Ստեղծագործում են Գավառի ժողովրդական վարպետները
Ս. թ. հունիսի 3-10-ը Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում ներկայացվում է «Ստեղծագործում են Գավառի ժողովրդական վարպետները» խորագիրը կրող ցուցահանդեսը: Ցուցադրվում են Գավառի հինգ ստեղծագործող կանանց՝ Անահիտ Ճաթեյանի, Հասմիկ Սեթաղյանի, Ռուզան Աչիկյանի, Հայկուշ Սարգսյանի և Անահիտ Ստեփանյանի գործվածքից և թաղիքից պատրաստված աշխատանքները:
Նրանք ապրում և ստեղծագործում են Գավառում, տիրապետում են դեկորատիվ-կիրառական արվեստի տարբեր ճյուղերի հմտություններին և մշտապես ներգրավված են մարզի կրթամշակութային գործընթացներում: Համագործակցելով տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների, պետական կառույցների հետ՝ իրականացնում են տարբեր մշակութային նախաձեռնություններ, ցուցահանդեսներ, փորձի փոխանակման դասընթացներ, թաղիքագործության, կարպետագործության, ասեղնագործության, տիկնիկագործության և դեկորատիվ-կիրառական արվեստի վարպետության դասեր։ Նրանցից մի քանիսն աշխատում են Գավառի մանկատանը, ուր մանուկներին ծանոթացնում են ժողովրդական արվեստի հմտություններին։
Նրանք 2017 թ. ՀՀ մշակույթի նախարարության կողմից ժողովրդական վարպետի կարգավիճակի մասին հավաստող վկայական ստանալու նպատակով դիմել են Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն:
Կենտրոնի գեղարվեստական խորհրդի որոշմամբ կազմակերպվող այս ցուցահանդեսը մարզերի ստեղծագործական ներուժը մայրաքաղաքում ներկայացնելու, նոր համագործակցությունների և ժողովրդական ստեղծագործության հանրահռչակման հնարավորության ևս մեկ երաշխիք է: