Previous Story
ՏԵՍԻԼՔ
Դավաճանները հույսեր են թաղում,
Հող տալով լուծում գոյատևման հարց,
Ազգ ու հայրենիք թշնամուն ծախում՝
Սրբությունները ուրացած անդարձ…
Սրտիս խուլ ցավից իմ միտքն է պաղում`
Գուժելով երկրիս խավարն հեղակարծ,
Նեղում են խոսքս, արցունքս՝ դաղում
Ուղեղ հալեցնող ստեր նորարծարծ…
Էլ չեմ դիմանում այս մեծ կորստին,
Խաբեությանն այս լիրբ ու ակնառու,
Հին մղձավանջն է զարթնել վերստին,
Նուռն առած բուռս՝ վազում եմ հեռու,
Վազում եմ դեպի գոյի առեղծված
Ազատ լեռներն ու դաշտերը արձակ,
Դեպ հայրենիքն իմ, որ դեռ չի պղծված,
Որտեղ ապրել եմ, կապրեմ համարձակ…
Արյուն է չռռում ոտքերիս տակից,
Մրմռում են հին վերքերս բացված,
Իսկ ես վազում եմ երկրով բախտակից՝
Ցասմամբ եռալով, վրեժով լցված…
Սրտիցս կապած կամուրջներն հույսի՝
Ապաքինում եմ սրտերը խոցված,
Բացում եմ անհայտ երկնային լույսի,
Հույսի դռները՝ մեր առաջ գոցված…
Զմայլված, ապշած ահեղ տեսիլքից՝
Գոհացած Աստծո սքանչելիքից,
Փառաբանեցին բառերս լռած՝
Իմ հոգուց դեպի երկինք կարկառած
Հայոց լեռներն ու նահատակներին՝
Ազգիս պահապան հրեշտակներին,
Որ գաղափարի գագաթն են փառաց
Եվ միշտ օրհնում են երկիրն հայրենյաց…
ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ
About the Author
Next Story