• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

«ՎԱՂՆ ԱՅՍՕՐ Է» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈւՄ ՀՈւՇՆ ԻՆՁ ՏԱՐԱՎ ԴԵՊԻ ԵՐԵԿ…

Posted On 19 Jun 2017
Comment: 0
Tag: Հասմիկ Սարգսյան, Նաիրա Ահարոնյան

Երևան, հունիս 18. Մաշտոցի պողոտայի մի փոքրիկ, ասես, այս աշխարհից ու ամառային քաղաքի եռուն անցուդարձից կտրված մի անկյունում, որ «Իլիկ » անվանումն ունի՝ հավաքվել են արվեստասերներ ու մշակույթի ներկայացուցիչներ՝ նկարիչներ, գրողներ, բեմի «ծառաներ»՝ դիտելու նկարչուհի Նաիրա Ահարոնյանի անհատական ցուցահանդեսը, խոսք ասելու նրան, զրուցելու… Արվեստի և հանգստի այս գողտրիկ անկյունը պարբերաբար իր հարկի տակ հյուրընկալում է նրանց, ովքեր իրենց ձեռքի աշխատանքներն են այստեղ դնում ցուցադրության և վաճառքի: Հիմա «հեղինակի օրը» Նաիրա Ահարոնյանինն է: Ցուցադրվում են նրա գրաֆիկական թերթերը, գրքերի ձևավորումները, ձեռքի աշխատանք՝ խաղալիքները… Ցուցադրությունն ունի «Վաղն այսօր է» խորագիրը: 
 Կնոջ հույզի նկարագիրն անընդհատ թվացող գծի գալարումներով տարբեր կերպարների կերտմամբ է տալիս հեղինակը. ծանոթ ձեռագիր՝ դեռ նախորդ դարի 90-ականների սկզբից, երբ Նաիրան՝ գեղարվեստական բուհի առաջին կուրսի ուսանողուհի, բացել էր իր առաջին անհատական ցուցահանդեսը: Հիմա՝ տասնամյակներ անց, հունիսյան այս ցուցադրությանը ներկա նկարիչ թե բանաստեղծ, դրամատուրգ թե դերասան, խոսում են նույնից՝ գծի իր նուրբ զգացողության, նրանով պատկերների իր աշխարհը ստեղծելու, նուրբ-մարդկային նկարագրի մասին: Առանձին՝ մի անկյունում այն գրքերն են, որոնցում, որպես նկարազարդումներ, տեղադրված են Նաիրայի գրաֆիկական աշխատանքները: Ակնհայտ է, որ դրանք զուտ ձևավորումներ չեն, այլ նկարչուհու ուրույն ընթերցումները, որ հաճախ ավելին են պարունակում, քան գրքերում զետեղված չափածո տողերը… Ցուցադրության առիթով խոսք են ասում նկարիչ Վիկտոր Հովհաննիսյանը, դերասանուհի Հասմիկ Տեր-Կարապետյանը, գրողներ Գևորգ Շահինյանը, Հովհաննես Շանթը: Շնորհալի մի պատանի՝ ակորդեոնահար Մհեր Մկրտչյանը, իր նվագով լցնում է ցուցասահ-սրճարանի՝ առանց այդ էլ շիկացած մթնոլորտը, իսկ ես ռետրո-գծանկարների քով առանձնանում եմ՝ տեղափոխվելով 1990-ականների սկիզբ…

Հանրապետական Լուսաշխի տանը (Երևանի Պուշկինի փողոցի վրա գտնվող հնագույն այդ շինությունը բարբարոսաբար քանդվեց շուրջ մեկուկես տասնամյակ առաջ) ներկայացվում էին Նաիրա Ահարոնյանի գրաֆիկական թերթերն ու կոմպոզիցիոն աշխատանքները: Նկարչուհու ստեղծագործությունների անդրանիկ ցուցադրության մասին էր այդ առիթով իմ հեղինակած «Մեծ ճանապարհ տանող արահետները» ռադիոակնարկը: Եվ որպես հաճելի անակնկալ նկարչուհու համար, իսկ ընթերցողի համար՝ նրա արվեստը մեկնող հոդված, այն, «պեղելով» իմ գզրոցներից, ներկայացնում եմ, քանզի իր արվեստի մեկնության «բանալիներն» այստեղ են. տասնամյակներ հետո էլ ես ստորագրում եմ նրանում գրված ամեն մի տողի տակ…
*** 
ՄԵԾ ՃԱՆԱՊԱՐՀ ՏԱՆՈՂ ԱՐԱՀԵՏՆԵՐԸ


Հանրապետական լուսաշխի տան մշտական այցելուների համար սովորական են դարձել այստեղ ստեպ-ստեպ կազմակերպվող գեղանկարչական ցուցահանդեսները, ընդ որում՝ դրանք մեծամասամբ երիտասարդների անդրանիկ ցուցադրություններ են լինում:
Եվ ահա հերթական ցուցահանդեսը: Արվեստասեր հանրության դատին էին ներկայացված գեղարվեստա-թատերական ինստիտուտի գրաֆիկայի բաժնի ուսանողուհի Նաիրա Ահարոնյանի աշխատանքները: Ցուցադրման հնարավորությունները մեծ չէին (նեղլիկ միջանց-սրահներում շատ գործեր չես տեղավորի), ասենք, 21-ամյա նկարչուհին չէր էլ շտապել բազմաքանակ գործեր այստեղ բերել: Ակնհայտ էր, որ նա խստորեն էր ընտրել գրաֆիկական թերթերը, յուղաներկ և կոմպոզիցիոն աշխատանքները:

Արվեստում նոր-նոր իր առաջին քայլերն անողի աշխատանքները՝ կիսաներողամտաբար – կիսաքննադատորեն դիտողի տրամադրվածությամբ էր, որ սկսեցինք նորատի նկարչուհու գործերի դիտումը:
Ո՛չ, Նաիրա Ահարոնյանի ցուցադրած ոչ բոլոր գործերն էին, որ հավասարժեք էին, և ակնհայտ էր որոնման և փնտրումի երակը նրանցում: Բայց ամենակարևորն այնտեղ գուցե այն էր, որ կար ուրույն մտածելակերպ, նկարչի դիմագիծ ու ձեռագիր, որ սկսում էր միայն մեկինը դառնալ՝ Նաիրա Ահարոնյանինը: Տպավորությունների գրքում կարծիքներ ու գնահատականներ կային, որ կարող են Նաիրայի ստեղծագործության մեկնաբանման բանալի դառնալ: «Ձեր արվեստում ամեն ինչ ազնիվ է, ճշմարիտ ու մաքուր:», «Հոյակապ տրամադրությամբ եմ դուրս գալիս այստեղից: Կուզեի այս նկարներից մեկը ձեռք բերել, գեղագիտական հիացմունք պատճառեց Նաիրա Ահարոնյանի անհատական ցուցահանդեսը»: Անսպասելի է տակավին երիտասարդ նկարչուհու՝ բնության, մարդու հոգեկան աշխարհի խորն զգացողությունը: Նրա մոտ նույն հաջողությամբ ստացվել են և՛ յուղաներկ, և՛ գրաֆիկական աշխատանքները: Ցուցադրության մասին իր կարծիքն է հայտնում Նկարիչների միության անդամ, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի դասախոս Կարլեն Ավետիսյանը. «Ես Նաիրային վաղուց եմ ճանաչում, դեռ Թեռլեմեզյանի անվան ուսումնարանում ուսանելու տարիներից: Առաջին իսկ օրերից նկատել էի, որ նա մեծ նվիրում ունի արվեստի, նկարչության նկատմամբ և, կարծես, դրանով է ապրում: Եվ տարիներ շարունակ քայլ-առ քայլ այդ նվիրումն ավելի է բացահայտվել, առաջիններից է եղել իմ ուսանողների մեջ: Նա ոչ թե մեկ ուղղությամբ էր մտածում ու մի նպատակ ուներ, այլ գծանկարի մեջ էլ շատ մեծ վարպետության է հասել, ուժեղ է նաև գծի տեխնիկայի, ֆորմայի զգացողությունը: Երբ վարպետություն կա, հեշտ է արդեն ուրիշ խնդիրների լուծման ձեռնամուխ լինել: Իսկ այդ խնդիրները կոմպոզիցիայի մեջ են ավելի շատ արտահայտվում: Կոմպոզիցիայի մեջ նա ավելի ազատ է զգում, գծանկարն իմանալով՝ կոմպոզիցիան ցանկացած ձևով կարող է մշակել կամ նոր լուծումներ տալ: Օրինակ, նրա մոտ էսքիզներ էին ի հայտ գալիս, որոնք ավելի կերպարային բնույթ ունեին: Այդ նույն էսքիզը, մյուսների համեմատ, ավելի նկարչական մոտեցմամբ էր կատարում:


Վերջին շրջանում մի շարք էր ստեղծել՝ Ալիսա Կիրակոսյանի բանաստեղծությունների թեմաների շուրջ, և այն ես շատ հավանում էի: Այնտեղ նա գծերով էր կոմպոզիցիա ստեղծում, գծի շարժման միջոցով: Այսինքն՝ խնդիրը դուրս էր գալիս սովորական պատկերելու մոտիվից, և նկարչական խնդիրներ էին առաջ գալիս, ձեռք էր բերում նկարչի մտածողություն: Ուսանող, բայց արդեն հասուն նկարչի մտածողություն: Որովհետեև գիտենք՝ այլ են ուսանողական գործերը, այլ՝ նկարչի ստեղծագործությունը: Վերջին հաշվով, մեր նպատակն է գնալ դեպի նկարչական մտածողություն, որպես նկարիչ հանդես գալ: Այդ առումով ես միշտ ընդառաջել եմ նրա ձգտմանը՝ դեպի նկարչական մտածողություն գնալը:
Այս ցուցահանդեսում այնպիսի խնդիրներ կային, որ ուսանելի են նույնիսկ նկարիչների և ուրիշ ուսանողների համար: Դասական ոճով կատարված գծանկարների կողքին ներկայացված էին դեկորատիվ, նորովի լուծումներով աշխատանքներ: Քայլ կար դեպի նոր ասելիք, նոր լուծումներ փնտրելու խնդիրը կար: Այս ամենը գովելի է, և ես չեմ կարծում, որ Նաիրան կարող է բավարարվել այս մի ցուցահանդեսով, նա կաշխատի նոր խնդիրներ պարզաբանելու ուղղությամբ: Գիտեմ, որ միշտ չի գոհանում արածից և չի ուզում կանգնել նույն մակարդակի վրա…»:

Հոգեբանական նուրբ ու համոզիչ դիտումներ է կատարել Նաիրա Ահարոնյանը թե՛ իր գրաֆիկական և թե՛ յուղաներկ գործերում: «Ցնորվածը». տառապանքի զարմանալի խոսուն ու ցավագին կնճիռ այս յուղաներկ կտավում: Գուցե չհասկացված հոգի է, որ չի դիմացել կյանքի տարուբերումներին ու… Մարդու և մարդկայինի փնտրում կա այս դիմանկարում, որ թե՛ կատարմամբ ու թե՛ ասելիքով ցուցահանդեսի լավագույն գործերից է: Նրան չեն զիջում նաև «Մարիամ տատի», «Սողոմոնի», «Նարինեի» դիմանկարները:
Բայց այս ցուցահանդեսին բնորոշը միայն հոգեբանական դիտումներն ու իր տարիքի համար բավական հասուն նկարչական լուծումները չեն: Փոքրաքանակ կտավներում էլ արդեն ակնհայտ է, որ նկարչուհին մեկ՝ ավանդական նկարչության ուղով միայն չի շարժվում: Նրա գրաֆիկական թերթերն արդեն արված են գծի ու գույնի անսովոր համադրումներով: Հոգեբանական նուրբ դիտումները «Մերժում» և «Սրճարանում», «Ունայնություն» և «Մտորում», «Մնջախաղ» և «Անձրև» գրաֆիկական աշխատանքներում նա հաղորդել է հատու, ընդգծված, բայց ոչ շատախոս մատիտանկարով: Մի քանի շտրիխն անգամ երբեմն բավական են ամբողջացնելու նկարչուհու ասելիքը, և սա է առանձնահատուկը նրա արվեստում:

Իսկ ինչպե՞ս է նկարչուհին ինքը գնահատում իր ստեղծագործությունը: «Թեռլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում ուսանելիս՝ ես ուսումնասիրել եմ նկարչության տարբեր ճյուղերը, բայց ինձ ավելի մոտ ու հարազատ էր գրաֆիկան,- ասում է Նաիրա Ահարոնյանը:- Ընտրելով ինստիտուտի այս բաժինը՝ ցանկացել եմ ավելի խորը ներթափանցել գրաֆիկայի կախարդական աշխարհը: Իմ ստեղծագործությունները կարող եմ բաժանել երեք ուղղության՝ գունավոր, գրաֆիկա և կոմպոզիցիա: Ամեն մի գործ կերտելիս տարբեր պահեր եմ ապրել՝ ուրախացել եմ, տխրել, հուզվել, հիասթափվել, բայց և այնպես ամենքում էլ թողել եմ հոգուս մի մասնիկը: Իմ բոլոր նկարներն ինձ համար թանկ են, բայց ավելի սիրելի ու հոգեհարազատ են կոմպոզիցիոն աշխատանքները: Այս ոճին անցել եմ բոլորովին վերջերս, երբ ծանոթացա սփյուռքահայ բանաստեղծուհի Ալիսա Կիրակոսյանի պոեզիային: Եվ բանաստեղծություններից ստացած տպավորությունն էր, որ պատճառ դարձավ կերտելու այս աշխատանքները:
Իմ վերջին գործերից կառանձնացնեի «Մերժում», «Մտորում», «Ողբ», «Շրջափակում» և «Մնջախաղ» աշխատանքները: «Ողբ» և «Շրջափակում» աշխատանքներում արտահայտել եմ իմ ժողովրդի՝ այս վերջին ժամանակաշրջանում ապրած ցավն ու տառապանքը:
Եվ ես շատ կցանկանայի ձևավորել գրքեր, որ դրանք դառնային մարդկանց հաճույքի և ուրախության աղբյուր»:

«Ողբ», «Սումգայիթ» և «Շրջափակում» խորագրված գրաֆիկական թերթերը Նաիրա Ահարոնյանի վերջին աշխատանքներն են: Այժմ հաճախ կարելի է հանդիպել նույնանուն կտավների. մեր ժողովրդին հուզող ամեն իրադարձություն իր անմիջական արձագանքն է գտնում նաև կերպարվեստում: Եվ վերոհիշյալ թեմաների բազմաթիվ մեկնությունների մեջ էլի անհրաժեշտ է ունենալ սեփական «ես», որ հիշվի գործդ: Երիտասարդ նկարչուհին այստեղ էլ հաջողել է: Անսովոր, ցցուն մեխերով պատված շրջանակից ուղղակի դուրս ցայտող, ցավագնորեն ելք փնտրող քաղաքի համայնապատկերը զարմանալիորեն հիշեցնում է դեռ ոչ վաղ անցյալում մեզ համակած տագնապալից հոգեվիճակը… Շրջափակում, ստեղծված իրավիճակից դուրս գալու համառ ու ապարդյուն ճիգեր…

Ցուցադրված նկարների մոտ էլ հանդիպեցինք գեղանկարիչ, գեղարվեստա- թատերական ինստիտուտի դասախոս Վոլոդյա Սահակյանին: «Նաիրայի անդրանիկ ցուցահանդեսն ուսումնարանի նորավարտ ուսանողուհու համար բացառիկ և գովելի երևույթ է, կարծիք հայտնեց Վ. Սահակյանը:- Այո՛, հազվադեպ է պատահում, երբ ուսանողն արդեն ի վիճակի է, իր մեջ ուժ է գտնում հիմնավորված՝ ելնելով իր աշխատանքներից, ուսումնասիրություններից, կոմպոզիցիոն մտահղացումներից՝ մշակելու ուրույն ոճ, մտածելակերպ և արտահայտելու, ցուցադրելու տվյալ էտապում իր համար վերջնական, ամբողջական հանդիսացող ստեղծագործություն, ո՛րը և դիտողին ստիպում է խորհել, մտածել, վիճել…
Նաիրային ծանոթացա Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գրաֆիկայի բաժնում, որտեղ դասավանդում եմ: Եվ հանկարծակի հրավիրեց այս ցուցահանդես: Եվ պարզ դարձավ, թե ու՛մ հետ ես գործ ունեմ: Որովհետև կան շատ ուսանողներ, բայց բոլորը չէ՛, որ կարող են բացել ցուցահանդես: Ինձ համար դա անակնկալ էր և ուրախալի անակնկալ:
Ամեն հնարավորություն կա Նաիրայի մոտ, որ նա հետագայում ինստիտուտի շրջանակներում ավելի զարգանա և՛ պրոֆեսիոնալիզմով, և՛ մտածելակերպով, և՛ գունային առումով: Դա ցույց կտա նրա հետագա նպատակասլացությունն ուսումնառության ընթացքում:
Նա կարող է մոտակա ժամանակներում լինել մեր ակտիվ նկարիչներից մեկը»:

Ակնարկը գրվել է և հնչել ռադիոեթերում 1990-ականների սկզբներին:

Հ. Գ. Այս հոդվածը գրելուց անցել է համարյա 27 տարի: Նաիրա Ահարոնյանն այս ընթացքում ունեցել է ևս մի քանի անհատական ցուցահանդեսներ, իր գործերը ներկայացրել է խմբովի ցուցադրություններում, հասցրել է ձևավորել մի շարք գեղարվեստկան գրքեր՝ այդ թվում մանկական գրականության նմուշներ: Իրեն վերաբերվող շատ կանխատեսումներ իրագործվել են. նա գծի նրբակերտող է, ունի բոլորի մեջ ճանաչելի իր ձեռագիրը, մարդկային հույզի նկարագիրը գծի շարժմամբ տալու իր վարպետությունն ակնհայտ է:

Հասմիկ Սարգսյան

+1
0
Previous Story

ՆՈՐՕՐՅԱ ՍՐԲԱՊԱՏԿԵՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Next Story

Ե՛Վ ԹԱԽԻԾ, Ե՛Վ ԺՊԻՏ…

Related Posts

0

ԵՐԳԵՐ՝ ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ՏՈՂԻ ԶՈՐՈՒԹՅԱՄԲ

Posted On 24 Feb 2019
, By Christina Abrahamyan
0

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԴԻՄԱՊԱՏԿԵՐԸ՝ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀՈՒՇԱՊԱՏՈՒՄ – ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ

Posted On 19 Feb 2019
, By Christina Abrahamyan
0

ԸՆԴԳԾՎԱԾ ԱՐՏԻՍՏԱԿԱՆՈւԹՅԱՄԲ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԲԱՍԸ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Posted On 07 Apr 2018
, By Christina Abrahamyan
0

ԳՐԻԳ, ՉԱՅԿՈՎՍԿԻ, ՌԱԽՄԱՆԻՆՈՎ՝ ՄԵԿ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԵՐԵԿՈՅԻ ԸՆԹԱՑՔՈւՄ

Posted On 06 Apr 2018
, By Christina Abrahamyan

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • Թումանյանը Իսահակյանի հուշերում
  • Գույժ. 77 տարեկան հասակում մահացել է անվանի շինարար և բարերար Վարդգես Արծրունին
  • Անդրադարձ «Արցախի գրական դարբնոց» սեմինար-քննարկմանը
  • ՏԻԳՐԱՆ ՖԱՐՄԱՆՅԱՆ
  • Ո՞ՐՆ Է, ԱՆՈՒՇ, ՁԵՐ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ
  • ՀԱՅՈՑ ԻՄԱՍՏԱԿԻՐ ՀՆՉՅՈՒՆՆԵՐ
  • «Մաեստրո Մանսուրյան». ֆիլմ՝ նվիրված վարպետի 80-ամյակին
  • ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՀՈՒՇԻ ԱՐԹՆՈՒԹՅԱՄԲ
  • ԱՐԹՈւՐ ՄԵՍՉՅԱՆ ՄԱՐԴԸ, ՈՎ ՍԻՐՈւՄ Է ՄԵՐՁԱՎՈՐԻՆ, ԸՆԿԵՐՈՋԸ, ԴՐԱՑՈւՆ, ՔԱՂԱՔԱՑՈւՆ, ՈւՐԵՄՆ՝ ԱՍՏԾՈւՆ
  • ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ԱՐՄԵՆ ՎԱՀՐԱՄՅԱՆԻ ԱՐԹՄՆԻ ԵՐԱԶՆԵՐԸ

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 162,349 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,863 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 66,092 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 61,140 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 42,055 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,696 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,242 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,390 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 32,162 views
  • ՀԱՅԸ մարդկային ցեղի ակունքն է և առնվազն 50.000 տարեկան է - 30,067 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com