մայթով:
«ԿԱՐԴԱԼԸ ԱՊՐԵԼՈՒՑ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է» — ութսունականների արդեն մոռացված կատակը:
Իհարկե, նախ ապրելը պետք է լինի կարդալու չափ հետաքրքիր, բայց գիրքը, ինչ խոսք, զուգահեռ կյանք է:
Մենք ապրել ենք այն ժամանակներում, երբ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ ԷՐ ՊԱՌԼԱՄԵՆՏԻՆ: ԵՐԲ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ ՀԱՎԱՍԱՐ ԷՐ ԱԶԳԻ ՀՈԳԵՎՈՐ ՍՈՒՎԵՐԵՆՈՒԹՅԱՆ»:
ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ
«Գնացքներ և կայարաններ», Երևան, «Վան Արյան», 2001 թ,
էջ 85, 86