«Հենց առաջին փորձով պատրաստի հաղորդավար է՝ ինքնավստահ, հավատ ներշնչող ձայնով». ԳԱՅԱՆԵ ՓԱՅՏՅԱՆ
Ափսո~ս… Հարազատի կորստյան ցավ ապրեցի… Ակամա հիշեցի, թե Գայանեն ոնց ոտք դրեց հեռուստատեսություն: 1990-ականների սկիզբն էր: «Լրաբեր»-ի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Իսկանդարյանը կանչեց և «Ժամանակաչափ»-ի արագությամբ ասաց. «Լրագրող Գայանե Փայտյանը ուզում է հաղորդավար աշխատել: Եթերի պատասխանատու խմբագիրն ես ու հերթապահը, ռեժիսոր Ժորիկի հետ տարեք ստուդիա, ստուգեք՝ կարո՞ղ է աշխատել: Զանգեք, ինձ տեղյակ պահեք»:
Ստուդիայում հուշարար սարքի վրա մի տեքստ դրեցի, բացատրեցի օգտվելու ձևը և զգուշացրի, որ հնարավոր դադարի դեպքում նա չպետք է շփոթվի, այլ տեքստը մոտավորապես պիտի բանավոր շարունակի, մինչև շտկվի տեխնիկական դադարը: Կարդում էր վստահ: Հանկարծ ես սարքը անակնկալ անջատեցի: Նա շատ հանգիստ շարունակեց, ավարտից հետո
ժպտաց: Հիացել էինք: Նույն պահին զանգահարեցի գլխավոր խմբագրին՝ «Հենց առաջին փորձով պատրաստի հաղորդավար է՝ ինքնավստահ, հավատ ներշնչող ձայնով: Անպայման վերցնենք, հենց վաղվանից վստահենք ժամը 5-ի առաջին կենդանի լրատվությունը, իսկ մի քանի օր անց՝ հիմնական և կեսգիշերային «Լրաբեր»-ը”:
Տխուր օրեր էին: Երբ մի քիչ հիվանդ էր լինում՝ եթերը փակելիս Գայանեն հումորախառը հրաժեշտ էր տալիս՝ «Սիրելի հեռուստադիտողներ, ես ձեզ առողջություն եմ մաղթում»: Երբ փակում էինք գիշերային եթերը՝ հերթապահ մեքենայով կեսգիշերն անց անձնակազմին ուղեկցում էի իրենց տները՝փողոցները մութ էին, միայն սոված շներն էին ձմռանը թափառում ձնաբքերի մեջ: Գայանենց մուտքի շներն արդեն ճանաչում էին ինձ: Բարձրանում էի տուն՝ «Մելան ջան, էս էլ քո Գայանեն»: Ճանապարհին մեքենայում մի երկու ժամ անեկդոտներ էինք պատմում: «Վրեժ ջան, մի անեկդոտ էլ Մելանին պատմիր ու գնա»,- հրաժեշտին ասում էր Գայանեն:
Գայուշ ջան, կեսգիշերային անեկդոտի փոխարեն քեզ հրաժեշտի խոսք եմ ցավով ու ափսոսանքով գրում և վերապրում այն տխուր տարիների մեր նշխար ուրախությունները… Արդեն հուշերում ես ապրում, իսկ քո եթերը երկար ժամանակ որբության տխուր ցավերը կապրի:
Ափսո~ս…
Վրեժ Սարուխանյան
Գրող, հրապարակախոս