ԲՈւԺՈւՄ Է ՏՐԱԴԵՍԿԱՆՑԻԱՆ
Ացտեկները անվանել են Արևի ծաղիկ, որը կարող է հեռացնել մտքի, զգացմունքի կամ խոսքի միջոցով փոխանցվող բացասական էներգիան:
Տրադեսկանցիաները Commelinaceae ընտանիքին պատկանող բույսեր են։ Առաջին անգամ նկարագրել և սկսել են մշակել հայր և որդի Տրադեսկանտները` 17-րդ դարում։
Տարածված են Արգենտինայի հյուսիսից մինչև Կանադայի հարավ։ Ուղիղ կամ գետնատարած` արմատացող ցողունով բազմամյա բույսեր են։ Մշակովի տեսակներից հայտնի են Tradescantia virginica և T.Zebrina pendula տեսակները։ Առաջինը լայնորեն տարածված է Ատլանտյան օվկիանոսի հյուսիսարևելյան ափերին։ Z. pendula-թարգմանաբար նշանակում է` «զոլավոր, կախովի» բույս որը երբեմն անվանում են «կանացի բամբասանք»։
Ծաղկատերևիկները և թերթիկները երեքն են, վարդագույն կամ մանուշակագույն երանգներով։ Տերևը կանաչ է կամ արծաթագույն, արտահայտված գծային զոլերով, տակից` կարմրածիրանագույն կամ մանուշակագույն։ Պտուղը փոքր տուփիկ է։
Կարող է աճել ջրի մեջ, ծաղկամանը հաճախ կախում են։
Գիտականորեն ապացուցված է, որ բույսը մաքրում և խոնավացնում է բնակարանի օդը, պաշտպանում էլեկտրամագնիսական դաշտի ազդեցությունից։ Բույսի տեսքը հանգստացնում է աչքերը, մեղմացնում լարվածությունը և հոգնածությունը։ Վերջին տարիներին կարևորվում են T.Z.pendula տեսակի վերքամոքիչ, հակաբորբոքային, արյունարգել, հակաուռուցքային հատկությունները։ Հյութը պարունակում է ինսուլինանման նյութ։ Պարզվել է, որ զեբրինայի պատրաստուկներն օգտակար են թոքախտի համալիր բուժման ընթացքում։
ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ
Կոլիտ. Մանրացրեք բույսի ցողունը և տերևները, 100 գ հումքին ավելացրեք 300 մլ օղի։ 21 օր թրմեք մուգ տարայում` սառնարանի մեջ, քամեք քառատակ ծալած թանզիֆով։ Խմեք 2-ական ճ/գ, օրը 3-4 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ` 100 մլ գոլ ջրով։
-100 գ հումքը 2 ժամ թրմեք ջերմապահում 200 մլ եռջրով, քամեք և զտեք թուրմը թանզիֆով։ Խմեք 60-ական մլ, օրը 3 անգամ` ուտելուց 30 րոպե առաջ։ Միջոցներն օգտակար են նաև ստամոքսի խանգարման և մետեորիզմի դեպքում։
Շաքարային դիաբետ. Մանրացրեք 2 ճ/գ զոլավոր տրադեսկանցիայի թարմ տերևներ։ Մեկ ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 60-ական մլ, օրը 3 անգամ`ուտելուց 30 րոպե առաջ։ Շարունակեք 14 օր, կրկնեք 7 օրից։
Միջոցն օգտակար է 2-րդ տիպի շաքարային դիաբետի դեպքում, քանի դեռ չի առաջացել ինսուլին ներարկելու անհրաժեշտություն։
Թոքախտ. Մանրացրեք թարմ կտրած ցողունը և տերևները։ 3 ճ/գ հումքը 2 ժամ թրմեք 100 մլ սառը զտված ջրում, քամեք, աղացեք։ Աղացած հումքի 1 ճ/գ-ն խառնեք 30 մլ գոլ թուրմի հետ (այն, որ մնաց քամելուց հետո)։ Այդ չափաբաժնով խմեք օրը 3 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ։ Շարունակեք 28 օր, կրկնեք 7 օրից։ Խորհրդակցեք բժշկի հետ:
Անգինա. Խառնեք 1 կիտրոնի մանրացրած կեղև,կեսական ճ/գ չորացրած կատվալեզվի խոտ և եղեսպակի տերև։ 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Ավելացրեք 2 ճ/գ զեբրինայի հյութ։ Խմեք 50-ական մլ, օրը 2 անգամ, ուտելուց հետո։
Բրոնխիտ. Խառնեք 50 մլ զեբրինայի հյութ, 100 մլ գինի (կագոր), 60-70 գ մեղր։ Մի քանի օր պահեք սառնարանում։ Կերեք 1-ական ճ/գ, օրը 3-4 անգամ, սնվելուց 10 րոպե առաջ։
Ստոմատիտ. Մանրացրեք, խառնեք երիցուկի և լորենու ծաղիկներ, զեբրինայի թարմ տերև (3։2։2)։ 4 ճ/գ հումքը 20 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք թանզիֆով։ Օրը 5-7 անգամ կատարեք ողողում գոլ թուրմով։
Չիբան. Թրջեք բամբակե խծուծը գոլ հյութի մեջ, դրեք թրջոց, պահեք 1 ժամ, կատարեք օրը 5-6 անգամ։ Քնելուց առաջ դրեք ոգեթուրմով թրջոց, ամրացրեք։
Պարոդոնտոզ. Ուտելուց առաջ և հետո ծամեք զեբրինայի 1-ական տերև։ Բուժիչ է թքի հետ խառնված հյութը, տերևի մնացորդը չի կարելի կուլ տալ։
Տրադեսկանցիան հեշտ է աճեցնել սենյակային պայմաններում, սիրում է վառ, ցրված լուսավորություն, լավ է աճում սենյակի արևելյան և արևմտյան կողմերում։ Ամռանը կարելի է դնել արևի ճառագայթներից և քամուց պաշտպանված պատշգամբում։ Բազմանում է սերմերով, շիվերով կամ թփի բաժանման եղանակով։
Սերմերի պահպանման համար հարկավոր է 20 C-ից ոչ ցածր ջերմաստիճան։ Նոր ծլող բույսը պետք է հաճախակի ցայել ջրով և օդափոխել սենյակը։ Ծաղկում է կյանքի 3-րդ տարում։ Գարնանը և ամռանը պահպանեք հողի վերին շերտի խոնավությունը։ Մինչև 3 տարեկան բույսերը տեղափոխեք յուրաքանչյուր տարի, գարնանը կատարեք էտում։
Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:
ՀԵՂԻՆԱԿ..ՋՈւԼԻԵՏԱ ՍԱՀԱԿՅԱՆ