Իսկ գուցե Քրիստո՞սն էլ է Վարդավառ նշել
Գիտական միտքը վաղուց ապացուցել է, որ ջուրը հիշողություն ունի և ինֆորմացիայի պահպանման ու փոխանցման հատկություն: Այլ կերպ ասած՝ Հայոց աշխարհի գետերն ու լճերը (նաև երբեմնի ծովերը) մեր պատմիչներն են, Մատենադարանը, Ակադեմիան, ինֆորմացիոն կենտրոնը, Տիեզերական մեծ ինֆորմացիայի մասնիկը… Կասկածողներին խնդրում եմ միտքս պարզունակ չհասկանալ:
Տիեզերական արարիչ բանականությունը երևի մի օր մարդուն կրկին կօժտի ջրերի (նաև բնության) լեզուն հասկանալու հատկությամբ: Բայց առանց ջրերի լեզվի իմացության էլ հրաշալի գիտենք, որ Վարդավառը, ջրապաշտությունը երբվանից է գալիս… Ու երբ Վարդավառն ամբողջապես վերագրում եք Քրիստոսին, հենց առաջինը Քրիստոսին եք վիրավորում՝ նրան վերագրելով իր հետ կապ չունեցող և շատ ավելի հին ծագում ունեցող ծես-երևույթ: Իսկ գուցե Քրիստո՞սն էլ է Վարդավառ նշել, ջրով ցողել սիրած էականին (Տերնդեզն էլ հետը)… Չէ որ մինչև աստածանալը մարդ է եղել, խոսել արամերենով, Հայաստանի արքայից նամակ ստացել… Եթե Քրիստոսը չի սիրել, ինչպե՞ս կարող էր մարդկանց այդպես անմնացորդ նվիրաբերվել, դառնալ Սեր… Ի՞նչ իմանաս… Եթե սովորական մարդ չէր, ինչու՞ աստվածացավ… Մյուս կրոններում փակագծերը բացում են նույնիսկ ազնվության աստիճանի, իսկ մենք փակում ենք ու փակում, մինչև էպոսի հերոսին էլ Ագռավաքարում փակեցինք…
Եթե ընդունենք, որ նախաքրիստոնեության փուլը մեր ժողովրդի մանկությունն է ու պատանեկություն, իսկ Քրիստոնեությունը՝ հասունության շրջանը, ապա ի՞նչ խղճով եք հասուն մարդուն վերագրում մանկության և պատանեկության հատկանիշները, ինչու՞ եք այդ կեղծիքով խեղաթյուրում հենց Քրիստոնեությունը: Լա՛վ, այդպես եք կամենում, գոնե ասեք, որ նախաքրիստոնեական այդ ջրապաշտության ֆոնին ցանկանում եք Քրիստոնեությունն ավելի գեղեցիկ ներկայացնել և այլն: Իսկ գուցե Քրիստո՞սն էլ է Վարդավառ նշել, ջրով ցողել սիրած էականին (Տերնդեզն էլ հետը)…
Բայց մի՞թե համատեղելի են սրբությունն ու կեղծիքը, չէ որ դրանով արժեզրկում եք քրիստոնեական վարդապետությունը… Չէ որ հենց Քրիստոնեության պատվիրանները հուշում են, որ ստելը մեղք է… Երբեմն այնքան մոլեռանդությամբ են ոմանք ներկայացնում Քրիստոնեությունը, որ կարծես Հայ ժողովուրդ արարվել է ընդամենը Քրիտոնեության համար, էլ ոչինչ չունի անելու, նրա միակ մատաղացուն է… Հենց այս մոլեռանդությունն է ամենից շատ արժեզրկել Քրիստոնեությունը, որն այսօր ամենից շատ «տնքացող» կրոնն է…
Լուռ են ջրերը, որովհետև խոսում են հատկապես ջրիկները, ջուր ծեծում՝ ավելի պղտորելով առանց այն էլ ծանր ինֆորմացիա իր մեջ զսպող Հայոց ջրերը…
Վրեժ Սարուխանյանի ֆեյսբուքյան գրառումից