Այս ռուս բանաստեղծը գրել է՝ եթե ուժս պատեր, Արարատը գրկած կբերեի ձեզ. մահացել է Եվգենի Եվտուշենկոն
,,Наворачивается слеза, наворачивается,
не от того ли, что жизнь укарачивается? …,,
Լուր եկավ, որ մահացել է Եվտուշենկոն: Ենթադրում եմ, որ այս անունը քիչ բան է նշանակում մեր այսօրվա համար: Բայց իմ սերնդի կյանքում նա գրամթնոլորտ և դրանից ավելին ստեղծողներից էր, հետստալինյան, թեկուզև՝ հարաբերական, բայց ազատությա՛ն խորհրդանիշներից մեկը:
Երևի մի տասնհինգ տարեկան էի: Հորս հետ դուրս ելանք թատերական ինստիտուտից, որն Իսահակյան փողոցում էր, ու դեմ առ դեմ հանդիպեցինք Գևորգ Էմինին՝ մի երկայնահասակ մարդու հետ: Ոտքի վրա զրույց, շատ – շատ՝ հինգ րոպե: Տպավորվել է, որ Էմինն ասաց, որ այս ռուս բանաստեղծը գրել է՝ եթե ուժս պատեր, Արարատը գրկած կբերեի ձեզ: Ասաց նաև, որ այդ բանաստեղծությունը դեռ տպագրված չէ, բայց ինքն արդեն թարգմանել է:
Հետո, երբ ուսանող էի, Եվտուշենկոն ու Վոզնեսենսկին տիրապետող անուններ էին ,,ոչ այնքան սովետական,, գրականության հմայքով, քանի որ Բրոդսկի դեռևս չգիտեինք:
Անցան … ,,դարեր,,: Թարգմանեցի նրա ,,Մանկապարտեզ,, ֆիլմի երկխոսություննեը: Դուբլյաժը, կարծես, լավ ստացվեց: Իսկ Մոսկվայում, ,,Ռիժսկի վոկզալի,, մոտ, հաճախ ,,Լիտգազետա,, էի առնում մի կրպակից, որտեղ նստած թերթավաճառն իր մայրն էր: Բայց այդ մասին ուշ իմացա՝ մի հարցազրույցից:
Հանդիպեցինք 99 – ի կինոփառատոնում: Սուրճի հերթ: Մի քանի բառ, ապա՝ նույն սեղան: Հարցուփորձ էր անում Լևոն Մկրտչյանից, Արցախից, Երևանից: Ասաց՝ ,,Դուք գիտե՞ք, որ ես Պարույր Սևակ եմ թարգմանել:,, Եթե չեմ սխալվում, խոսքը ,,Ուշացած սեր,, – ի մասին էր:
Մի 12 թե 13 տարի առաջ վերջին անգամ Հայաստան եկավ: Գրողների տան կլոր սրահի հանդիպումը վարում էր նվաստս: Աջից ձախից լուսանկարում էին. չունեմ:
Իր հետ մի դարափուլ փակվեց, որը վաղուց ավարտվել էր պատմականորեն, բայց չէր վերջացել որպես մշակույթ, քանի դեռ կային այդ ժամանակվա արժեքները, հիվանդությունները, ձգտումներն ու Խոսքը կրող անհատները: