Նամակի փոխարեն
Բարև, Նարե Շարմազանովա
Կարդացի քո նամակը, որը գրել ես վերջին մեկ ամսվա ընթացքում մեր Հայրենիքում ծավալվող ներքաղաքական զարգացումների առթիվ: Եվս մի քանի օր, և դու ավարտելու ես դպրոցը, հետո ստանալու ես Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր: Իսկ ես, նույնպես լինելով անկախ Հայաստանում մեծացած հայուհի, ուզում եմ, որ մեր այս հեռակա երկխոսությունը նման լինի Հայաստանի հետագա ճակատագրով մտահոգ երկու հասուն աղջիկների զրույցի: Խնդրում եմ նամակս ընդունիր որպես ավագ քրոջ խոսք և դիտարկում:
Նարե ջան, նամակդ ինքնին շատ խոսուն էր սկսած վերնագրից՝ «Հեղափոխության անտեսված կողմը»: Ոչ միայն վերնագրում, այլև նամակի տեքստում դու քանիցս օգտագործել ես «անտեսված» կամ «անտեսանելի» բառերը: Եվ քո խոսքը սկսել ես այսպես.
«Ում համար՝ «թավշյա հեղափոխություն», ինձ համար՝ «շոկային հեղափոխություն»: Ում համար՝ «բաց ձեռքերի», սիրո և հանդուրժողականության, ինձ համար՝ ատելության և պիտակավորման հեղափոխություն: Ում համար՝ հաղթանակի, ինձ համար՝ կորուստների հեղափոխություն:
Այս քսան օրերին շատ ժամանակ եմ ունեցել մտածելու, թեև զգացմունքների հեղեղը սրբեց բանականությունը, ինչից հետո մնաց միայն լռելու ցանկություն:
Լռել, որովհետև միևնույն է, մարդիկ լսում են այն, ինչ ուզում են լսել եւ տեսնում են այն, ինչ ուզում են տեսնել: Բայց այս հեղափոխությունն էլ ունի անտեսանելի կողմեր: Ու դրանցից մեկը, գուցե աննշանը՝ ես եմ»:
Ի սկզբանե ասեմ, որ դու ամենևին էլ անտեսված չես: Եվ ուզում եմ քեզ ուղղել հետևյալ հարցը. այս քսան օրերի ընթացքում, երբ ամբողջ աշխարհը լուսաբանում էր Հայաստանում տեղի ունեցող «թավշյա հեղափոխությունը», փորձե՞լ ես մտածել, թե ինչն է ստիպել այսքան մարդկանց ոտքի կանգնել: Հավանաբար՝ ոչ: Եթե հասցնեիր այս մասին խորհել, ինքդ քեզ անընդհատ չէիր ուղղի հռետորական հարցը՝ «Ինչի՞ համար»: Կփորձեմ քեզ պատասխանել:
Ուղիղ 30 տարի առաջ մեր հայրիկների և պապիկների սերունդը պայքարում էր մեր հնամենի երկրի՝ Հայաստանի անկախության և Արցախը Մայր Հայրենիքին միավորելու համար: Պատերազմ էր, երկրաշարժի հասցրած վերքերն այսօր էլ դեռ լիովին չի ապաքինվել: Բայց այդ օրհասական տարիներին մեր ժողովուրդը պայքարեց և հաղթեց մեզ պարտադրված պատերազմում: Հաջորդ քայլը լինելու էր կառուցել մի երկիր, որն արժանի կլիներ նախնյաց փառքին և ստեղծած քաղաքակրթությանը: Հայրդ, հավանաբար, հիշում է Արցախյան պատերազմի մեր մեծ հերոսներից մեկի՝ Մոնթե Մելքոնյանի այս խոսքերը.
-Յուրաքանչյուր ժողովրդի հաղթանակ առաջին հերթին ազգային համախմբվածության արդյունք է, որ պիտի կառուցված լինի խելամիտ հաշվարկների վրա:
Ինչպես ցույց տվեց ժամանակը, մեր պապերի երազած անկախ Հայաստանի իշխանության ղեկը ստանձնած քաղաքական ուժերը չըմբռնեցին այս խոսքերի իմաստը: Չհասկացան, որ մեր վերագտած ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ գերակա արժեք է, որը հերթական անգամ կորցնելու իրավունքը մենք պարզապես չունենք: Չհասկացան և սկսեցին մեր երկրին վերաբերվել որպես մասնավոր սեփականության՝ գողանալով քեզ նման հազարավոր երեխաների մանկությունը, նրանց ծնողներին զրկելով մեր Հայրենիքի համար ապրելու, արարելու և սիրած մասնագիտությամբ զբաղվելու բոլոր հնարավոր միջոցներից:
Գիտե՞ս, երբ շատ տարիներ առաջ երջանկահիշատակ ազգային-քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանը ստեղծում էր Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը, նախատեսում էր, որ այն լինելու էր մեր մեծ զորավար և փիլիսոփա Գարեգին Նժդեհի գաղափարների կրողն ու կյանքի կոչող ուժ՝ մեր պետականության ողնաշարը: Իսկ Գարեգին Նժդեհն ասում է. «Արժանի չես Հայրենիքիդ, եթե այն չես դավանում իբրև գերագույն նպատակ, իսկ անձդ՝ միջոց»: Սա հասցեագրված է այն մարդկանց, որոնք մեր երկրի պետական օղակներում բարձր դիրքեր ու պաշտոններ են զբաղեցնում և դեռ զբաղեցնելու են: Բայց Աշոտ Նավասարդյանի, ապա նաև լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անժամանակ մահից հետո Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը սկսեց շեղվել իր սկզբնական գաղափարներից. նրա շուրջ հավաքված մարդիկ սկսեցին մոռանալ, որ Հայրենիքը հավերժական արժեք է, իսկ իրենց պաշտոնները՝ Հայրենիքին ու ժողովրդին ծառայեցնելու միջոց: Երկրում ծայր առավ համատարած սոցիալական անարդարությունը: Չէ՞ որ Գարեգին Նժդեհը ցույց է տվել նաև ուժեղ երկիր կառուցելու իր բանաձևը. «Սոցիալապես որքան արդար, այնքան զորավոր է հայրենիքը»: Մինչդեռ փորձի՛ր շրջել մեր հեռավոր բնակավայրերով: Երբևէ եղե՞լ ես , օրինակ, սահմանամերձ գյուղերում: Տեսե՞լ ես փոքր տնակներում ապրող երեխաների կյանքի պայմանները. քո տարեկիցներն ու ավելի փոքրերը իրենց ծնողներին երբեք չեն դիմում որևէ խնդրանքով , որպեսզի նրանց ավելորդ անգամ ցավ չպատճառեն՝ իրենց երեխաների ամենատարրական ցանկությունները կատարել չկարողանալու համար: Նրանք գիտեն, որ երբեք չեն գնալու մանկական սրճարան, չեն ունենալու խաղալիք, որովհետև իրենց սիրելի հայրիկները մեկնել են արտերկիր՝ աշխատանք որոնելու, իսկ մայրերը լուռ չարչարանքով աշխատում են չնչին գումարի դիմաց, որը բավական չէ անգամ հագուստ գնելու համար: Նրանք մեծանում են երկատված ընտանիքներում՝ երազելով, որ մի օր իրենց հայրերին կտեսնեն ոչ թե սկայպի միջոցով, այլ կկանգնեն նրանց դիմաց, ամուր-ամուր կգրկեն՝ առանց որևէ բառ ասելու: Ապրում են այս երջանիկ ակնթարթին սպասելով: Եվ երբ հարցնում եմ՝ ի՞նչ ես դառնալու, երբ մեծանաս, առանց երկմտելու ասում են.
-Զինվո՛ր:
Այո՛, ճիշտ լսեցիր՝ երազում են դառնալ զինվոր և պաշտպանեն իմ, քո և բոլորիս Հայրենիքը՝ Հայաստան աշխարհը: Մինչդեռ նրանք բազում պատճառներ ունեն մեր երկիրը չսիրելու համար:Բայց սիրում են իրենց ու մեր Հայրենիք-Հայաստանը և պատրաստ են իրենց կյանքը տալ: Նրանք շատ լավ գիտեն, որ իրե՛նք են պահելու Հայաստանը, որը աշխարհի հնագույն քարտեզներում հիշատակվում է որպես «Սուրբ օրենքների երկիր»… Կյանքի ծանրագույն պայմանները չեն չարացրել նրանց, որովհետև իրենց ծնողներից ստացել են Վազգեն Սպարապետի թողած դասը. «Ոչ ոք մեր փոխարեն մեր տունը չի շինելու: Իսկ տունը շինելու համար ամենաառաջին հերթին օջախում համերաշխություն է պետք»: Սա պետք է հիշեն ու գիտակցեն հայրիկիդ գործընկերները, հիշեն, որ յուրաքանչուր պետության հիմքը գյուղերն են՝ իրենց իմաստուն բնակիչներով, սահմանամերձ բնակավայրերում ապրող այս խիզախ մարդկանց ընտանիքներն են, որոնք իրավունք չունեն նման անհաղթահարելի դժվարությունների մեջ գտնվելու՝ այն էլ մեր չավարտված պատերազմի պայմաններում: Սակայն իշխանական վերնախավի բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք նույն օջախի անդամներ են, որոշել են ապրել բոլորի փոխարեն՝ ամենուր իրենց հետևից անարդարություն սփռելով: Երբևէ հարցրե՞լ ես հայրիկիդ, թե այսքան մեծ թվով ու՞ր են մեկնում իրենց ճամպրուկներով: Միգուցե իր պաշտոնյա ընկերների ընտանիքների նման որևէ տեղ հանգստանալու՞: Իհարկե՝ ոչ: Նրանք հեռանում են մեր երկրից՝ չունենալով ինքնադրսևորվելու որևէ ասպարեզ: Հեռանում են՝ իրենց հետ տանելով Հայրենիքի հետ կապված բոլոր հուշերը և կարոտը, որը միշտ կեղեքելու է նրանց սրտերը: Այսպես երկիր չեն կառուցում, չէ՛… Եվ այս օրերի ընթացքում ամբողջ հանրապետության քաղաքներում, հրապարակներում ու փողոցներում քայլող մեր ժողովուրդը ոտքի էր ելել նրա համար, որ մեր երկրում անտեսված մարդիկ այլևս չլինեն: Գիտե՞ս մի անգամ ամբողջ կյանքը Չեխիայում ապրած մի հայ այսպիսի հետաքրքիր բան ասաց.
-Շատ չեխեր,-պատմում էր նա,-երբ ցանկանում են նկարագրել, թե իրենք որքան նվիրված են իրենց ընտանիքներին և որքան լավ են խնամում իրենց բալիկներին, ասում են. «Ես իմ ընտանիքը պահում եմ հայի նման»:
Այսպիսին է Հայ մարդու համբավը: Մինչդեռ հազարավոր հայ հայրիկներ սեփական հայրենիքում ի վիճակի չեն իրենց երեխաների համար արժանապատիվ կյանք ապահովել: Մեր ժողովրդի այս շարժումը, որը դու սխալմամբ կոչում ես «մղձավանջ երազ», իրականում մեր ժողովրդի երկրորդ ազգային զարթոնքն է: Սա բերելու է մի նոր որակի, որ այսուհետև իշխանության եկող ամեն պաշտոնյա ժողովրդին ոչ թե նայելու է հեգնական ժպիտով, այլ հաշվետու է լինելու նրա առաջ, մեր ժողովրդի մեծ անցյալի ու մեր ապագա սերունդների առաջ: Իսկ այս համաժողովրդական հոգենորոգ շարժումից ծնվելու են այն ապագա առաջնորդները, ովքեր ոչ թե անձնական շահը վեր կդասեն ազգային ու պետական շահերից, այլ կվերագտնեն Հային բնորոշ ամենավեհ հատկանիշները, որոնք ամրացնելու են մեր պետականության հիմքերը: Իսկ այդ վեհ և օրինակելի կերպարները մեր պատմության և գրականության էջերում որքան ասես ունենք, միայն թե Հայաստանի Հանրապետական Կուսակցության պաշտոնյաները հետևողականորեն փախչում–հեռանում էին այդ բարձրագույն որակներից: Իմաստուն լինելու համար պարտադիր չէ առաջացած տարիք ունենալ: Բավական է հիշել մեր այն երիտասարդ հանճարին, ով քո այժմյան տարիքից ընդամենը 5 տարով էր մեծ: Պատմական Հայաստանի Ակնա գավառում ծնված Միսաք Մեծարենցը, որ կյանքից հեռացավ 22 տարեկանում , ահա թե ինչ է գրել.
Տու՜ր ինծի , Տե՜ր , ուրախությունն անանձնական.
Եվ ես՝ հանգույն երփնալուցկի վառող մանկան՝
Զայն գունաժպիտ տեսնեմ ուրիշ դեմքի մը վրան:
Տու՜ր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Զանգակներու՜ պես զայն կախեմ ամեն դըրան՝
ՈՒ զերթ նարոտ ամեն դըրան զայն պըսակեմ:
Տու՜ր ինձի, Տե՜ր ուրախությունն անանձնական.
Ճըրագներու պես զայն բոցեմ բազմաստեղնայն ՝
Խավարին մեջ ամեն երդ ու խրճիթներու:
Ծանոթ տողեր են, չէ՞: Ահա ա՛յս մտածողության կրողը պետք լինի երկրի ղեկը ստանձնող ամեն մի մարդ: Երբ ժամանակ անցնի, դու էլ մեծանաս, երբևէ կհասկանաս, որ աշխարհին Գրիգոր Նարեկացու, Կոմիտասի և նման շատ ու շատ հանճարներ տված ժողովուրդն իրավունք չունի ապրելու ծանր պայմաններում: Եվ մեր երկրում սոցիալական արդարություն հաստատելը արժանապատվության խնդիր է: Դա նաև ավելի ամուր է դարձնելու մեր երկիրը: Ես համոզված եմ, որ դու դառնալու ես շատ խելացի և շնորհալի մարդ, ով հաջողության կհասնի ոչ թե նրա համար, որ իր հայրը պաշտոնյա է կամ իշխանական վերնախավում «թիկունք» ունի, այլ իր շնորհներով ու տաղանդով: Այդպիսի երկիր ես, դու և հրապարակ դուրս եկած բազմահազար մարդիկ միասի՛ն ենք կառուցելու: Այդժամ մենք ստիպված չենք լինի մեր ազգի հանճարեղ զավակներով հպարտանալ հեռվից: Նրանք կմնան այստեղ և իրենց ներկայությամբ կհարստացնեն մեր ազգային-մշակութային կյանքը: Որպես ավագ քույր՝ ուզում եմ, որ դու միշտ հիշես Պարույր Սևակի խոսքերը.
Չէի ուզի, որ քո կյանքը հարթ խճուղու նման լիներ,
Դու մի՛ անցիր ասֆալտ ճամփով , գերադասիր ճամփա՜ շինել…
Իսկ եթե ստացվի, որ ինքդ պաշտոնյա դառնաս, չկրկնես այսօրվա իշխանությունների սխալները, որոնք մեր ծով համբերություն ունեցող ժողովրդին ստիպեցին ոտքի կանգնել և ընդվզել: Եվ հարյուրավոր այն նամակները, որոնք դու ստանում ես այս օրերի ընթացքում, պահիր խնամքով: Դրանց մեջ ժողովրդի դարավոր իմաստությունն է, թեև երբեմն ՝ փոքր-ինչ ցասում պարունակող: Իսկ ճշմարտությունը մեկն է՝ Հայաստանը պետք է դառնա համայն հայության ամուր հենարանը, որտեղ փոխադարձ վստահության ու արդարության դեֆիցիտ չպետք է լինի, քանի որ դա է պահանջում մեր ժողովրդի մշտնջենական շահը: Իսկ հանուն վաղվա այդ Ճշմարտության, ինչպես բանաստեղծը կասեր, թող որ այսօր լինենք սխալ…
Հասմիկ Պողոսյան