Previous Story
ԵՐԿՈՒ ՀԱՅԻ ՄԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ
(Երկու դարձվածք՝ մի ասացվածք կաղապարով)
— Այ ախպեր, Էս մարդը խելքը թռցրել է աշխարհով մեկ:
— Բանիդ կա՜ց, սա թաց տեղ պառկող չէ` ջրից չոր դուրս կգա:
— Ի՜նչ ասեմ՝ աղ ու հացը ուրացավ, անաղուհաց քրդի շուն դարձավ:
— Ասեղը պարկում չես պահի` նա, մեկ է, ջրի երես է դուրս գալու:
— Այ ցավդ տանեմ, սա դարմանի տակի ջուր է՝ հույս չդնես վրան:
— Հա՛, սրա երեսին ամոթ-աբուռ չկա, թուք ու մուր կա:
— Տո սրա երեսն է գոմշի կաշի, ինչքան թքես՝ չի մաշի:
— Սա էրկու մսուրից է ուտում, բայց էլի էն էշն է:
— Բայց ասեմ՝ էրկու դռան հաչողը մի քոռ կոպեկ չարժի:
— Գիտեմ՝ կաղ էշով քարավան մտավ, սկսեց էշ-էշ դուրս տալ:
— Էլ մի՛ ասա՝ խոսքը ջուրը գցեց, ձենը՝ գլուխը:
— Ասում էի՝ ծոցումդ օձ տաքացնես` ծուխը քթիցդ դուրս կգա:
— Սրան թվում է, որ մեկի հետևը մտավ՝ աչքն էլ կմտնի:
— Էդպես է, սա ոչ խելք ունի, ոչ՝ մեղք, բայց փորացավ ունի:
— Ախպեր ջան, Էս խմորը դեռ շատ ջուր կվերցնի, դու քո ծառը ջրի:
Վաչագան Ա. Սարգսյան
About the Author
Next Story