Ուրարտացին եղել է Արարատյան դաշտի բնիկը՝ բացահայտում են նոր պեղումները
Նոր հնագիտական պեղումներ, որ նոր էջ կբացեն հայ ժողովրդի պատմության էջերում, մի գուցե նաև ստվերեն մինչ այդ պատմաբանների կողմից ներկայացված պատմական որոշ իրողություններ` կապված մարդաբանական գոյության, Քրիստոսի ծնունդից առաջ մարդու կենսակերպի, հուղարկավորության ծեսի հետ: Հնագետներն ու հնէաբանները 2016 թվականին իտալացի, ամերիկացի մասնագետների հետ համատեղ պեղումներ են իրականցրել Գեղարոտի հնավայրում, Կոտայքի մարզի Սոլակ 1 Դղյակ- ամրոցում, ծովի մակերևույթից 3000 մետր բարձրության վրա Վիշապ քարակոթողներում, Քարաշամբում, Ակնաշենում: Հինգ հետազոտություն և գտածոներ, որոնք բացառիկ են իրենց հնագիտական արժեքային բովանդակությամբ:
Հնագետներն ու հնէաբաններն այսօր ձեռնոց են նետում պատմությանը, բայց ոչ պատմաբաններին, ու պեղումների օգնությամբ վերաձևակերպում պատմական իրողությունները: Շատ պատմաբանները մարտահրավերն ընդունում են ու պատրաստակամություն հայտնում աշխատել փաստերի հետ, շատերը ոչ: Ինչո՞ւ։ Հարցին ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենը Պավել Ավետիսյանը պատասխանում է՝ պատմությունը գրվում է երկու աղբյուրների հիման վրա՝ գրավոր և հնագիտական պեղումների, եթե նախկինում գրավոր տվյալներն էին գերիշխող, այսօր արդեն 99 տոկոսով հնագիտականը, որի մեթոդաբանությունն այսպիսին է՝ իրողություններն ապացուցել փաստերով, լաբորատոր հետազոտություններով։ Սակայն պատմական գիտությունների դոկտոր Պավել Ավետիսյանը ցավով է նշում, որ պատմության էջերը թարմացնելու համար մասնագետների համալիր աշխատանք դեռ տեղի չի ունեցել:
Ի դեպ, օրեր առաջ հնագետ Հակոբ Սիմոնյանը խոսելով Թեյշեբաինի դամբարանադաշտում, կամ, ինչպես ժողովուրդն է ասում, Կարմիր բլուրում պեղումների մասին տեղեկացրեց, որ հայերս ունեցել ենք փոխարքայի 4 նստավայր, որոնցից մեկը Արցախում։ Այս գտածոները նույնպես հերքում են պատմական որոշ իրողություններ: Կարմիր բլուրում կատարված պեղումների արդյունքում հնագետները հայտնաբերել են փոխարքայի բրոնզից կերտված ցլագլուխ կեռ մական և հերքում պատմական որոշ իրողություններ:
2015 թվականին վերսկսված Կարմիր բլուրի պեղումների ընթացքում հայտնաբերվել է 281 դամբարան, ինչպես նաև փոխարքայինը, ու պարզվել, որ դեռևս ուրարտական ժամանակաշրջանից Հայաստանը բաժանված է եղել՝ ըստ նահանգների, և ամեն մի գավառ եղել է փոխարքայի իշխանության ներքո։ Վերջինիս մահից հետո դամբարանում է դրվել նաև իշխանության բարձրադիր խորհրդանշանը՝ մականը: Հնագետը ներկայացնում է մյուս փաստը, որը պատմաբանների համար վիճելի և քննարկման նյութ է:
Թեշեբայինի պեղումները հերքում են ուրարտացիների անհայտ ծագում ունենալու պնդումները; Ուրարտացին եղել է Արարատյան դաշտի բնիկը, և Արցախը Քրիստոսի ծննդից առաջ 7-8 դարերում անգամ եղել է Վանի միացյալ թագավորության կազմում: «Նմանօրինակ մականները հայտնաբերվել է նաև Վանաձորից, Սյունիքից և Արցախից՝ Առաջաձորից։ Բոլորն էլ գտնվել էին, և մտածում էինք, որ դրանք զարդեր են: Սակայն Կարմիր բլուրի պեղումներից գտնված մականը ապացուցեց, որ գտնվել է 4-րդ փոխարքայի մականը»:
Վերադառնալով պատմական գիտությունների դոկտոր Պավել Ավետիսյանը ներկայացրած պեղումների արդյունքներին՝ հայտնենք, որ ամենատպավորիչ արդյունքներն ստացել ենք Գեղարոտի պեղումների ընթացքում, որտեղ աշխատել է հայ-ամերիկյան արշավախումբ: Այնտեղ հայտնաբերվել են Քրիստոսից առաջ երրորդ հազարամյակի առաջին կեսի կառույցներ, որոնք գերեզմանոցի մաս են կազմել և ծիսական նշանակություն են ունեցել՝ նշեց Ավետիսյանը։
Այս տարի մեծ ծավալի աշխատանքներ են արվել նաև «Սոլակ-1» հնավայրում, ուսումնասիրվում է Վանի թագավորության շրջանի՝ արքայական կառույցներին բնորոշ հատակագծով ամրոց-դղյակը, որը սակայն ոչ արքայական արհեստանոցներում պատրաստված նյութերով հնավայր է: Ուսումնասիրությունների փուլում է Վիշապ քարակոթողների ուսումնասիրությունների ծրագիրը, որը բացառիկ է նրանով, որ 3000 մետրի վրա են պեղումներ կատարվում, քանի որ որպես կանոն հնագիտական հուշարձանները Կովկասում 2400 մետրից չեն անցնում: «Վիշապ քարակոթողների վերջին տարվա հետազոտությունների արդյունքում, հիմնվելով նախնական տվյալների վրա, կարող ենք ասել, որ սրանք Ք.Ա 3-րդ հազարամյակի վերջում, 1-ին հազարամյակի առաջին կեսին են պատկանում»:
Քարակոթող է հայտնաբերվել նաև Գառնի տաճարի տարածքում, որտեղ Վանի թագավորները սեպագիր արձանագրություն են թողել, ինչից հետևում է, որ դրանք վաղ են, քան Վանի թագավորության շրջանը: