ԵՐԵՔ ՑՈւՑԱՀԱՆԴԵՍ՝ ՆՈւՅՆ ՏԵՂՈւՄ, ՆՈւՅՆ ԺԱՄԻՆ
Ապրիլի յոթը հարուստ էր զանազան միջոցառումներով, որոնցից երեքը կայացան նույն տեղում և համարյա նույն ժամին: Նկարիչների միության շենքի երեք հարկի ցուցասրահներում էլ ցուցահանդեսների բացում էր՝ տարբեր թեմաներով ու տարբեր առիթներով պայմանավորված: Վերին՝ երրորդ հարկում իր բուժիչ գույներն էր ցուցադրում Սուսաննա Հարությունյանը:
ԳՈՅՆՔ ԲԱԼԱՍԱՆԱՑ ԿԱՄ ՍՈՒՍԱՆՆԱՅԻ ԳՈՒՅՆԵՐԻ ՄՈԳՈՒԹՅՈՒՆԸ
Ժպտուն աղջիկը սպասում է իր նկարների ցուցադրության սրահի մուտքի մոտ: Այցելուները քիչ առ քիչ մոտենում են, իսկ ինքը ողջ անհամբերություն է: Պատրաստվել է ցուցահանդեսին հիմնավորապես, գիտե՝ ինչու է դիմել նկարչությանը՝ աշխարհից ու մարդկանցից, պոեզիայից ու կյանքից իր տպավորությունները հաղորդելու համար, գիտե՝ ինչն էր պակասում իրեն մինչ այդ լիարժեքորեն <<բացվելու>> աշխարհի առջև, գիտե՝ գույների բուժիչ, բալասանող հատկությունը: Չի խոսում բարձրաձայն իր կյանքի մանրամասներից, իր հաղթահարած և չհաղթահարած ցավերից, ողջը պետք է կարողանալ կարդալ իր գործերում, աբստրահարված գծապատկերներում, գույնի միջոցով աշխարհի իր <<ընթերցումներում>>: Այսպես, Սուսաննա Հարությունյանը գույնով բանաձևում է իր տրամադրությունները (մի քանի գեղանկար հենց այդպես էլ վերնագրված են՝ <<Տրամադրություն>>), կոմիտասյան հնչերանգները գույնի վերածում, տաճարական մեղեդիներից իրեն հաղորդվող էներգիաները կտավին հանձնում, վրձնահարվածներով անում նարեկյան ընթերցումներ, հեթանոս շարժն ու արյան խաղի շրջապտույտը՝ ժամանակների ու տարածության միջոցով հաղորդվող, յուրովի մեկնաբանում:
Կարճ ընթացք է, ինչ նկարում է: Ներքուստ, թերևս, երկար է նախապատրաստվել այն պահին, երբ վրձին կվերցնի: Ու բացել, ուրիշների համար բացահայտել է իր ներքնաշխարհը գույների միջոցով: Նրա ամեն մի գունային լուծում իր <<ընթերցումներն>> ազատ զգալու, սեփական կամոք մեկնելու հնարավորություն են տալիս: Նորելուկ՝ նկարչության մեջ, այդուհանդերձ լավ գունազգացողություն ունի, գույների համադրման ճաշակ, իր զգացողությունները հաղորդելու ունակություն: Վերնագրերը հուշում են, բայց չեն պարտադրում: Կապույտի գերակայությամբ նորերս վրձնած իր <<Կոմիտասը>>՝ երազի ու պարզ, զուլալ ակունքի մասին հուշում է, բայց նաև կարող է մեկնվել՝ իբրև կյանքի հանդեպ իր հավատ ու ներքին պայծառության արտացոլում: Ս. Հարությունյանի նկարած ծաղկաբույլերն էլ՝ աստղածաղիկներ, երևակայական բույսեր, դարձյալ նատյուրմորտներ չեն՝ դասական առումով, այլ գծի ու գույնի համադրությամբ երևակայական պատկերներ, որոնց դիտողը կարող է այլազան բացատրություններ տալ: Իսկ ամբողջությամբ՝ Սուսաննայի նկարչությունը հոգեբուխ գունազատում է, գունարձակում, ինչը, հուսամ, դեռ կկատարելագործվի ժամանակի ընթացքում, կդառնա հստակ ասելիք, կձերբազատվի դեռևս շոշափվող երկչոտությունից: Կատարելագործման ուղին անընմեջ է, գույնով բուժելու, բալասանելու ունակության մշակումն ու կարողությունը՝ բնատուրիկ:
ՔԱՐԵՐԻ ԼԵԶՈՒՆ՝ ՀԵՆՐԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ՀԱՎԱՔԱԾՈւԻ ՑՈւՑԱԴՐՈւԹՅՈւՆՈՒՄ
Հայաստանի նկարիչների միության շենքի երկրորդ հարկի ցուցասրահը մի քանի օրով վերածվել է քարերի <<աշխարհի>>: Այստեղ քարերի նյու՛թը չէ կարոր, այլ բնական բեկորների մեջ գաղափար դնելու, պատկեր տեսնելու ունակությունը: Փոքրածավալ քարաբեկորները Հենրիկ Ալեքսանյանը կցել ու ստացել է պատկերներ, որոնք, ոնց այս հոդվածում նախորդիվ ներկայացված ցուցահանդեսում, կարող ես մեկնաբանել զանազանակերպ, ոնց երևակայությունդ կհուշի այդ պահին: Ինքը՝ <<քարահավաք>> Հենրիկ Ալեքսանյանը, Արմավիրի մարզից է, սիրում ու հասկանում է քարերի աշխարհ Հայաստանի <<քարալեզուն>>, և այն յուրակերպ ուզում է ներկայանել նաև այլոց:
ԱՄԵՆԻՑ ԱՎԵԼԻ ԽՈՍՎԵՑ ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՓՈԽԱԴԱՐՁ ՎՍՏԱՀՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Եվ երրորդ ցուցահանդեսը՝ նույն վայրում, նույն օրը նվիրված էր հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:Մինչ այդ արդեն նույն առիթով միջոցառումներ անցկացվել են թե՛ Հայաստանում և թե՛ Չինաստանում: Չինաստանում ՀՀ դեսպանատան ջանքերով գիտական կլոր սեղան է կազմակերպվել, առջևում են Հայաստանի մշակույթի օրերը Չինաստանում, որոնց ընթացքում կներկայացվեն հայ մշակույթը, մասնավորապես հայկական երաժշտարվեստը: Թե ովքե՛ր, ի՛նչ ընտրությամբ և ու՛մ րած ընտրությամբ դրանք կներկայացվեն,- այդ մասին մանրամասներ չհաղորդվեցին, բայց անձամբ ինձ հետաքրքիր է, քանի որ ո՛չ ամենն է այդ ոլորտում արվում թափանցիկ, ո՛չ միշտ են իրոք արժանիները ներկայացվում…
Բայց անցնենք ցուցադրությանը: Բացառապես լուսանկարներ էին, որոնցում պատկերված էին տարբեր ոլորտներում հայ-չինական համագործակցության մասին փաստող դրվագները: Ցուցադրության բացմանը բազմիցս ընդգծվեց փոխգործակցության հեռանկարը և երկուստեք վստահությունը: Սա առիթ է մտածելու, որ թերևս պետք է գործուն քայլեր ձեռնարկել չինական հինավուրց արվեստը ցուցահանդեսներով ու համերգներով Հայաստանում ևս ներկայացնելու ուղղությամբ:
Ապրիլ 7, 2017թ.
Նույն օրը նույն վայրում երեք ցուցադրություններից իր համառոտ տպավորությունները գրառեց Հասմիկ Սարգսյանը