ՄԿՐՏԻՉ ՏԱՐԱԳՃԵԱՆԸ ՔԱՆԴԱԿԻ ԼԵԶՎՈՎ ԽՈՍՈւՄ Է ՍԵՐՈւՆԴՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈւԹՅՈւՆԻՑ
(Կանադայում ապրող և ստեղծագործող Մկրտիչ Տարագճեանի «Երգող Վարդապետը» քանդակը Մաեստրո Սեդրակ Երկանյանի առաջարկով մշտապես կցուցադրվի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը)
Ստեղծագործությունը, արվեստի որ ոլորտին էլ վերաբերի, ոչ միայն գեղեցիկը պատկերելու, հոգեաշխարհը վերափոխելու, մտորումի և իրականությունից վեր կանգնելու համար է, այլ նաև առկա կարծրատիպերը շարունակաբար ճեղքելուն, մտածողության պատկերային համակարգը փոփոխելուն, հեղաշրջելուն է միտված: Հենց նման գործերն են, որ հիշվում են բազումների մեջ, քանի որ ինչ-որ բանով կամ ամբողջապես տարբեր են եղածներից և կրում են ստեղծագործող անհատականության ուրույն մտածողության և մշակած պատկերահամակարգի կնիքը: Հանրային պատկերացման մեջ կայուն կերպով տպավորված է կոմիտասյան՝ տանջող խոհի ու տառապանքի արտահայտությունը կրող պատկերը՝ լինի դա քանդակ թե նկար, իրեն նվիրված երաժշտական երկ թե գրական տարբեր ժանրի ստեղծագործություն: Եվ ահա Կոմիտասի ևս մի դիմաքանդակ, որ կարող է տարամերժ կարծիքների առիթ տալ հենց միայն այն բանի համար, որ կոմիտասյան կերպարի այլ մեկնություն է մատուցում: Ռեալիստական ձևի մեջ՝ այն դիտողին թելադրում է Երգի վարդապետի կերպարի մի այլ ընկալում: «Երգող Կոմիտասն» արդեն երկու տարի Հայաստանում է, սակայն մշտական ցուցադրման հանձնված գործի համար տեղ չի գտնվել, մինչ այս տարվա օգոստոսին Ժամանակակից արվեստի թանգարանում կազմակերպված ցուցադրությունը, երբ հենց փակման օրը քանդակագործը որոշեց այն ընծայել Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Կարող են գտնվել արվեստի մարդիկ, որոնք ակնկալում են տեսնել ժամանակակից արվեստի տարազան ուղղությունների թելադրանքով շարադրված, այսպես կոչված, «ակտուալ» լուծումներ՝ չկոնկրետացված դիմագծերով և այլն, սակայն Մկրտիչ Տարագճեանի արած բրոնզաձույլ քանդակը՝ արվեստագետների և արվեստասերների մի մեծ զանգվածի կողմից հավանության արժանացած, տեղ կգտնի կամերային երաժշտության ճեմասրահում: Ոգեշունչ, երգի հունչով տարված-վերացած՝ Կոմիտասի դեմքին տառապանքը չէ՛, որ ընդգծված է, այլ հայ անաղարտ երգի բխումը, ներքին ներդաշնակ վիճակն է պատկերված: «Հորովե՞լ» է երգում, թե՞ «Անտունի», ժողովրդական սիրերգ-խաղի՞կ թե՞ մի նոր երգի արարման պահն է… Ինքը դեռ իր ներսը չի անցել, ահագնացող ցավը դեռ չի լռեցրել նրա ձայնը…
Նույն հեղինակի մեկ այլ՝ փոքր չափի գործ (երկու՝ իրարու դիմաց նստած կանանց ֆիգուրներ՝ բրդից թել կծկելիս) մշտապես կցուցադրվի Հայաստանի Ժողովրդական արվեստի կենտրոնում: Մկրտիչ Տարագճեանն այս գործում խոսում է սերունդների զրույցի, արժեքներ ու ավանդույթներ փոխանցելու խորհրդի մասին: Գործը խոսուն, խորհրդանշական անվանում ունի՝ «Պորտակապ»: Մի քանի դիմաքանդակներ էլ արդեն իսկ իրենց մշտական տեղն ունեն Երևանում: Եղիշե Չարենցի դիմաքանդակն է՝ բանաստեղծի տուն-թանգարանում, Վիլյամ Սարոյանի դիմաքանդակը՝ գրողի անունը կրող վարժարանում: Երևանում իրենց մշտական ցուցադրության տեղն ունի նաև Մ. Տարագճեանի քանդակած՝ Դանիել Վարուժանի կիսանդրին: Որոշ գործեր էլ զարդարում են Կանադայի հանրային վայրերը: Ասում է, որ մշակույթի գործիչների հանդեպ հատուկ հարգանք և խոնարհում ունի, ուստի նրանց կերպարներին անդրադարձներն իր ստեղծագործության կարևոր բաղկացուցիչն են: Արշիլ Գորկու կերպարի իր բացահայտումը պիտի լիներ նկարչի կիսանդրին բրանզաձույլ երանգապնակի վրա տեղադրելով: Հակոբ Օշական, Պարույր Սևակ, Ալան Հովհաննես, այլք,- յուրաքանչյուրի կերպարի մեկնման իր տեսլականն ունի, իր բրոնզակերտ ընկալումները Կանադայում ապրող և ստեղծագործող արվեստագետն արդեն տարիներ ցուցադրում է Հայաստանում: Ծնունդով Հալեպից է, բարձրագույն կրթություն ստանալու առիթն է տարել իրեն այլ ցամաք. այստեղ ստացել է բժշկի որակավորում, սակայն մանկուց քանդակի նկատմամբ սերը դրդել է հավասարապես նվիրվելու արվեստին: 1993-ից սկսյալ Կանադայում իր ղեկավարած՝ «Կեբեկեա» հայ բժշկական միության զգալի միջոցներն ուղղել է Հայաստանին և Արցախին օգնություն տրամադրելու առաքելությանը:
Մկրտիչ Տարագճեան մարդն ու արվեստագետը խորը կրում է իր նախնիների հիշողությունը: Հայրը Մալաթիայից է, և նրա մանկության ծանր հուշերը՝ մահով ու կորուստներով լեցուն, հանգիստ չեն տվել ծնողին: Որդին պատմում է, որ հայրը այլևս երբեք չէր կամեցել վերադառնալ այն վայրերը, որտեղից հեռանալով՝ ծանր հուշերի ու տպավությունների, հարազատների կորստի ցավի բեռով կքված ստիպված էր անցնել ողջ կյանքը: Իսկ ահա որդին պահանջատեր է: Ժամանակակից արվեստի թանգարանում ցուցադրված գործերից մեկը («Սպասելով հատուցման» խորագրված) հենց պատկերների լեզվով հայի արդար պահանջատիրության մարմնացումն է՝ հիշել ցեղասպանության նահատակներին, վերագտնել կորսվածը:
Ինքնուրույնաբար դասեր քաղելով և դեպի քանդակը ոչ սովորական ճանապարհով գնալով (ակադեմիական կրթություն չի ստացել)՝ կարծում է՝ հնարավորինս զերծ է մնացել այլոց ազդեցություններից: Կոմպոզիցիոն կառույցի իր ուրույն լուծումներ է փնտրել. քանդակների մի զգալի մասը հենց այդ ուրույն մոտեցմամբ են կառուցված. մարմնամասերն ամբողջական չեն, եղածը հուշում է այն, ինչ դիտավորությամբ չի պատկերված: Մկրտիչ Տարագճեանն ասում է, որ կուզի հանդիսականին առիթ տալ մտածելու, և որ իր գործերը ոչ միայն դեկորատիվ լինեն, ոչ միայն գեղեցիկը կրեն, այլև երևակայելու, խորհելու տեղիք տան: Նման կերպ են կառուցված նրա «Պարող զույգը», «Տանգոն», «Բանդոնեոնահարը» (վերջին երկուսը Բուենոս-Այրեսում ըմբոշխնած կրակոտ տանգոյի տպավորությամբ է ստեղծել), «Կախյալ վիճակը», «Բարձրացիր, բարձրացրու» մանրաքանդակները: Վերջիններում հեղինակը հաղորդել է փոխօգնության կարևոր գաղափարը, ինչին նվիրված է իր հասարակական գործունեությունը:
Նուրբ գորովանքի շունչ կա Տարագճեանի «Պտղատու» անվանյալ գործում. հասուն պտղի տեսքով կնոջ հղիությունն է պատկերված, նշմարվում են պտղով ծանրած կանացի մարմնի նրբագծերը: Կնոջ զանազան պատկերները՝ «Կժով կինը», «Թաշկինակով կինը», «Վեներա», «Կոնտրաբաս» և այլն, ակնահաճո են և տարբեր մեկնությունների առիթ են տալիս: Երաժշտության բրոնզաձույլ իր ընթերցումները «Կոնտրաբասով» չի սահմանափակվում. «Դիրժորի» կերպարը ոգեշունչ է, դաշնամուրի ստեղներին իջնող մատները «Ֆանտազիայի» հունչ են արձակում…
Իսկ ահա «Պատնեշանցումը» մարդկային զանազան ֆիգուրների կողմից պատը հաղթահարելու պահն է. իրականությունը ճեղքելու, պատնեշները հաղթահարելու կամքն ու կարողությունը, ճիգն ու կամային հնարավորությունը: Ոչ դյուրին այս ճանապարն է անցնում ստեղծագործող ամեն անձ, հայ արվեստագետը՝ մասնավորապես, լինի դա Հայաստանում թե Սփյուռքում. և այդ անձանցից մեկն է մեր հայրենակից Մկրտիչ Տարագճեանը:
Օգոստոս, 2017
Հասմիկ Սարգսյան