Previous Story
Պատերազմի մեջ ծաղիկներ են աճում…

Ես սկսեցի է´լ ավելի սիրել կյանքը,
Երբ հայտնվեցի պատերազմի գրկում,
Եվ թրթռացող սրտիս վրա
Ամբողջ ապրածս օրերը
Տեսաժապավենի վրա
Մատուցվեցին աչքերիս…
Պատերազմի մեջ
Օվկիանոսներ են ցամաքում,
Եվ ցամաքի մեջ
Արցունքների օվկիանոսներ են գոյանում…
Ես սկսեցի է´լ ավելի ատել կյանքը,
Երբ հանդիպեցի նորագարուն կյանքերի
Մահախուճապ հայացքներին,
Եվ արհեստականորեն
Թմրեցրի գիտակցությունս,
Որ ավելի չմասնատվի
Բացմիցս մասնատված հոգիս…
Պատերազմի մեջ
Մանուկների ճիչեր են լռում,
Եվ ճիչեր են ծնվում մանուկների…
Ես սկսեցի է´լ ավելի պայքարել
Խաղաղության համար
Եվ հոգիս նվիրեցի Երկնքին,
Աչքերս` Հողին,
Սիրտս` Հայրենիքին…
Պատերազմի մեջ՝
Փամփուշտների վրա,
Ծաղիկներ են աճում…
Ես սկսեցի է´լ ավելի երկրպագել Մայրերին,
Եվ ձգտում եմ հասցնել Նրանց` երազիս`
Հերոս Տղաներից մեկի պատգամը.
-Թո´ղ, որ աշխարհի Մայրերը բոլոր
Այսուհետ իրենց դստրերին, որդոց
Սպասեն հավատով, սպասեն հույսի մեջ.
Թո´ղ Նրանց փնտրեն միմիայն մի տեղ.
ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ մեջ…
Այո´, Նրանց մեջ, ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ…
-Ես շուտով կգամ, միայն հավատա,
Կվերածնվեմ, քո գիրկը կգամ…
Միայն` հավատա´ ու սպասի´ր ինձ, ՄԱ´Մ…
Բորիկ Բաղդասարյան