ՄՇՈւՇՆԵՐԻ ՆԿԱՐԻՉԸ. ԱՎԵՏԻՔ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ
Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում երիտասարդների մասնակցությամբ բացված հուլիսյան ցուցահանդեսն առիթ է առավել հանգամանալից անդրադառնալու մի գեղանկարչի՝ Ավետիք Հարությունյանին, որը վերջին շրջանում խիստ ակտիվորեն մասնակցում է համարյա բոլոր նման ցուցադրություններին՝ իր արդեն հաստատուն դարձած ձեռագրով, ճանաչելի թեմաներով, բնապատկերի ու նատյուրմորտի կառուցման սեփական մոտեցումներով…
Ինչ էլ վրձնի Ավետիք Հարությունյանը՝ բնապատկերներ, նատյուրմորտներ, ինչ նյութով էլ աշխատի՝ ջրաներկ թե յուղաներկ, նուրբ մշուշներ են թևածում նրանցում, մի բարակ քող, մի անորոշ ու քացրահնչյուն թախիծ… Սա իր ձեռագիրն է՝ թեթև եթերայնությամբ, Տավուշ աշխարհի բնության իր ընկալմամբ ու գեղանկարչական արտահայտմամբ:
Հայրենի վայրերի բնությունն այնքան հարուստ-ճոխ է, որ ցանկացած նկարչի համար ոգեշնչման աղբյուր կարող է հանդիսանալ: Գաղտնիքը մոտեցման և զգացողության տարբերության մեջ է. Ավետիքի համար հենց դիլիջանյան նրբահյուս մշուշներն են հույզի աղբյուր և հույզը ներկայացնելու միջոց: Ջրաներկ բնապատկերը, որ խճուճված ծառաբներ են՝ հանգստավետ անկյուն են մեզ տեղափոխում՝ թափանցիկ մշուշով վարագուրված… Այդպես առավոտներն են թափանցիկ անտառներով պատված լեռնալանջերին, այդպես ստվերներն են խտանում՝ խիտ ծառաբների մոտ, հողերին մերձ, այդպես թարմ օդն է թափանցում ռունգներդ, այդպես մարում է վերջին շողը արեգական անթափանցելի արահետներին…
Ավետիք Հարությունյանը նաև ծաղկանկար նատյուրմորտներ ունի, որոնցում թառամող քնքշությունն է հավերժանում: Թեմատիկ գործերից շատերը ցուցադրվել են տարբեր առիթներով բացված ցուցահանդեսներւոմ, որոշ գործեր արժանացել մրցանակների: Վաղ է սկսել նկարել: 12 տարեկանում արդեն «Իմ ազատ և անկախ հանրապետությունը արդեն հինգ տարեկան է» մանկա-պատանեկան հանրապետական փառատոնի առաջին մրցանակակիրն էր: Միջնակարգ կրթությունն առել է Դիլիջանում, միաժամանակ սովորել Հովհ. Շարամբեյանի անվ. գեղարվեստի դպրոցում: Երևանի Գեղարվեստի ակադեմիան ավարտել է կիրառական արվեստի նկարիչ-ձևավորողի մասնագիտությամբ: Թեև կրթությամբ գորգի-գոբելենի տեխնիկայի մեջ է խորացել, բայց ավելի ձգել է գեղանկարչությունը. չգիտես ոնց, բայց բնանկարներից շատերում ես անշոշափ զգում եմ գորգի փափկությունը, գոբելենի հյուսքի ներդաշնակությունը: Մասնագիտական ունակությունները երբեմն զգալ են տալիս՝ մարդու կամքից անկախ: Մեղմություն և փափկություն կա Ավետիք Հարությունյանի բնանկարներում, նատյուրմորտներում: Կոմպոզիցիաները կառուցելիս երբեմն չափերի սահմանումների իր ձևակերպումն է տալիս, թեև դա կարող է վիճելի համարվել: Մասնակցել է մի քանի տասնյակ խմբակային ցուցահանդեսների մեզանում և արտերկրում, հիշատակելի է նրա «Անուրեքներ» կտավը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հենց վերջերս մասնակցել է Հովհ. Այվազովսկու ծննդյան 200-ամյա հոբելյանին նվիրված հանրապետական ցուցահանդեսին, իսկ շաբաթներ անց՝ 2017-ի աշնանը, ի թիվս յոթ այլ հայաստանաբնակ նկարիչների, Ավետիքն իր հինգ ստեղծագործությամբ կմասնակցի Ստավրոպոլում բացվող ցուցահանդեսին, որը դարձյալ նվիրված է լինելու մեծ ծովանկարչի ծննդյան հոբելյանին: Ավետիքն այնտեղ կցուցադրի իր բազմաժանր գործերը, որոնցում նորեն կլինեն հայաստանյան բնության անմեկնելի մշուշներ և դիլիջանյան խաղաղ ջրերի ծփանք…
Հուլիս 27, 2017
Հասմիկ Սարգսյան