(Հայ) Ռուբեն Գինեյը Չինաստանում հայկական հետքեր է փնտրում
Հուլիսի 18-ին «Ոսկե Ծիրան» փառատոնի շրջանակներում պրեմիերայով կներկայացվի հայ ռեժիսոր Ռուբեն Գինեյի (Գասպարյան) «Անդին. հայոց ճանապարհորդության պատմություն» վավերագրական ֆիլմը: Այս կապակցությամբ Հայաստանում են ֆիլմի ռեժիսոր Ռուբեն Գինեյը և մեքսիկացի կոմպոզիտոր Լուի Արգուելեսը:
Ֆիլմը պատմում է հայ-չինական բարեկամական հարաբերությունների, Չինաստանում հայ համայնքի մասին, նաև պատկերացում է տալիս տվյալ ժամանակաշրջանի Միջին Արևելքի և Չինաստանի պատմությունների մասին. «Միջին Արևելքի ու Չինաստանի պատմությունների համար էլ մեր բացահայտած փաստերը նորություն են և մեծ հետաքրքրություն են առաջացրել այսօրվա գիտական աշխարհում»:
Ռեժիսոր Ռուբեն Գինեյը պատմում է, որ այժմ Չինաստանում կան պահպանված հայկական տապանաքարեր, իրենց հաջողվել է նաև գտնել այնտեղի հայ համայնքի կանոնագիրը, որը մինչ այդ կորած էր համարվում. «Ահռելի գտածոներ ենք հայտնաբերել այս ընթացքում հայ-չինական կապերի: Հիմա, երբ գրեթե բոլոր երկրները սկսում են իրենց արմատները փնտրել Չինաստանում, որպեսզի այդ երկրին ավելի մոտ լինեն քաղաքական և տնտեսական առումով, դրանք ավելի են արժևորվում: Այդ համատեքստում հայ-չինական կապերը վերջին տեղում չեն, նույնիսկ առաջին տեղում են, եթե հաշվի առնենք, որ Հայաստանը աշխարհագրական կենտրոն է Արևմուտքի և Արևելքի միջև»:
Ֆիլմի գաղափարը հանկարծակի է առաջ եկել: Երկար ժամանակ Չինաստանում բնակվող Ռուբեն Գինեյը մի օր թանգարանում տեսել է հայկական և պարթևական մանրադրամների մի շարք: Ցանկություն է առաջացել պատմել իր տեսածն ու զգացածը փոխանցել մյուսներին. «Հասկացա, որ Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու շատ քչերը կարող են տեսնել այն, ինչ ես եմ տեսնում, տեսնել դեռ մանկուց դպրոցական դասագրքից մեզ ծանոթ մանրադրամները հեռու Չինաստանում. որոշեցի պատմել տեսածս ֆիլմի միջոցով»:
«Անդին. հայոց ճանապարհորդության տարեգրություն» ֆիլմը Մեքսիկաի, Արգենտինայի և ԱՄՆ-ի համատեղ արտադրություն է: Երեք տարի տևած նկարահանումներին մասնակցել են 6 երկրների` Մեքսիկա, Հնդկաստան, Ղազախստան, Հայաստան, Ռուսաստան, Չինաստան, ներկայացուցիչներ. « Մոտ 80 հազար կիլոմետր ենք անցել մեր նկարահանման խմբով, կորցրել ենք մեկ ընկեր Բենգալիայում, ով մահացավ էպիդեմիայից»:
Գինեյը պատմում է, որ չնայած մտադիր է եղել փոքրիկ `10-15 րոպեանոց մի բան նկարել, ստացվել է 60 ժամանոց խրոնոմետրաժ, որից էլ կարողացել են 2 ժամանոց պատմական ֆիլմ ստանալ. «Այն, ինչ մենք կարողացանք գտնել ու նկարել մեր պատմության փոքր մասն է միայն: Սովորաբար երբ ասում են` գիտեք հայերը առաջինն էին այս կամ այն հարցում, Նապոլեոնն էր հայ, Գագարինը և նման բաներ, մենք սովոր ենք դրան արհամարհական նայել: Ես հասկանում եմ, որ եթե այս ֆիլմն էլ գրքով, տեքստի միջոցով ներկայացվեր, շատերը ուշադրություն չէին դարձնի, բայց ֆիլմը ամբողջը սեփական աչքերով տեսնելու հնարավորություն է տալիս»:
Ֆիլմի ստեղծագործական կազմը եղել է այնպիսի տեղերում, որտեղ հայերը վերջին անգամ ոտք են դրել մի քանի հարյուր տարի առաջ. «Ես տեսախցիկը միացրած էի մտնում այդ տեղերը, որպեսզի իմ աչքերը միանային հանդիսատեսի աչքերին: Որպես ռեժիսոր իմ առաջ խնդիր էի դրել հանդիսատեսի ձեռքը բռնել և նրա հետ անցնել այդ ճանապարհը»:
Ռուբեն Գինեյը (Գասպարյան), ծնվել է Երևանում, այժմ բնակվում է Շանհայում: Սկսել է կինո նկարել 5 տարեկանից: Նրա առաջին 8 մմ-անոց ֆիլմը ներկայացվել է Մոսկվայի մանկական կիոփառատոնում: Մինչև միջնակարգ դպրոցն ավարտելը սկսել է հաճախել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ: 2002թ.-ին ընդունվել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ (ՎԳԻԿ): Եղել է այնպիսի ռուս ռեժիսորիների կրտսեր օգնականը, ինչպիսիք են Նիկիտա Միխալկովը և Իգոր Մասլեննիկովը: 2005թ.-ին տեղափոխվել է Չինաստան, որտեղ աշխատանքի է անցել Kuiyou Production House միջազգային գովազդային ընկերությունում` որպես գեղարվեստական ղեկավար: Այս շրջանում նկարահանել է ավելի քան 15 գովազդային հոլովակ այնպիսի միջազգային ընկերությունների համար, ինչպիսիք են «Պանասոնիկը», «Ասահին», «Մաքդոնալդսը», «Շիսեյդոն», «Հոնդան», «Տոշիբան»: 2010-ից մասնակցել է մի շարք չինական հեռուստասերիալների և խաղարկային ֆիլմերի ստեղծմանը: National Geographic հանդեսի հետ համագործակցող անկախ լուսանկարիչ է, մի շարք գիտական հոդվածների հեղինակ: Նկարահանել է «Սև խավիար» (1999թ.), «Ստորին խորություններ» (2003թ., կ/մ), «Էռնան Դու Ստրուբերգ» (2005թ.,կ/մ), «Համազգայինի մշակութային ֆորումը» (2008թ., վավ. ), «Աշխարհի քաղաքները. Շանհայ» (2008թ., վավ.) , «Անդին. հայոց ճանապարհորդության տարեգրություն» ֆիլմերը (2014թ., վավ.):
Աննա Կարապետյան
Աղբյուրը՝ mediavector.am