«Արի գրքախառնվենք» միջոցառումը` «Բուկինիստ» գրախանութում
Նոյեմբերի 25-ին Երևանի «Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ «Գրքի գիշեր 2016. արի գրքախառնվենք» միջոցառումը, որն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում:
«Ոգևորիչ անուն ունի այս ծրագիրը, որովհետև գիրքը մարդկանց՝ ոչ միայն միմյանց, նաև կյանքի երևույթների հանդեպ մերձեցման, ճանաչման լավագույն միջոցներից մեկն է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյան:
Նա նշեց, որ նման ծրագրերի միջոցով ցանկանում են բարձրացնել գրքի դերը մարդկանց կենցաղում. «Այս միջոցառումն իր տեսակով առաջինն է ու ներքին մեծ պոտենցիալ ունի»:
Միջոցառումը կազմակերում են «Բուկինիստ» ընկերությունը և «Արևիկ» հրատարակչությունը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
«Բուկինիստ» ընկերության տնօրեն, «Գիրք տարածողների ազգային ասոցիացիայի» նախագահ Խաչիկ Վարդանյանն ասաց, որ իրենք ղեկավարվում են այն սկզբունքով, որ գիրքը եղել է, կա, կմնա գիտելիքի ձեռքբերման հիմնական, եթե ոչ ամենահիմնական, աղբյուրներից մեկը:
Նա նշեց, որ տարեցտարի ավելանում է գրքի հանդեպ հետաքրքրությունը, ընթերցողներն ավելանում են ոչ թե տնտեսության նման երկու տոկոսով, այլ երկնիշ թվերով: Խ. Վարդանյանի խոսքով՝ բարձրացել են հրատարակված գրքերի որակը, նույնիսկ կան գրքեր, որոնք բնագրերից թարգմանվել են հայերեն, որոնց ռուսերեն թարգմանությունը դեռ չկա:
«Այս ֆոնի վրա մտածեցինք՝ կա թանգարանային գիշեր, գրադարանային գիշեր: Շատ լավ, իսկ ինչո՞ւ չանենք նաև գրքի գիշեր, որի նպատակն է գրքերով փոխանակվելը, գրքի և գրականության հանդեպ հետաքրքրություն առաջացնելը»,- ասաց նա՝ հավելելով, որ այս տարի լրանում է նաև Հայաստանի ամենամեծ գրախանութի՝ «Բուկինիստի» 84-ամյակը և առաջին մանկական հրատարակչության՝ «Արևիկ»-ի 30-ամյակը:
Խ.Վարդանյանն ասաց, որ նախատեսում են հաջորդ տարվանից «Գրքի գիշեր» միջոցառմանը ներգրավել Հայաստանի բոլոր գրախանութներին՝ այդ օրը դարձնելով ընտանեկան տոն:
«Արևիկ» հրատարակչության տնօրեն Սաբեթ Հովհաննիսյանն ասաց, որ իրենց խնդիրն է անընդհատ ուշադրության կենտրոնում պահել գիրքը, այդ իսկ պատճառով ինչքան շատ լինեն գրքին նվիրված տոները, միջոցառումները, այնքան լավ:
Միջոցառման ժամանակ գրախանութի ամբողջ տեսականու համար գործելու է 30 տոկոս զեղչ, լինելու է գրքախաղ, թեյախմություն, ընթերցողները հնարավորություն կունենա ձեռք բերել գրքեր հեղինակային ինքնագրերով:
Նշենք, որ այս յուրօրինակ նախաձեռնությանը առավոտյան միացել էր նաև Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները` Սիրարփի Կարապետյանի