Կախովի այգի Հայաստանում
Աշխարհի ոչ մի քաղաքում այնքան շատ ու հռչակավոր այգիներ չեն եղել, որքան Վանում: Շամիրամ թագուհին այստեղ այնքան այգի է գցել ու ծառաստան տնկել, որ քաղաքը մի որոշ ժամանակ կոչվել է նրա անունով` Շամիրամակերտ: Ահա թե այդ մասին ինչ է գրում Քերթողահայր Մովսես Խորենացին. «Շինում է նաև չքնաղ և զարմանալու արժանի բաղնիքներ, համապատասխան քաղաքի դիրքին և պիտույքներին: Գետի մի մասը առուների բաժանելով` անց է կացնում քաղաքի միջով, ամեն տեսակ պիտույքների և բուրաստանների ու ծաղկոցների ոռոգման համար: Իսկ մյուս մասը անց է կացնում ծովակի աջ և ձախ ափերով` քաղաքի և բոլոր շրջակայքի ոռոգման համար: Քաղաքի բոլոր արևելյան, հյուսիսային և հարավային կողմերը զարդարում է դաստակերտներով, վարսակերտ սաղարթախիտ ծառերով` զանազանակերպ պտուղներով ու տերևներով, և այնտեղ տնկում է բազմաթիվ առատաբեր և գինեբեր այգիներ»:
Բայց չկարծեք, թե Հայոց աշխարհը խոպան էր և Շամիրամը եկավ ու բուրաստան դարձրեց: Մինչև ասորուհու գալը Վանում և Հայոց աշխարհի ուրիշ կողմերում հրաշագեղ ծառաստաններ ու փառահեղ այգիներ են եղել:
Հնօրյա զրույցն ասում է, որ Վան քաղաքի մոտ եղել կախովի այգի: Այն նման էր իրար վրա հենված տասներկու դարավանդի, որոնցից յուրաքանչյուրը վերևինի համեմատությամբ ավելի լայն էր:
Այդ այգում աճում էին ոչ միայն ցորենի խարտյաշ արտերը, այլև ամենահամեղ և ամենահոտավետ մրգերը: Աշնանը այգին նմանվում էր Վանա ծովակի ափին դրված մրգալեցուն մի վիթխարի կողովի:
Ասում են մինչև այդ աշխարհում ոչ մի կախովի այգի չի եղել: Շամիրամ թագուհին նվաճել է Հայասատանը և հրամայել իր վարպետներին, որ Վանի հայոց հրաշակերտ այգու նմանությամբ կախովի այգիներ պատրաստեն իր հայրենի Ասորեստանում:
Հույն պատմիչ Դիոդորոս Սիկիլիացին գրում է. «Շամիրամը Հայկական լեռներից մի քար կտրեց, երկարությունը 130 ոտնաչափ, իսկ լայնությունը և հաստությունը` 25: Նա զորքերի և եզների բազմաթիվ լծերով այդ քարը իջեցրեց դեպի գետը և այնտեղ բարձրացրեց լաստի վրա և դրանով հոսանքն ի վար բերելով մինչև Բաբելոնիա, այն կանգնեցրեց ամենաերևելի ճանապարհի կողքին, որպես զարմանալի տեսարան այնտեղից անցնողներին: Ոմանք այն իր ձևի պատճառով անվանում են կոթող և համարում այսպես կոչված յոթ հրաշալիքներից մեկը»:
Հետագայում, իրոք, Շամիրամի կախովի այգիները համարվեցին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը: Բայց ոչ ոք չասաց, որ դա հայկական ընդօրինակություն էր: