Previous Story
ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ. Հայաստանն այսօր … զինվորն է
Հայաստանն այսօր … զինվորն է: Որովհետև ոչ մեկիս խոսքը չի կարող հավասար լինել նրա տիտանական ջանքին ու տառապանքին: Նաև հոգեկան ուժին, նվիրումին ու արյանը:
Իզուր չեն ասել, որ երբ որոտում են թնդանոթները, մուսաները լռում են: Ի վերջո, նախ պատերազմ, հետո Տոլստոյ: Հակառակը, մեծավ մասամբ, չի լինում: Կամ նույնիսկ եթե պատահում է, ապա ամենևին էլ ո՛չ Տոլստոյ:
Սակայն ո՞վ չգիտի, որ Հայաստանը նաև Թումանյանն է: Ինչպես ևՀայոց երգը, եկեղեցիների անլռելի զանգահարությունը՝ Սարդարապատի ճակատագրական կռվի օրերին, Սարյանը, Քոչարի ՛՛Սասունցի Դավիթն՛՛ ու Փելեշյանի ՛՛Մենքը՛՛:
Այո, ազգային խտացված կենսափորձի ժայթքումներ: Այո, նաև թիկունքի անդուլ ու համառ աշխատանք: Այո, ոգևորող բառեր:
Բայց Խոսքն ավելին է բառերից, նույնիսկ ամենաազնիվ ու անկեղծ: Խոսքը երկիր է կառուցում: Կերպար տալիս Ժամանակին:
Այդ օրը դեռ կգա: Բայց դրա հետ մեկտեղ, ավելի ճիշտ՝ դրանից առաջ, պետք է որ բյուրեղանա այդպիսի խոսքի գիտակցությունը: Խոսք, որը չի մանրվում առօրյա կրքերի ու փրփուրների մեջ: Որովհետև Հայրենիքի աղ դարձած զինվորը չափելու է այդ խոսքը իր ծանր փորձառությամբ: Ի վերջո, նա դրել է իր միակ կյանքը Հայոց Տանը տեր
կանգնելու նժարներին:
Հայոց տուն: Գուցե այս տեսլակա՞նը դառնա սպասվող ժամանակի մեջ ինքնակազմակերպվելու կողմնացույց:
Հ. Գ. Այս գրառումը հրապարակվել է ուղիղ մեկ տարի առաջ, հենց այս օրով՝ տվյալ մթնոլորտի մեջ: Բայց ենթադրում եմ, որ զուտ օրացույցային չէ:
25 հոկտեմբերի, 2021 թ.
՛ՁԵՌՔՈՎ ԳՐՎԱԾ ՆԱՄԱԿՆԵՐ՛՛
About the Author
Next Story