Previous Story
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՐՆԴԵԶ
Ողջ ճամփին կրակներ էին վառվում, ու բոլորը թռնում էին: Ծուխումուխը բռնել էր աշխարհը: Ոմանք վարժ էին թռնում, ոմանք՝ անվարժ: Շատերը թռիչք բարձրություն էին թռնում, շատերն էլ՝ թռիչք երկարություն: Մեջները կային նույնիսկ այնպիսիք, որ թռիչք լայնություն էին թռնում: Պատահում էր նաև, որ ճիշտ չէին թռնում, ընկնում էին կրակի մեջ, ու ճենճահոտ էր տարածվում:
Կրակներից մեկը շատ թեժ էր: Դրանից թունավոր ծուխ էր բարձրանում ու ապականում շրջակայքը: Թռնողի դեմքը ձանձրալիորեն ծանոթ էր: Բայց ինչ վարժ էր թռնում: Թռնում էր, ծխերի մեջ թախլա էր տալիս, իջնում ու նորից թռնում: Համ թռնելուց էր սելֆի անում, համ թախլա տալուց: Ամեն թռնելուց թվում էր, թե հիմա կընկնի կրակի մեջ, բայց վարպետորեն իջնում էր մի ապահով տեղ ու նորից թռնում: Երբ նրա թռնել-իջնելուց գլուխս պտտվեց, մոտեցա ու թևը բռնեցի.
— Հլը մի թռի:
— Ի՞նչ կա:
— Էս ի՞նչ ես վառել, որ ծուխը խեղդում ա:
— Կամուրջները:
— Ինչո՞ւ ես կամուրջները վառել:
— Երբ կամուրջները վառում ես, միշտ ջրի երեսին ես մնում, համ էլ շառուփորձանքից ես հեռու մնում:
— Վաղո՞ւց ես կամուրջ վառում:
— Քսան տարուց ավելի:
— Բա որ մի օր ուզենաս հետ դառնալ, ո՞նց ես անելու:
— Հետ դառնալու համար կամուրջ պետք չի:
— Այսի՞նքն:
— Երբ կամուրջները վառելով առաջ ես գնում՝ վերջում հասնում ես նույն տեղը:
— Էդ որ վառում ես…
— Սպասի հլը, ոնց որ Տեառն ընդ առաջ ա գալիս:
— Ինչ ա գալի՞ս:
— Շեֆը մոտենում ա: Հարցդ չմոռանաս, մի երկու անգամ թռնեմ, թախլա տամ ու գամ:
ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գրող- երգիծաբան
2020թ.
About the Author
Next Story