Ազգային պատկերասրահ. 6 ամսվա աճը՝ 29 տոկոս, հանձնարարականը՝ «ագրեսիվ գովազդ»
Հայաստանի ազգային պատկերասրահի շենքի՝ Արամի փողոցի կողմի բոլոր լուսամուտներից վաղվանից վար կսահեն իրազեկման գույնզգույն ուղղահայաց պաստառները։ Լա′վ է, բայց քիչ է. Պատկերասրահի 6-ամսյա գործունեության հաշվետվության քննարկմանն ասաց նախարար Արմեն Ամիրյանը՝ հանձնարարելով առավել «ագրեսիվ» եղանակներով գովազդել և նորանոր հետաքրքիր լուծումներով հրապուրիչ դարձնել երկրի թիվ մեկ «գեղանկարչական թանգարանի» ցուցադրանքը։ Նախարարը հորդորեց նաև շարունակել ուրբաթ օրերը մինչև ուշ երեկո Պատկերասրահի դռները չփակելու և այնտեղ կազմակերպվող համերգով այցելուներին «ներս հրավիրելու» փորձը։
Թանգարանների գործունեությունը համակարգող փոխնախարար Արև Սամուելյանը հանձնարարական ստացավ կազմակերպելու շենքի ընդհանուր բակի կարգավորման, հանգստի կանաչ գոտու վերածելու նախագիծը ( այս շենքում են տեղավորված նաև Հայաստանի պատմության թանգարանը և Չարենցի անվան գրականության, արվեստի թանգարանը).
«Կանաչ գոտի, շատրվան, ոճավորված նստարաններ, ինտերնետ, հնարավոր է նաև՝ երեք թանգարաններից որոշ նմուշների ցուցադրություն, համապատասխան երաժշտություն… Դեպի թանգարաններ կանչող այս նորամուծությունների հետ միաժամանակ հաշվի առեք թանգարանների անվտանգության, ապահովության, այցելուների հոսքերի կառավարման չափանիշները, նախագիծը պատրաստեք, առաջ շարժվենք»,- ասաց Արմեն Ամիրյանը։
Կա առաջարկ, Գառնու տաճարի մոտ գովազդել Հայաստանի բոլոր թանգարանները։ Հիշեցնելով, որ Գառնու արգելոց-թանգարան տարեկան մոտ 300 հազար մարդ է այցելում, նախարարը Պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանին հանձնարարեց օգտվել նաև այս գովազդային հնարավորությունից։
Պատկերասրահի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2017թ. առաջին վեց ամիսներին գրանցել են 29 տոկոսի աճ, նախատեսվածի համեմատ՝ 13 տոկոսով ավելին։ Նախարար Ամիրյանն այս պահի համար գոհացուցիչ համարեց ֆինանսական աճը, բայցև հանձնարարեց ոչ ֆինանսական աճի նույնքան ցուցանիշ ապահովել մնացած վեց ամիսներին։
Նախարարությունում տարվա առաջին կեսի գործունեության հաշվետվություններ են ներկայացնելու բոլոր ՊՈԱԿ-ները։ Երեկ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հաշվետվությունը քննարկվեց ( կանխատեսվածի համեմատ եկամուտները 42 տոկոսով ավելին են)։ Վաղը նախատեսված է Հայաստանի պատմության թանգարանի գործունեության վեցամսյա հաշվետվության քննարկումը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՆ` ԱՅՍՏԵՂ