ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՀՈՒՆՉԵՐ՝ ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻ ՋԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ
Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միության ջանքերով օրերս Երևանում վերահրատարակված՝ Վարդգես Ահարոնյանի «Հովհաննես Թումանյան. մարդը և բանաստեղծը» աշխատության շնորհանդեսը «Նոյյան Տապան» գրատանը նշանակալից իրադարձություն է Ամենայն Հայոց բանաստեղծի 150-ամյակին նվիրված մշակութային միջոցառումների շարքում: Սրահը բազմամարդ էր. ներկա էին գրականագետներ, թանգարանների աշխատակիցներ, գրողներ, արվեստագետներ, ընթերցողներ: Շնորհանդեսի բացման խոսքում գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանը ներկայացրեց հուշագրության հեղինակի անձը՝ ընդգծելով նրա տեղը Հայաստանի առաջին Հանրապետության պատմության մեջ: Ապա և խոսեց գրքի մշակութային արժեքի մասին՝ թվելով թումանյանական օրերին Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միության կողմից այլ երկրներում իրականացրած միջոցառումները, որոնք շարունակական են:
Գրքի բովանդակությունը համառոտակի ներկայացրեց Անուշ Հովհաննիսյանը՝ կանգ առնելով շարադրանքի կարևորագույն դրվագների վրա և գնահատելով դրանց արժեքը՝ Հովհ. Թումանյանի կյանքի՝ ընթերցողական լայն շրջանակներին քիչ ծանոթ դրվագները բացահայտելու և բանաստեղծի մարդկային կերպարն ամբողջացնելու և գրական ժառանգությունը լիարժեք գնահատելու գործում:
Բանաստեղծուհի, գրականագետ Հասմիկ Սարգսյանը հանդես եկավ գրքի բավական հանգամանալից գրախոսականով: «1936-ի հրատարակված գրքույկի մի օրինակ հպանցիկ տեսա Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միության երևանյան գրասենյակում. քանիցս ընթերցված, մաշված, համարյա թերթերն իրարուց պոկոտվելուն մոտ վիճակում էր, բայց, հավատացած եմ, անխնամ վերաբերմունքից չէ՛ր գրքի մաշվածությունը, այլ ընթերցումների քանակից: Նման գրքերն ինձ համար նշխարքներ են, և ահա այդ գիրքը լայն ընթերցողին մատուցելու ճիշտ պահն էր հասունացել: Հիմա արդեն կարող ենք փաստել, որ մի շնչով ընթերցվող գիրքը հայտնվել է մեր գրասեղաններին, և հուսամ՝ կդառնա դպրոցահասակ երեխաներից ու պատանիներից մինչև գրականության գիտակների ընթերցման առարկան: Քանի որ ամբողջության մեջ սույն գրքույկը պարունակում է ընդհանրական կերպարը մի մարդու, որ բնատուր շնորհն ուներ բանաստեղծելու, լիարժեք և ներդաշնակորեն ապրելու և երջանկությունը բանաձևելու, նայելու հոգու խորքերն ու ցավի արտահայտությունը հանճարեղորեն տալու: Քանի որ ընդգծված, ճշգրիտ, դիպուկ ձևակերպումներով բնորոշում է մարդուն, որ մանուկ էր կենցաղում, խոցելի՝ մարդկային հարաբերություններում, անկեղծ էր՝ աստվածային մաքրության աստիճանի, ահռելի չափերի հասնող հյուրասեր էր, գրասեր ու գրքասեր էր, սրամիտ էր ու անգերազանց՝ բանավոր խոսքում, որդիասեր էր և զգայուն հայր, պոռթկուն էր ու ներող, սիրված ու խորապես հարգված ոչ միայն հայության, այլև այլազգիների կողմից»,- մասնավորապես ասաց բանախոսը:
Գրականագետ Վարդան Դևրիկյանը, բարձր գնահատելով նորընծա գրքի արժեքը, նկատեց, որ նրանով գրակագիտական ուսումնասիրության նյութ է տրված մասնագետներին, խոսեց բանաստեղծի կերպարը բացահայտելու ահարոնյանական մոտեցումների առանձնահատկություններից: Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրենի պաշտոնակատար Անի Եղիազարյանը խոսեց այն մեծ պատասխանատվության ու նուրբ մոտեցման մասին, որը պետք է դրսևորի մեծ բանաստեղծի կյանքն ու գործն ուսումնասիրող յուրաքանչյուր անձ: Գրքի բարձր արժեքի և նրանում նկարագրված պատմական ժամանակաշրջանի մասին խոսեց պատմաբան Արմեն Կարապետյանը: Գրքի շնորհանդեսն ուղեկցվեց Հովհ. Թումանյանի քառյակների ասմունքով:
Փետրվար 21, 2019
Հասմիկ Սարգսյան