ԽՈՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. Թատերական ինստիտուտն իմ կյանքում հսկայական դեր է խաղացել
Թատերական ինստիտուտի մասին իմ հիշողությունները շատ վաղ են սկսվում, դա հեռավոր 1947 թվականն էր: Դպրոցն ավարտեցի, մայրիկիս հետ գնացի ինստիտուտ, գործերս հանձնեցի: Մի շատ ծիծաղաշարժ դեպք տեղի ունեցավ: Հանդիպեցինք պատկառելի արտաքինով մի երիտասարդ մարդու, որն ինձ ասաց. «Ինչո՞ւ ես եկել»: Ասացի. «Եկել եմ, որ ընդունվեմ»: Ասաց. «Ի՞նչ ես պատրաստել»: Պատրաստել էի Պեպոյի մենախոսությունը և Գեղամ Սարյանի «Հազար շեփոր հնչի թող այս առավոտ» բանաստեղծությունը, մայրս էր հետս պարապել: Գնացինք վերև, ազատ մի լսարան, ես արտասանեցի, նա էլ ցուցումներ էր տալիս, թե` սա էսպես, նա էնպես արա … Ինչ ասում էր, ես գիժ-գիժ անում էի: «Լավ է, շատ լավ է, գնացինք, վաղը կգաք կունսուլտացիայի»,-լուրջ-լուրջ ասաց պատկառելի արտաքինով երիտասարդը: Մյուս օրը եկանք առաջին կոնսուլտացիային: Տեսա այդ երիտասարդին, որն ինձ քննում էր, նստած լսարանում: Պարզվեց` Արմեն Խոստիկյանն էր, չգիտես ինչու` որոշել էր ինձ հետ պարապել: Մեր մեջ տարիների տարբերությունը մեծ չէր, բայց նրա արտաքինը ներշնչող էր` լիքը-լիքը, ոնց որ դասախոս լիներ, իսկ ես շատ նվազ էի:
Ես էն բախտավորներից եմ, որ իրենց կենսագրությունը պատմելիս կամ գրելիս չեն ասում, թե` ես մանկությունից երազել էի դերասան դառնալ և նման ինչ-որ բան … Ես ոչ մի բան չեմ երազել, և մտքովս էլ չի անցել, թե` թատերական ինստիտուտ պետք է ընդունվեմ: Գնացի, որովհետև մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա չկար, ինչպես ուրիշ տեղերում, մտածելով, որ մի տարի հետո կտեղափոխվեմ այնպիսի մի ինստիտուտ, որտեղ գրականությամբ են զբաղվում, գրականություն շատ էի սիրում, բայց ընդունվելուց մի քանի օր էր անցել, չեմ չափազանցնում, ընդամենը մի քանի օր, երբ ես հասկացա, որ դա իմ կյանքի գործն է լինելու, որովհետև բախտս բերել էր, ընկել էի Արմեն Գուլակյանի լուրս: Սկզբում Պատվական Բարխուդարյանի կուրսում էի, որը կինոկուրս էր: Երբ Պատվական Բարխուդարյանը մահացավ, նրա կուրսի ուսանողներին տարբեր կուրսերի միջև բաժանեցին: Բախտս բերեց, Գուլակյանն ինձ վերցրեց իր կուրս: Ասում եմ` նախտս բերեց, որովհետև Գուլակյանը հեշտ ու հանգիստ մարդ վերցնող չէր: Մյուս կողմից` բախտս բերեց այն իմաստով, որ Գուլակյանից ավելի մեծ մանկավարժ, գոնե ինձ, հայտնի չէ: Ես բավական տեղյակ եմ` թե´ մեզ մոտ և թե´ Ռուսաստանում, առիթ ` եղել նաև Եվրոպայում, որտեղ ուսումնական հաստատություններ եմ այցելել, Գուլակյանի նման մանկավարժի չեմ հանդիպել: Զարմանալի նպատակասլաց մարդ էր, զարմանալի հետևում էր կարգապահությանը: Իհարկե, ստեղծագործական, իհարկե, աշխատանքային, առանց որոնց ոչնչի հնարավոր չէ հասնել: փորձի սկիզբը, ընթացքը, ավարտը, ամեն ինչ կազմակերպված էր, և այդ կազմակերպվածությունը մր արդարացում ուներ, այն խարապես ստեղծագործական էր …
Նույնիսկ դրսում մենք ազատ չէին մեր պահվածքի մեջ: Մենք մեզ թատերական ինստիտուտի ուսանողի պես պիտի պահեինք, այլ ոչ թե կոտրատվեիքն, պատեհ առիթներին արտասանեինք, դա կտրականապես արգելվում էր: Էնքան իմաստուն էր, որ հենց առաջին կուրսի վերջից, այսինքն` 47-48 թվականներին, մեզ տարավ թատրոն: Դա էլ իմաստ ուներ, որովհետև, նորից շեշտելով ասեմ. Լինելով մեծ մանկավարժ` նա հասկանում էր, որ թատրոնն իր օրենքներն ունի և միշտ չէ, որ կապվում է այն բոլորի հետ, ինչ մենք սովորում ենք: Մինչ այսօր, երբ հայտնվում եմ բարդ կացություններում, մտովի զրուցում եմ նրա հետ: Մտածում եմ` էս ու էն դեպքում նա ինչպե՞ս կվարվեր, ի՞նչ կաներ: Նա ինձ համար ամբողջ կյանքում ուսուցիչ դարձավ, բառիս ամենատարողունակ իմաստով …
Հետո ավարտեցինք ինստիտուտը, ու նա մեզ տարավ թատրոն: Այդ տարիների Սունդուկյանի անվ. Թատրոնի բեմում աստղերի մի ողջ համաստեղծություն էր շողում` Վահրամ Փափազյան, Հրաչյա Ներսիսիյան, Ավետ Ավետիսյան, Գուրգեն Ջանիբեկյան, Դավիթ Մալյան, Օլգա Գուլազյան, Թաթիկ Սարյան, զարմանալ կարելի է, և ահա հրաշալի սերնդին փոխարինելու է գալիս մի նոր, երիտասարդ սերունդ` Մետաքսյա Սիմոնյան, Մարգո Մուրադյան, Լուսյա Հովհաննիսյան, Հեղինե Հովհաննիսյան, Մհեր Մկրտչյան, Արմեն Խոստիկյան, Վոլոդյա Աբաջյան, Սոս Սարգսյան, թվով երեսուն հոգի: Օրգանապես փոխվեց էդ հզոր սերունդը, և առաջացավ նրանցից ոչ պակաս տաղանդավոր ու հզոր մի նոր սերունդ, և բոլորը Երևանի թատերական ինստիտուտի շրջանավարտներ: Նույնիսկ Մհեր Մկրտչյանը, որ եկավ Լենինականից ու արդեն կայացած դերասան էր, նույնպես ընդունվեց թատերական ինստիտուտ. չգիտեմ` ավերտե՞ց, թե՞ ոչ, բայց կարևորը դա չէ: Կատակով ասում էինք, որ Մհերն ինստիտուտում դասավանդող շատ ու շատ դասախոսների կարող է դաս տալ: Նա արդեն վարպետ էր, բայց նույնպես ավարտեց ինստիտուտը, որովհետև ճանապարհը դա էր:
Հետո արդեն ես ինքս էլ դասավանդեցի ինստիտուտում. երեք-չորս կուրս ավարտեցին: Մեր ինստիտուտը հսկայական դեր է խաղացել մեր թատերական, հասարակական, մտավոր և հոգևոր կյանքում: Կարելի է զարմանալ այն տարիների մեր պետական գործիչների խորաթափանցությամբ, մտահոգությամբ, շահագրգռվածությամբ, պատերազմի խորապես դաժան տարիներին, ինչպես ընդունված է ասել, նրանք ստեղծեցին թատերական ինստիտուտը: Տեսեք, թե ինչ մեծ նշանակություն էին նրանք տալիս թատերական արվեստին: Ես կարծում եմ` այդ նշանակությունը մինչև հիմա էլ գոյություն ունի: Հույս ունեմ, որ այս ինստիտուտի ուսանողները կլինեն իրենց կոչմանը արժանի բարձրության վրա և ոչ միայն Հայաստանի, այլև ուրիշ երկրների թատրոնները կհամալրեն կիրթ, բանիմաց, մինչև վերջ արվեստին նվիրված, տաղանդավոր անհատներով: Մի միտք ունեմ, որ ուզւոմ եմ անպայման ասել, կարծես թե ուսման պրոցեսը երկար է, ինչը շատ բան է բարդացնում: Չորս տարին ես երկար եմ համարում: Արհեստը պիտի սովորես, կարատերլագործես աշխատանքում: Երիտասարդ դերասանները շուտ պետք է թատրոն մտնեն, գուցե դրա համար էր, որ թատրոնի մեծերը` Ստանիսլավսկին, Մեյերխոլդը, Վախթանգովը և ուրիշներ, ավելի ստուդիական ուսման էին հակված, նրանք իրենց ղեկավարած թատրոններին կից ունեին ստուդիաներ: Ինչևէ, դժվար է գերագնահատել ինստիտուտի դերը, կարծում եմ, հաշվի առնելով նոր ժամանակները, նոր պահանջները, շատ ավելի մոբիլ ուսման պրոցեսների կանցնեն: Իմ կյանքում ինստիտուտը հսկայական դեր է խաղացել, և ոչ միայն իմ, այլ` բոլոր նրանց, ովքեր անցել են Երևանի թատերական ինստիտուտի բովով: Մեր բոլոր դասախոսները բարձր պրոֆեսիոնալներ էին և անպայման գործող, դա շատ կարևոր է, այսինքն` ոչ թե տեսական ինչ-որ բաներ էին սովորեցնում, այլ` գործող ռեժիսորներ և դերասաններ էին: Ընդհանուր զարգացությունը շատ բարձր էր: Պարի դասատուներ էին Սրբուհի Լիսիցյանը, Դուրինյանը, Զարեհ Մուրադյանը: Վոկալն էնպիսի բարձրության վրա էր, կարծես օպերային երգիչ, երգչուհիներ էին պատրաստում: Պակաս բարձրության վրա չէին նաև հումանիտար առարկարենրը, որոնք դասավանդում էին անվանի գիտնականներ, արվեստի վաստակաշատ գործիչներ …
Ես կարծում եմ` մեր ինստիտուտը միշտ իր բարձրության վրա կլինի, և քանի որ սա հոբելյանի կապակցությամբ ասած խոսք է` ուզւոմ եմ իմ շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնել այդ ուսումնական հաստատատությանը, որն իմ կյանքում հսկայական դեր է խաղացել:
ԽՈՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ