Previous Story
ԱՐՈՒՍ ՍՈՒՐԵՆ. Մեռել են տերերը, տերերը՝ չկան
***
Մեռել են տերերը, տերերը՝ չկան,
խեղել են տերերը ներկան, ապագան,
ծախել են տերերը տուն ու հայրենիք,
շուրջը ամբոխ է՝ ցնոր, վայրենի:
Հողաթմբերից ծուխն է համբառնում՝
մե՛նք ենք մեռելը, թաղել ենք նրանց,
մենք մեր ձեռքերից ենք արդեն վախենում՝
արյան, մեղքի մեջ անհույս թաթախված:
Ապրելը ծանր է, երանի՜ նրանց,
որ վայրագության չափը չտեսան,
թշնամին մեր մեջ է, թշնամին՝ անսանձ
արդեն անհնար է հավատին անսալ:
Հողին պահ տվինք սրտերը մեր թանկ՝
անբիծ ու մաքուր, քաջ ու անխորտակ ,
մենք մեր գորշությամբ դեռ ապրում ենք, կանք,
մեր անո՜ւշ տղերք՝ անմար հիշատակ:
Զազիր է շուրջը, ցուրտ է ու ձմեռ,
մեր ներսն ու դուրսը խառնել ենք իրար,
արդեն չի լինում գիշերը քնել,
ցավից տնքում ենք ու չկա հնար:
Գիտեմ, որ թույլ եմ, տկար եմ հիմա,
թողեք լաց լինեմ ու ողբամ մի քիչ,
ձեր ծնողների ու կանանց համար
դեռ պիտի ժպտանք, զորանանք քիչ-քիչ:
Ձեր մանուկներին հազար կյանք ենք պարտք,
ինչքան չապրեցիք՝ նրանք թող ապրեն,
դեռ փարվում ենք ձեր աճյուններին տաք,
որ ցավի միջից հաղթական հառնենք:
ԱՐՈՒՍ ՍՈՒՐԵՆ
About the Author
Next Story