ՌՈՒԲԵՆ ԿՈՍԵՄՅԱՆ՝ ԱԶԳԱՅԻՆՆ ՈՒ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆԸ ՄԻԱՍԻՆ ԲԱՐՁՐԱՑՆՈՂ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ
«Մեր մշակույթը և նրա բազմաճյուղ նվաճումները, որ դժվարին ժամանակներում ձեռք ենք բերել և կուտակել ենք, միայն պատմության սեփականությունը չեն, այլ մեր գոյության, մեր էության հիմքն են, առանց որի ազգը չի կարող լինել»:
Խորեն Պալյան
Հայ հոգևոր երաժշտության գիտակ և պահապան, մանկավարժ, շարականագետ, մեր միջնադարյան հոգևոր ժառանգության նվիրյալի համար այս գաղափարը եղել է կյանքի բանաձև:
Իսկ յուրաքանչյուր արվեստագետ, ասես, այն ոսկե բանալին է, ում միջոցով աշխարհն իր համար բացում է քաղաքակրթության ևս մի դուռ՝ կատարյալին ևս մի քայլով մոտենալու համար: Ու ամեն արվեստագետ նաև ինքն է այն միջնորդը, ում շնորհիվ աշխարհը ճանաչում է իր ազգին:
Կանադայում երկար տարիներ բնակվող հայտնի ջութակահար, մենակատար, մանկավարժ Ռուբեն Կոսեմյանի անունը հայտնի է Ռուսաստանում, Եվրոպայում, աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Վրաստանից, Իրանից մինչև Մեքսիկա, Թայվան, Մալազիա…Հանդես է գալիս որպես մենակատար տարբեր նվագախմբերի հետ՝ Կանադայում և աշխարհի բազմաթիվ երկրներում: Եվ որտեղ էլ ստեղծագործում է Ռուբեն Կոսեմյան –արվեստագետը , բարձրացնում է հայ մշակույթը՝ մեր քաղաքակրթական ժառանգությունը: Ռուբեն Կոսեմյանը տարբեր երկրներում թողարկել է արժեքավոր ձայնասկավառակներ, եվրոպացի, ռուս հռչակավոր կոմպոզիտորների ստեղծագործությունների կողքին իր կատարմամբ հնչում են հայ կոմպոզիտորների գործերը, որոնք արվեստագետի մեկնաբանությամբ աշխարհին ու գալիք սերունդներին հասցնելու են նաև հայ քաղաքակրթության լույսը՝ որպես համամարդկաին արժեք:
— Ազգային ակունքները բազմաթիվ պայմաններից մեկն է ստեղծագործությունը համամարդկային շարքին դասելու համար, -ինձ հետ զրույցներից մեկի ժամանակ ասել է երաժիշտը: Ու սա Ռուբեն Կոսեմյանի ստեղծագործական կյանքի բանաձևերից է:
Նշենք, որ Ռուբեն Կոսեմյանն իր ստեղծագործական կյանքի ուղին սկսել է 9 տարեկանից՝ ելույթներ ունենալով միջազգային հեղինակավոր բեմերում: Չորս տարեկանից երաժշտության առաջին դասերն առնել է հորից՝ ալտահար, մենակատար, անսամբլիստ, սիմֆոնիկ նվագախմբերի կոնցերտմեյստեր, մանկավարժ, ՀՀ Վաստակավոր արտիստ Ալեքսանդր Կոսեմյանից. նա եղել է Կոմիտասի անվան Լարային Քառյակի ալտահարը (1990 թվականից):
Ալեքսանդր Կոսեմյանն իր ավանդն է բերել միջնադարյան հայ հոգևոր երաժշտությունը վեր հանելու, փոխադրելու նվիրական գործում (նրա ձայնագրությունները մտել են Հայաստանի պետական ռադիոյի Ոսկե ֆոնդի մեջ):
Երաժշտական աշխարհում նրան իմաստուն ու ազնվական ալտ են անվանում. արվեստագետ, ով սրբազան երկյուղածությամբ է մոտենում հայ մշակութի գանձերին: Ռուբեն Կոսեմյանը հայրիկից ստացավ նաև մեր ազգային մշակույթը գնահատելու առաջին դասերը: Դրա վկայությունն են հայ մշակույթը պահպանելու և աշխարհով մեկ տարածելու նպատակին ուղղված իր ջանքերը: Հեղինակել է բազմաթիվ ձայնասկավառակներ, որտեղ ի թիվս եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործությունների՝ միջազգային ունկնդրին է ներկայացնում հայ մշակույթի անգին մարգարիտները…
Ռուբեն Կոսեմյանն իր ստեղծագոծական կյանքի ընթացքում կատարել է տարբեր դարաշրջանների կոմպոզիտորների 72 փոխադրություններ՝ սկսած Սկարլատտիից մինչև Գերշվին , մինչև Առնո Բաբաջանյան…:
…Արվեստագետի համար այս տարին ևս անցնում է ստեղծագործական նոր որոնումների մեջ: Ռուբեն Կոսեմյանն Իսպանիայում լույս է ընծայել նոր ձայնասկավառակ, որտեղ տեղ են գտել Բրամսի ստեղծագործությունները: Առաջիկայում տպագրվելու են նաև Ս. Պրոկոֆևի վեց պիեսները՝ Ռուբեն Կոսեմյանի փոխադրությամբ, որի աշխատանքներն իրականացնելու ընթացքում հետաքրքիր համագործակցություն է ունեցել կոմպոզիտորի թոռան հետ:
Ռուբեն Կոսեմյանի հետ զրուցել ենք նրա վերջին աշխատանքների, ինչպես նաև առաջիկա ծրագրերի մասին:
-Հարգելի Մաեստրո, Դուք բազմաթիվ ձայնասկավառակներ եք թողարկել, որոնցում , կարելի է ասել, ներդրել եք մի սկզբունք ու գաղափար, որ համաշխարհային երաժշտության նմուշների կողքին պետք է ներկայացնել հայ կոմպոզիտորների գործերը` մեր մշակութային ժառանգությունը։ Ու հենց այդպիսին էլ դրանց բովանդակությունն է։ Ձեր դիտարկումներով, օտարներն ինչպիսի՞ աշխարհ են իրենց համար բացահայտում հայ մշակույթին հաղորդակցվելով։
-Օտարերկրյա հանդիսատեսը միշտ մեծ հետաքրքրությամբ և բարձր գնահատանքով է ընդունում հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, նշելով առաջին հերթին վառ արտահայտված ազգային մոտիվները և երանգները, որոնք առկա են բոլոր հայ դասական կոմպոզիտորների գործերում։
-Դուք վերջերս թողարկել եք հերթական ձայնասկավառակը, որը լույս է ընծայվել Իսպանիայում։ Ի՞նչ ստեղծագործություններ են այնտեղ տեղ գտել։Կուզեի խոսեք այս մասին։
-Նոր ձայնասկավառակի մեջ ընդգրկված են Յ. Բրամսի ջութակի 3 Սոնատներ և Սկերցոն, որը սկզբնականում գրվել էր որպես ջութակի սոնատի 3-րդ մասը։ Այդ սոնատը 3 կոմպոզիտորի՝ Շումանի, Բրամսի և Դիտրիխի ընդհանուր գաղափարն էր, նվիրված հայտնի ջութակահար Յ. Յոահիմին, որտեղ Դիտրիխը 1-ին մասի հեղինակն է, Շումանի գրչին պատկանում են 2-րդ և 4-րդ մասերը, իսկ Բրամսին՝ 3-րդ մասը։
-Գիտենք, որ վերջերս կատարել եք ռուս կոմպոզիտոր Սերգեյ Պրոկոֆևի վեց ստեղծագործությունների փոխադրություն, որոնք շուտով լույս են տեսնելու Սանկտ-Պետերբուրգում։ Ու նաև այս ընթացքում համագործակցել եք կոմպոզիտորի թոռան հետ։ Ինչպե՞ս սկսվեց այս համագործակցությունը։ Եվ ի՞նչ նոր գաղափարներ ու ծրագրեր ծնվեցին այդ ստեղծագործական պահերի ընթացքում, որոնց գուցե պիտի սպասենք առաջիկայում։
-Ս. Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետից 6 համարների փոխադրությունը ջութակի և դաշնամուրի համար մեծ աշխատանք և առանձնահատուկ լուծումներ պահանջեց։ Ընթացքում կապ ստեղծվեց Ս. Պրոկոֆևի արտերկրում բնակվող ժառանգների հետ, մասնավորապես՝ կոմպոզիտոր Գաբրիէլ Պրոկոֆևի հետ։ Նա իր հավանությունն է տվել փոխադրությանը, նշելով, որ այն հետաքրքիր և չափազանց գրագետ է արված, հետաքրքրվել է նաև, թե ինչպես են ընտրվել դրվագները և ինչպիսին է փոխադրության հիմնական գաղափարը։ Համոզված եմ, այս համագործակցությունը ապագայում կընդլայնվի։
-Հարգելի Մաեստրո, տարիների ընթացքում Դուք կատարել եք տարբեր դարաշրջաններում ապրած, տարբեր ուղղությունների ներկայացոիցիչ կոմպոզիտորների 72 ստեղծագործությունների փոխադրություններ` Սկարլատտիից սկսած մինչև Գերշվին, հայ կոմպոզիտորների գործեր` Առնո Բաբաջանյան։ Նայելով Ձեր կատարած այս հսկայածավալ աշխատանքին, կարող ենք ասել, ստեղծվել է քաղաքակրթությունների ու դարաշրջանների յուրօրինակ երկխոսություն։ Ի՞նչ առանձնահատուկ մոտեցումներ են պահանջվել յուրաքանչյուր կոմպոզիտորի ստեղծագործությանը մոտենալիս։
-Յուրաքանչյուր կոմպոզիտորի գործ փոխադրելիս, բացի այն, որ հաշվի է առնվում տվյալ կոմպոզիտորի ոճը, այսինքն ձգտում եմ չհեռանալ օրիգինալից, նաև գործիքային խնդիրներ է հարկավոր լուծել։ Օրինակ՝ ջութակն էլ, դաշնամուրն էլ իր սպեսիֆիկ խնդիրներն ունեն, այս դեպքում հարկավոր է գրագետ, պրոֆեսիոնալ լուծումներ գտնել։
-Կարծում եմ, շատ կարևոր կլինի, որ Ձեր կատարած փոխադրությունների նոտագրությունները երբևէ լույս տեսնեն `մի մեծ գրքի տեսքով։ Կա՞ նման ծրագիր։ Կամ գուցե համերգաշար լինի, որտեղ տարբեր խմբերի ու երաժիշտների հետ համատեղ կհնչեցնեք այդ բոլոր գործերը։
-Այո, ուզում ենք ոչ միայն Հայաստանում դա իրագործել։
Ապագայում մտածում ենք կատարել այս գործերը, կան նաև հետաքրքիր երաժիշտներ ուրիշ երկրներում, որոնք ցանկություն են հայտնել իմ փոխադրությունները կատարել ։
-Ի՞նչ նոր ծրագրեր կան առաջիկայում։ Ինչպիսի ՞ երաժշտական անակնկալներ սպասի արվեստասերը` լինի Հայաստանում, թե արտերկրում։
-Առաջիկա պլաններում է ձայնագրել իսպանական կոմպոզիտորների՝ Սարասատեի, Դե Ֆալիայի ստեղծագործությունները։
…Ռուբեն Կոսեմյան-արվեստագետը շարունակում է ստեղծագործել՝ աշխարհի բեմերում, ամենուր բարձրացնելով մեր ազգի գանձերը՝ մեր քաղաքակրթության ակունքներից եկող երաժշտությունը: Եվ օտար հանդիսատեսը բացահայտում է, որ Մոցարտի, Բախի, Հենդելի և մյուս համաշխարհային հսկաների կողքին կա նաև Կոմիտասը, Խաչատրյանը …Եվ նրանք ևս համաշխարհային մշակույթի գանձեր են… Իսկ երբ բեմում է անվանի ջութակահար Ռուբեն Կոսեմյանը՝ իր ներդաշնակ ու բարձրաճաշակ կազմած ծրագրով, ուրեմն հանդիսատեսը՝ հայ, թե օտար, արդեն գիտի, որ ունկնդիրն է դառնալու քաղաքակրթությունների հետաքրքիր երկխոսության: Ռուբեն Կոսեմյանն իր ստեղծագործական կյանքի բերումով գրեթե մշտապես լինում է օտար երկրում, բայց՝ ապրում է Հայաստանում՝ բառի բուն իմաստով: Նա հաճախ է լինում Հայրենիքում, որպեսզի ամեն ջանք ներդնի արվեստի մեծ աշխարհ ոտք դնող հայ երեխաներին օգտակար լինելու, նրանց վարպետության դասեր տալու համար: Հայտնաբերում է տաղանդավոր երեխաներին, որոնց շարքերում վստահաբար լինելու են մեր վաղվա մեծ անունները:
Ռուբեն Կոսեմյան-արվեստագետն ու մանկավարժը Հայաստանում եղած ժամանակ հաճախ է հանդիպում նաև արվեստի տարբեր բուհերի ուսանողների հետ, ծնվում են օգտակար զրույցներ, որոնք կյանքում նրանց օգնելու են բացահայտելու Մարդ-արարածին ու աշխարհը: Հենց այդ հանդիպում-զրույցներից մեկը տեղի է ունեցել Փանոս Թերլեզմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: Ապագա նկարիչները զրույցի ընթացքում որսացել են Մաեստրոյի կերպարը և յուրաքանչյուրը նրա դիմանկարը պատկերել է յուրովի…Եվ ծնվել է այս հետաքրքիր պատկերաշարը, որտեղ Ռուբեն Կոսեմյան-արվեստագետի ստեղծագործական կյանքի դրվագներ են, որտեղ նորովի ենք բացահայտում նրա կերպարը: Կարո՞ղ եք պատկերացնել մի, օրինակ, իրավիճակ , երբ աշխարհի մեծ բեմերը, գրեթե բոլոր մայրցամաքներում խստապահանջ օտար հանդիսատեսի սրտերը նվաճած երաժիշտը պատրաստվում է համերգ տալ մի դպրոցի դահլիճում, բայց ինչ-որ հանգամանքների բերումով դահլիճում ներկա է միայն մեկ հոգի…Դժվար է պատկերացնելը, բայց եղել է նման դրվագ: Եվ միայն վեհ հոգիներին է հատուկ այդ մեկ հոգի հանդիսատեսի հանդեպ ունենալ խոր հարգանք ու այդ մեկ հոգու համար նվագել ամբողջ համերգային ծրագիրը: Այսպիսին է Ռուբեն Կոսեմյան-Արվեստագետն ու Մարդը, ով գիտի տեսնել ու վեր հանել այդ մեկ մարդու հոգում գոյություն ունեցող տիեզերքը…
—Ամեն գործ պետք է հասցնել լավագույն կատարողական վիճակին,-ասում է տոհմիկ երաժիշտը և շարունակում է ծառայել վեհագույն արվեստներից մեկին՝ Երաժշտությանը՝ իր ամենակարևոր նպատակներից մեկը համարելով հայ մշակույթի գանձերը աշխարհին ճանաչելի դարձնելը…
ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ