Previous Story
ՊԱՀՈՑ ՕՐԵՐԻ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
Posted On 05 Մրտ 2024
Comment: 0
Անտերունչ սերունդ, թափուրվող երկիր,
Շիրիմաթմբեր՝ մատաղված մանկանց,
Ով որ հավաստեց, թե հրաժարիմք,
Մերկացավ շուտով իր ագահությամբ։
Մինչ պատարագում դեմքն արևմուտքին՝
Ամբոխը խոկաց՝ ձայնը մեկ արած,
Թե խույս պիտի տա որոգայթներից
Եվ կուլ չգնա գայթակղության։
Ուխտավորների շարքում մեկն էի,
Առվույտը հոգուս որ քաղհանեցի,
Սիրո թույրն աչքիս՝ չնկատեցի
Կեղծությունը այն քահանայողի։
Սաղմոսերգության թուրմով արբեցի
Եվ հորդորների ուղղամիտ հնչմամբ,
Բայց վկաները անդ լռում էին,
Կոչվածներն էին այնտեղ բացակա։
Ինչպե՞ս հավատալ բեմը բարձրացած
Այն քարոզողին, որ անթարթ ստեց,
Երդմնակալած սքեմավորին,
Որ անհավատ է և արծաթասեր։
Դաշտերը հիմա որոմնախեղդ են,
Պարապ ու անհերկ, և հացն է պակաս,
Բեմերին փակված վարագույրներ են,
Ժամ է սահմանված մեծ սգո համար։
Ավարտին կգա՞ն նոր հետևորդներ
Նրան, որ խաչվեց, հետո համբարձվեց․․․
Հավատը գարնան բողբոջի պես է,
Պիտի գուրգուրամ մինչ տաքերի ելք․․․
Մարտ 2, 2024
Հասմիկ Սարգսյան