Դավիթ Վանյան. ԲԺԻՇԿԸ
—Այ մարդ, բա Նոր տարուց առաջ ջուրը կկտրե՞ն,— Շրջափակված Արցախի մասին երազ տեղափոխված խառը նորություններից, սառը քրտինքի մեջ, ինքն իրեն հարցնում, ինքն իր հետ խոսում էր, սովորականից վաղ արթնացած բժիշկը։ Դեկտեմբերի երեսունմեկի առավոտն էր։
—Միայն մի դեպքում Նոր տարին իմաստ կունենար, եթե, մի հրաշքով Արցախի ճանապարհը բացվեր,— մտածեց նա, ու, որպեսզի կնոջն ու աղջկան չարթնացնի քնից, արագ-արագ իջավ առաջին հարկ, մի դույլ դրեց բարակող ծորակի տակ, ու մինչև այն կլցվեր, սկսեց պատրաստել մնացած դատարկ տարաները։ Բայց սիրտը բարակել էր։ Վերջին տարիների իրերի ընթացքը հուշում էր, որ միակ հաստատուն բանը վատ նորությունն է, և այն, պետություն կոչվածի բոլոր ճեղքերից հոսում, խեղդամահ է անում մարդկանց։ Հարկավոր էր մաքրել դույլերը, բայց ջրի շիթը գնալով նվաղում էր, իսկ բժիշկը մտքերով մերթ՝ Արցախի հիվանդանոցներում էր, մերթ՝ իր հիշողության արխիվներում, ու մտածումներով տարված, մեքենայաբար փոխում էր դույլերը։
—Էս ի՞նչ արեցինք այ մարդ, էս ի՞նչ պետություն կառուցեցինք, անունն էլ դրեցինք Անկախ Հայաստան։ Բա երեսուն տարվա մեջ մարդ մի խելացի ղեկավար չունենա՞ր։ Բա չկոտրվե՞ն էն ձեռքերը, որ հերթով, մեկին՝ փողով, մեկին՝ առանց փող, գնացել ու ընտրել են սրանց։ Չէ՜։ Էս է, յոթ ու կես տասնամյակ ապրում եմ էս աշխարհում ու չեմ դադարում զարմանալ մարդկանցից։ Բայց էս մեկը, էս մեկը, էս վերջինը․․․ Սա մեր ամոթն էր։ Մարդ էլ վերցնի ու հրաժարվի իր սուրբ հողի՞ց։ Բա մենք Արցախով պետություն դառնանք, իսկ դու Արցախից հրաժարվե՞ս։ Կամ, էս ի՞նչ սերունդ դաստիարակեցինք, որ մի տեղ ցավ է, նահատակ է ու կորուստ, մի տեղ ամենօրյա քեֆ ու ուրախություն։ Բա ափսոս չե՞ն այդ հերոս տղերքը․․․
Ջուրը կտրելու վրա էր արդեն։ Երեք դույլ լցվել էին։ Բժիշկը մի քանի կտոր փայտ վերցրեց, մի կողմ դրեց, որպեսզի հետո բարձրացնի։ Աչքի առաջ եկան առաջին պատերազմի դեպքերը, երբ ինքն էլ էր զինվորագրվել, ու իր կռիվն էր տալիս սուրբ հաղթանակի համար, երբ, ամեն օր Արցախից հաղթական նորության սպասումով անձնազոհաբար մարտնչում էին Տավուշի սահմաններում։
—Ի՜նչ ժամանակներ էին,— մտածեց նա և պատասխանեց մտքում,— էպիկական։ Խորհրդային միության ոչ անկախ Հայաստանի դպրոցներում անկախության իսկական մարտիկներ էին դաստիարակվել, Ասկոլկաներ ու Ազգալդյաններ, իսկ մենք, որպես ծնող՝ դաստիարակեցինք սրանց, ովքեր, լավագույն տղերքին մատաղելով, եկել, թշնամուց խաղաղություն են մուրում։ Բայց չէ, ճիշտ չեմ ասում,—բժիշկը սկսեց բարձրաձայն խոսել ինքն իր հետ,— այսօրվա սերդի սխրանքը ավելի մեծ էր, վտանգն ավելի ահարկու, թշնամին մեկը չէր, մի քանիսն էին, բայց նրանց դավաճանեցին։ Հա։ Ապերախտաբար դավաճանեցին։ Ու հիմա, հարյուր քսան հազար մարդ գերության մեջ է, իսկ մայր Հայաստանում Նոր տարի՞։ Բա էսպես կլինի՞։
Ջուրը կտրվեց։ Բժիշկը փակեց ծորակը։ Անհանգստությունը փոթորկում էր նրա հոգին։ Բոլոր նրանք, ովքեր ճանաչում էին, գիտեին, որ նա աշխարհի ամենախոհեմ, ամենաազնվական մարդն է ու ամենաարհեստավարժ բժիշկն է եղել տարածաշրջանում։ Բայց հիմա մտքերը հողմապտույտի մեջ ալեկոծում էին հոգին։
—Ինչպե՞ս բացատրես հայ մարդուն, որ դու քո հույսը միայն քո վրա պիտի դնես, ու քո բանակի։ Որ պատերազմների ժամանակ գերտերությունների շահերը, երբեմն, համընկնում են։ Իսկ եթե ոչ, ապա, համընկնումների միակ մեխանիզմը մեր նման փոքր ազգերին ու պետություններին մանրադրամի տեղ վատնելն է։ Մեզանով իրար վճարելը։ Որ եթե մենք մեզ չհարգենք, հաղթանակներ չտանենք, ոչ մի դաշնակից էլ չենք ունենա։ Կամ ու՞մ բացատրես։ Չէ։ Բացատրելով չի։ Մի առաջնորդ լիներ, ամեն մեկին իր տեղը դներ, աշխարհի հայությանը միավորեր։ Է՜հ։ Թե չէ՝ հայաստանցի, երևանցի, արցախցի։ Ո՞վ կմտածեր, որ մեզ էսքան կբաժանեն։ Էս ի՜նչ ստոր ժամանակներ են, ու ինչքա՜ն շատ են մարդուկները։ Եւ ինչու՞ մեծեր ի հայտ չեն գալիս։ Կարծես մրջունները գրավել են անտառն էլ, կյանքն էլ։
Բժիշկը, ակամա, մարկեսին հիշեց ու նրա Մակոնդոն, հետո ծանր հոգոց հանեց, վերցրեց դույլերից մեկը, վառարանի համար առանձնացրած փայտն ու բաձրացավ երկրորդ հարկ։ Դուստրը արթնացել էր ու զարմացած նայում էր աստիճաններով բարձրացող հոր դեմքին։
—Պապ ջան, բարի առվոտ, էս ի՞նչ է եղել։
—Բարի առավոտ, բալիկ ջան։ Բան չի եղել։ Էս հիմարները ջուրը կտրել են։ Նոր տարվան ջու՞ր են կտրում,— պատասխանեց նա ու ցած դրեց ձեռքի դույլն ու փայտը,—ո՞նց ես քնել։ Հո ցուրտ չի՞ եղել։
—Պապ ջան, լավ եմ քնել։ Բայց մենք մեր տան կտուրին, արդեն քսան տարի ջրի բաք ունենք։ Դու միշտ հպարտանում ես, որ քո ձեռքերով ես տեղադրել։ Այնտեղ միշտ երկու տոննա ջուր կա։ Ուղղակի, պիտի ծորակը բացես։
—Վայ քո, արա,— ասաց բժիշկն ու վերջնականապես կոտրված նստեց խոհանոցի աթոռին,— բալիկ ջան, էս հիմարները խելք ե՞ն թողել, որ։ Էս ո՞նց եմ մոռացել։
ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ
9.01.2023թ