• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

ԱՐԴԻ ՀԱՅ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԸ՝ «ՏԱՂԱՐԱՆԻ» ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ

Posted On 22 Oct 2016
Comment: 0
Tag: ԽԱՉԱՏՈՒՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, Հասմիկ Սարգսյան

Արդի հայ կոմպոզիտորական դպրոցը ներկայացնելը Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի կարևոր առաքելություններից է: Ամեն համերգաշրջանի, ի շարքս զանազան առիթներով տարբեր հեղինակների գործերի պրեմիերաների, մի ամբողջ համերգ նվիրվում է ներկայումս ստեղծագործող կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմանը: 2016 թվականի հոկտեմբերի 20-ի՝ «Տաղարան» համույթի երգացանկում ընդգրկված էին հինգ անուն՝ Վարդ Մանուկյան, Դավիթ Սաքոյան, Ռուբեն Սարգսյան, Խաչատուր Մարտիրոսյան, Արշակ Իկիլիկյան: 
«Լինեն մի քանիսը Սեդրակ Երկանյանի պես՝ հետևողականորեն հայ հեղինակներին ներկայացնող, կոմպոզիտորական միտքն առավել կծաղկի,- կարծիք է հայտնում կոմպոզիտոր Դավիթ Սաքոյանը, որի նոր ստեղծագործություններն արդեն երկու տասնամյակ հայ հանդիսականի դատին է հանձնում Մաեստրոն:- Նա երբեք հեղինակներին չի թելադրում, այլ ընտրելով գործերը և մարմնացնելով բեմին՝ կարծես ասում է՝ նայիր, ահա՛, սա՛ է քո գործը»: Այս համերգին առաջին անգամ հնչում է Դ. Սաքոյանի Կոնցերտը՝ երգեհոնի և կամերային նվագախմբի համար: Կոնցերտը հեղինակը նվիրել է երգեհոնահար Թերեզա Ոսկանյանին, որն էլ հենց կատարում է ստեղծագործությունը: Նշենք՝ այն հայկական առաջին երգեհոնային կոնցերտն է: Շարքային ունկնդրի մոտ երգեհոնը ասոցացվում է հատկապես հոգևոր երաժշտության հետ. սակայն արդի ստեղծագործություններում իր հոգեհունչ էությամբ հանդերձ՝ այն ժամանակակից մարդու ապրումների «լեզուն» է դառնում. եռամաս ստեղծագործության առաջին և վերջին հատվածներում առավել շատ են ապրումի վայրիվերումները, երկրորդում՝ մեղեդային է, քնարական: Երաժիշտները նոր գործում՝ հատկապես մուտքում, նկատում են հեղինակի հին գործերի մեղեդային զարգացումներ, մոտիվներ՝ նախորդ տարիներին ներկայացված «Վարք հիմարաց» կամերային օպերայից:

Քնարականությամբ է լեցուն Վարդ Մանուկյանի աշնանային մոտիվներով «Անուրջներ» վոկալ շարքը՝ գրված բանաստեղծ Մանվել Ադամյանի խոսքերով: Դաշնամուրի մոտ է Մաեստրո Սեդրակ Երկանյանը. ոնց բնորոշ է իր նվագին՝ զուսպ-հուզական, խորն ու կատարյալ… Դարձյալ եռամաս գործ է ներկայացվածը. Հասմիկ Ասատրյանի սոպրանոն Մաեստրոյի նվագի հետ համակցված հաղորդում է, նախ, աշնանային եղանակի մեղմությունը՝ համապատասխան տրամադրությամբ համակելով դահլիճը, ապա երկրորդ մասում գույները խտանում են՝ անթարգմանելի անհանգստության տոներով, իսկ երրորդ մասում վերացարկվում են, դառնում թախծոտ-անբացատրելի՝ ոնց ուշ աշնան մշուշները…

Ժողովրդական, ավանդական երգերից մինչև տիեզերականչ մտորումներ. այսպիսին է Արշակ Իկիլիկյանի ստեղծագործական ժառանգությունը, եթե փորձենք երկու բառով բնորոշել այն: Հայտնի են հեղինակի «Երկնագույն բանաստեղծություն», «Որբացած մտքեր» անվանումներով գործերը, «Քառերգ թոնրաշրթին» երգաշարը, ավանդական երգերի նորովի մեկնությամբ ու պատկերահամակարգով, գործիքակազմի յուրահատուկ ընտրությամբ հաղորդվող, ավանդական և արդի դասական՝ նոր տոնայնությամբ ու երաժշտական կառույցների սահմանները ճեղքող, երգեհոնային երաժշտությամբ համադրված երաժշտական երկերը, «Հրեշտակների կարոտը», «Կոսմոս», «Իկարուս», «Սուպերպուլս» վերտառությամբ ֆանտազիաները, նաև դաշնամուրի և լարային նվագախմբի համար III կոնցերտը և բազում այլ բազմաժանր ստեղծագործություններ:
«Տաղարանի» լարային կազմով և երգեհոնով կատարվող նրա «Կարոտը» քնարական հունչ ունի, մեղեդային է, հիշեցնում է ռոմանս:

 

ԵՎ ՄԱՏՆԵՐԸ ՄԽՐՃՎՈՒՄ ԷԻՆ ԼՍՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ


Ըստ իս, այս համերգի «մեխն» է՝ հատուկ հունչը Սեդրակ Երկանյանի և Հայկուհի Հակոբյանի կատարմամբ դաշնամուրի և ֆլեյտայի համար գրված «Ներսես Շնորհալի. Առաւօտ լուսոյ» երաժշտական երկը: Փոքրածավալ, բայց զգացմունքի խտությամբ առանձնահատուկ կերպով աչքի ընկնող գործն արդի հայ կոմպոզիտորական դպրոցի ներկայացուցիչներից մեկի՝ Ռուբեն Սարգսյանի մտքի ծնունդն է: 
Ռ. Սարգսյանը կոմպոզիցիա է դասավանդել Երևանի կոնսերվատորիայում՝ վարելով իր մշակած
«Ժամանակակից երաժշտության տեխնոլոգիա» դասընթացը: «Հայկական երաժշտական ասամբլեա» ՀԿ հիմնադիրներից է: Թավջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար գրված թիվ 1 կոնցերտի համար 1978-ին դարձել է «Տարվա լավագույն ստեղծագործություն» հանրապետական մրցույթի դափնեկիր: 1993-ին նրա մեկ այլ ստեղծագործություն՝ «Պոեմը», ճանաչվել է լավագույնը Սիմֆոնիկ երաժշտության հայկական կենտրոնի հայտարարած մրցույթում: «Իմ ժամանակակիցը» ստեղծագործությունների շարքի գնահատականը 2007-ին եղել է ՀՀ պետական բարձր մրցանակը: Երեք տարի առաջ իր մահկանացուն կնքած կոմպոզիտորի ստեղծագործության կատարումը նաև տուրք է իր հիշատակին:

Ի՞նչն է «Ներսես Շնորhալի. Առաւօտ լուսոյի» կատարման յուրահատկությունը: Այն սեղմ ժամանակում խտացված հույզի ու աղոթքի, խոսքի ու հնչյունի խառնուրդ է, որտեղ արտիստիկ մատուցում է պահանջվում կատարողներից, քանզի երաժշտական կատարմանը համընթաց արտաբերվում են օրհներգության բառերը՝ կիսաշշուկ, ասես՝ երրորդ գործիքն է հնչում… Մաեստրո Ս. Երկանյանի ձայնը խառնվում է դաշնամուրի ընդերքից ելնող անսովոր հունչին, խոսում են դաշնամուրի լարերը, ստեղները բավարար չեն հաղորդելու զգացմունքը… Ոնց ջութակահարներն են երբեմն աղեղը կողմ պահելով՝ մատներով լարերին նվագում, նույն հնարին (պիցիկատո) դիմում է դաշնակահարը՝ գործիքից կորզելով ամենայն հնարավորը… նաև անհնարինը… 
«Առավոտ լուսոյ, արեգակն արդար»,- մարդկային ձայնին խառնվում է Հայկուհի Հակոբյանի շուրթին հնչող ֆլեյտայի ելևէջումը: Ամեն մի մենանվագ Հայկուհու համար նշանակալից իրադարձություն է, ինչի շուրջն էլ սկսում եմ զրույցն իր հետ:

ՀԱՅԿՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ. ՖԼԵՅՏԱՀԱՐ, ՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆԸ ՏՐՎՈՒՄ Է ՄՏՔՈՎ, ՀՈԳՈՎ, ԻՄԱՑՈՒԹՅԱՄԲ

 
«…Իր վերին աստիճանի պատասխանատվությամբ զգալիորեն տարբերվում է,- կարծիք է հայտնում Հայկուհի Հակոբյանի մասին Մաեստրո Սեդրակ Երկանյանը:- Ոչ մի հանձնարարություն կիստ-պռատ չի անում: Այս առումով շատ գնահատելի է Հայկուհու նվիրումն աշխատանքում: Ես շատ արժևորում եմ իր գոյությունը «Տաղարանում»: Լինի դա անսամբլային գործ, թե մենանվագ,- ինչ էլ հանձնարարում եմ, աշխատում է ուժերի ներածին չափով անել: Այս համերգին կատարվող գործն էլ հանձնարարելուց հետո բավարար էր ընդամենը մի փորձ, մի բացատրություն մատուցելուց հետո արդեն աղջիկը զգալով նվագում է, ոչ թե՝ չոր ու ցամաք: Ինքը պարապել է մտքով, հոգով, պրոֆեսիոնալիզմը ողջ ներդրել է իր կատարման մեջ: Ահա թե ինչու առաջին իսկ բեմական փորձը հաջող էր: Հազվադեպ է լինում, որ փորձերին իր կողմը շրջվեմ՝ դիտողություն անելու»:
«Անկեղծ ասած, չեմ պատկերցնում ինձ առանց «Տաղարանի»,- անկեղծանում է Հայկուհին,- այն ընտանիքի պես է, նման մթնոլոտ այլ տեղերում չկա, և ողջը՝ Մաեստրոյի շնորհիվ: Մեզնից յուրաքանչյուրը փորձից փորձ, համերգից համերգ անընդհատ սովորում է, երաժշտության մեջ խորանալու, վարպետության դասեր առնելու, մոտեցումներ մշակելու առումով»:
Հայկուհին պատմում է իր երեք ուսուցիչների մասին, որոնց հաղորդած դասերը օգնել են իրեն՝ որպես պրոֆեսիոնալ երաժիշտ կայանալու: ֆլեյտան ընտրել է գիտակցաբար. մանկուց իրեն դուր է եկել այդ գործիքի հնչողությունը համերգներին: Առել է, նախ, ֆլեյտահար Գեորգի Գարբուզյանի, ապա՝ մանկավարժական համալսարանում՝ Վազգեն Մինասյանի դասերը, իսկ Երևանի կոնսերվատորիայում աշակերտել է Արմեն Ղուկասյանին: Մագիստրատուրայում ուսանելուն զուգընթաց անցել է աշխատանքի
«Տաղարանում»: Մինչ այդ մի քանի համերգների նվագել էր համույթի հետ, և երբ եկել էր ընտրություն կատարելու ժամանակը, Մաեստրոյի ընտրությունը կանգ էր առել իր վրա: «Ընկա մի բոլորովին այլ աշխարհ. փորձ չունեի նվագախմբում նվագելու,- պատմում է Հայկուհին: – Հետագա ողջ փորձառությունս այստեղ եմ քաղել: Սա միակ համույթն է, որը պարբերաբար անդրադառնում է բարոկկո և հոգևոր երաժշտությանը: 
Բոլոր գործերը սիրով եմ կատարում, լինի դա՝ բարոկկո երաժշտություն, թե՛ ժողովրդական… Հակառակ դեպքում չեմ կարող նվագել: Սերն առաջին պայմանն է իմ ստեղծագործության: Բայց առանձնակի սիրով եմ կատարում բարոկկո և հոգևոր երաժշտությունը: Բառերով չեմ կարող նկարագրել, զգացողությունները բոլորովին այլ են…»: Ինչո՞վ բացատրել ֆլեյտահարուհու առանձնակի տարվածությունը բարոկկո երաժշտությամբ՝ հարցով դիմում եմ Մաեստրոյին:
«Բարոկկո երաժշտությամ մեջ, եթե դա ֆլեյտայի կամ տրիոյի համար գրված սոնատ է և կամ արիա,- դրանցում ֆլեյտան կամ հոբոյը վոկալ գծին համարժեք պարտիա ունեն: Այդ ժանրում, բնականաբար, երաժշտի վարպետությունը երևում է: Այդ երաժիշտը պարտադիր պետք է բարոկկո զգա. այլապես կստացվի գրագետ նվագ, բայց առանց ոճը զգալու»: 
Հայկուհու հետ զրույցից իմանում եմ, որ ֆլեյտան, ի սկզբանե փայտից պատրաստվելով, հետագայում այլ նյութերից է սարքվել՝ արծաթից, ոսկուց… Դա ինձ համար հայտնություն է՝ նկատում եմ:
«Ֆանտաստիկ գործիքներ կան,- ասում է Մաեստրոն,- մեր երաժիշտները տառապում են ցածրորակ գործիքների ձեռքը: Նշանակություն ունի՝ ի՛նչ ֆիրմայի են գործիքները, ի՛նչ մաշվածության են: Լինեն իրենց ձեռքը գոնե եվրոպական միջին ստանդարտի՝ 20-30 հազար դոլարանոց գործիքներ, նրանք շատ ավելի լավ կփայլեն իրենց նվագով»:

Արդի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների համերգին, դահլիճն ունկնդրում է Հայկուհի Հակոբյանի արծաթահունչ ֆլեյտայի ձայնը, որ ֆլեյտահարուհու՝ հանդեպ երաժշտությունը սիրո հունչն ունի:

***
«Տաղարանի» համերգային երեկոյի մի հատվածն էլ տրամադրվում է ջութակահար և կոմպոզիտոր Խաչատուր Մարիրոսյանի ստեղծագործության ներկայացմանը: «Արևի կարոտը» բարդ է կառույցով, բայց այդ բարդությունը հասկանալի է երաժիշտների համար, որոնք գնահատում են երաժիշտների և երգչուհու՝ Հասմիկ Ասատրյանի պրոֆեսիոնալիզմը, իսկ հասարակ ունկնդրի համար այն մեր օրերի մարդու յուրովի մտածում-հղումն է՝ առ արեգակ, որ հայրենի հողերին, մարդուն ու հին հիշատակներին է իր ջերմությունն ուղղում:

ՀԱՅՐԵՆԻ ԵԶԵՐՔՆԵՐԻՑ ՔԱՂՎԱԾ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԽԱՉԱՏՈՒՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 


2016 թվականը կոմպոզիտոր Խաչատուր Մարտիրոսյանի համար նշանավորվեց իր ստեղծագործությունների կատարումների մի քանի պրեմիերաներով: Այս տարվա սկզբին Հայ կոմպոզիտորական արվեստի յոթերորդ փառատոնին աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ առաջին անգամ հնչեց Խ. Մարտիրոսյանի Կոնցերտ-ֆանտազիան՝ ջութակի և նվագախմբի համար: Ապա հուլիսին Հ. Թոփիկյանի ղեկավարությամբ Երևանի կամերային երգչախումբն իր հոբելյանական համերգին ներկայացրեց Խ. Մարտիրոսյանի աշխատանքային երգերի շարանից «Սանդի երգը»: 
Եվ ահա ևս մի պրեմիերա.
«Արևի կարոտը» երգաշարը՝ արդի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կողքին հնչեցնում է «Տաղարան» համույթը: Կոմպոզիտորի նոր ստեղծագործություններին ծանոթանալով՝ Մաեստրո Սեդրակ Երկանյանն ընտրել է հատկապես այս երգաշարը. այն կատարում է Հասմիկ Ասատրյանը՝ հեթանոս պաշտամունքից մինչև մերօրյա խորհրդապաշտության հունչերը հասցնելով ունկնդրին: 
Հայ կոմպոզիտորական դպրոցի ավանդույթները պահպանելով՝ Խ. Մարտիրոսյանը ներկայի մեջ վերականգնում-վերստեղծում է հնոց գեղագիտության կնիքը կրող, բայց և արդի երաժշտական մտածողության սահմաններում տեղավորված երկեր, ինչն էլ թույլ է տալիս ասելու, որ այդ ստեղծագործությունները կարելի դասել նույն դպրոցի ներկայիս ձեռքբերումների շարքը: Ահա արդի հայ կոմպոզիտորական մտքի նման արգասիքներ են պարբերաբար ներկայացվում
«Տաղարանի» բոլոր համերգաշրջաններին, ինչը վաղուց համույթի «ձեռագրի» անկապտելի մասն է դարձել: 
«Արևի կարոտը» երգաշարի կատարումն առիթ է առավել մանրամասն խոսելու Խաչատուր Մարտիրոսյան արվեստագետի մասին: Յոթ թիվը խորհրդանշական է իր համար. 7 ուսուցիչ է ունեցել, անցել է 7 անհատի արվեստի
«դպրոց»: Առաջինն իր հայրն էր՝ ջութակահար, ֆրանսերենի ուսուցիչ Վարդան Մարտիրոսյանը: Իրանից հայրենադարձվելով՝ ուսանել է, նախ, Սուրեն Մարդանյանին, ապա՝ տարբեր մասնագիտական ուսումնական հաստատություններում՝ Աթանես Մատինյանին, Ստեփան Ջրբաշյանին, Երևանի կոնսերվատորիայում՝ ջութակահար՝ Հրաչյա Աբաջյանին, Էդվարդ Միրզոյանին, Գրիգոր Եղիազարյանին:

-Կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժնում սովորելուն զուգընթաց աշխատում էի Հեռուստատեսության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբում՝ որպես ջութակահար,- հիշում է Խ. Մարտիրոսյանը:- Այն ինձ համար «դարբնոց» էր. հայկական և արևմտաեվրոպական բազմաթիվ ստեղծագործությունների կատարումներ, ձայնագրություններ «Ոսկե ֆոնդի» համար, մասնակցություն համերգների՝ Օհան Դուրյանի, Ռաֆայել Մանգասարյանի, Հակոբ Ոսկանյանի, Վարդան Այվազյանի, Չարեքյանի, Քաթանյանի, այլոց ղեկավարությամբ:

-42 տարի առաջ՝ 1974-ին, հրավիրվեցիք դասավանդելու ժողստեղծագործության կաբինետում՝ որպես ժողովրդական երգերի և գործիքային նվագների վերծանության դասատու: Այն տարիներին հավաքած պաշարն է, թերևս, հիմք հանդիսացել Ձեր բազում ստեղծագործությունների, մասնավորապես՝ «Հայրենի եզերք» վոկալ-սիմֆոնիկ շարքի արարման համար: Աշխատանքային երգերի այդ յուրօրինակ շարանում ինձ համար հայտնություն էր «Սանդի երգը»: Խաղաղ օր, լույս ու ջերմությամբ լեցուն գյուղամեջ տեսլացավ ինձ այն ունկնդրելիս. սանդ են ծեծում, աշխատանք ու բնություն են գովերգում, արարում և կյանք: Չի հասցնում մարել մի բակ ու տնից եկող երգեցողության ձայնը, նրա վերջին ակորդներին միանում է կողքի բակ ու տնից եկող նոր երգը, ու այդպես միահյուսված կառուցվում է նաև երգչախմբի ձայնը… Հարազատ, ականջին հաճելի ու շատ հայեցի է այն, ինչ պատմվում է այս գործում. հուշ չէ միայն, հայ հին կյանքի կարոտ ու կանչ չէ զուտ, այլ երազ ու ապագա խաղաղ կեցության տեսլական…

-Ուսանողների հետ Հայաստանի շրջաններում հավաքել-ձայնագրել եմ ժողովրդական- աշուղական երգեր և գործիքային նմուշներ, վերծանել ու նորոգել դրանք: Շուրջ չորս տասնամյակի ընթացքում ավելի քան չորս հազար նմուշ եմ հավաքել, վերծանել, պատրաստել հրատարակման: Միայն Անիի շրջանից քաղած նյութերի հիման վրա չորս հատոր է հրատարակվել: «Հայրենի եզերք» վոկալ-սիմֆոնիկ շարքը՝ մեներգչի, երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար, խմբերգային մշակումների փունջ է, որ ստեղծել եմ 38 տարի առաջ ժողովրդական երգերի՝ իմ վերծանությունների հենքի վրա: Այն կազմված է երեք մասից՝ «Աշխատանքային երգեր», «Ծիսական երգեր», «Շուրջպարեր»-խաղիկներ, եզրափակվում է «Զուլո» կատակերգով: Յուրաքանչյուր մասում հատուկ ընդգծվում է տվյալ ժանրին բնորոշ մետրոռիթմն ու տեմպային առանձնահատկությունը. իր զգացմունքայնությամբ և նրբագեղությամբ գործն ունկնդրին պատկերացում է տալիս մեր ազգային արվեստի մնայուն կերտվածքների մասին, ինչի վրա հյուսվել են և շարունակվում են հյուսվել հեղինակային ձեռագրեր կրող նորօրյա ստեղծագործություններ:

-Խմբերգեր՝ ժողովրդական երգերի և բանաստեղծությունների հիման վրա, պիեսներ՝ ժողգործիքների համար, մշակումներ և գործիքավորումներ, կոնցերտ՝ ջութակահարների անսամբլի համար, երգեր և գործիքային պիեսներ՝ էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի համար, մանուկների համար գրված երգեր… Սրանց զգալի մասի ձայնագրությունները տեղ են գտել ռադիոյի «Ոսկե ֆոնդում»: 
Արդյոք ներկայումս դիրիժորներն ու երաժշտախմբերը հաճա՞խ են անդրադառնում Ձեր ստեղծագործություններին. ինչո՞վ բացատրել ներկայիս իրավիճակը:

-Հ. Թոփիկյանն առաջինն էր, որ անդրադարձավ իմ խմբերգային ստեղծագործություններին: Հետո իմ խմբերգերը կատարվեցին Տ. Հեքեքյանի, Կ. Ալեքսանյանի, Ռ. Մլքեյանի ղեկավարությամբ: Նվիրումներ ունեմ տաղանդաշատ երաժիշտ կատարողներին և դիրիժորներին: Ալտահար Էդ. Տեր-Ղազարյանին եմ նվիրել վիոլա-պոմպոզայի և կամերային նվագախմբի համար գրված «Պոեմ-նվիրումը», «Զարթոնք» սիմֆոնիկ պոեմը ձոնել եմ Մինաս Ավետիսյանի հիշատակին, ալտահար Յանա Դարյանին եմ նվիրել ջութակի «Կոնցերտ ռապսոդիան», ջութակահար Սերգեյ Խաչատրյանին՝ «Կոնցերտ-ֆանտազիան», Հարություն Թոփիկյանին՝ «Հայրենի եզերքը»: Քառասունից ավելի երգիչ-երգչուհիներ, երաժիշտներ, խմբավարներ անդրադարձել են իմ գործերին, և հիմա ահա իմ «Արևի կարոտը» կատարվում է Մաեստրո Սեդրակ Երկանյանի կողմից, ում էլ ընծայել եմ այդ երգաշարը:
Իհարկե, մեր ժամանակի վայրիվերումները նպաստավոր չեն ակտիվ համերգային ծրագրեր կազմելու համար, բայց նվիրյալ արվեստակիցներիս ջանքերով երաժշտասեր հանրությանը հայ կոմպոզիտորական միտքը ներկայացնելու տենդենցը նոր թափ է առնում, և այդ գործում իր ծանրակշիռ ներդրումն ունի
«Տաղարան» համույթի դեկավար և դիրիժոր Սեդրակ Երկանյանը:

-Ո՞րն է այն կարևոր յուրահատուկ, Ձեր ստեղծագործությանը բնորոշ գիծը, որը, Ձեր կարծիքով, որոշում է երաժշտության մեջ Ձեր անհատական «ձեռագիրը»:

-Իմ ստեղծագործություններում հարազատ եմ մնում հայկական լադա-ինտոնացիոն կառույցին և ավանդույթներին, աշխատում եմ ընդգծված երաժշտական «հյուսվածքով» շեշտել իմ հեղինակային մոտեցումը՝ հնարավորինս հաշվի առնելով համաշխարհային երաժշտական ժառանգության նմուշներում կոմպոզիցիոն լուծումները և դրանց արդիական դրսևորումները:

-Ներկայացրեք այն ստեղծագործությունը, որ կատարվեց Ս. Երկանյանի ղեկավարած «Տաղարան» համույթի կողմից: Ի՞նչ նկարագրություն կտաք այդ ստեղծագործությանը, ո՞րն է նրա թեման, ի՞նչ երաժշտական յուրահատկություններ ունի:

-Հայ մարդու մտորումներն են, առօրյա ուրախությունները, կարոտալի զեղումները, անցյալի կորուստների ու դժվարությունների վերապրումները և դեպի լույսը ձգտումն ու տենչը: Անձնազոհ պայքարի մասին է նաև, մեր հուշարձանների խորհրդի, հաղթանակի ու ազգի հարատևության: Տիեզերական լուսատուն էլ ջերմություն է բաշխում երկրին ու մարդուն և պատգամում՝ պայքարի միջոցով ձեռք բերվածը սերունդներին փոխանցել:

Հոկտեմբեր 20, 2016
Հասմիկ Սարգսյան

+1
0
Previous Story

ՀԱՅԿՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ. ՖԼԵՅՏԱՀԱՐ, ՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆԸ ՏՐՎՈՒՄ Է ՄՏՔՈՎ, ՀՈԳՈՎ, ԻՄԱՑՈՒԹՅԱՄԲ

Next Story

ՀԱՅՐԵՆԻ ԵԶԵՐՔՆԵՐԻՑ ՔԱՂՎԱԾ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԽԱՉԱՏՈՒՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Related Posts

0

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԴԻՄԱՊԱՏԿԵՐԸ՝ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀՈՒՇԱՊԱՏՈՒՄ – ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ

Posted On 19 Feb 2019
, By Christina Abrahamyan
0

ԸՆԴԳԾՎԱԾ ԱՐՏԻՍՏԱԿԱՆՈւԹՅԱՄԲ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԲԱՍԸ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Posted On 07 Apr 2018
, By Christina Abrahamyan
0

ԳՐԻԳ, ՉԱՅԿՈՎՍԿԻ, ՌԱԽՄԱՆԻՆՈՎ՝ ՄԵԿ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԵՐԵԿՈՅԻ ԸՆԹԱՑՔՈւՄ

Posted On 06 Apr 2018
, By Christina Abrahamyan
0

Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…

Posted On 19 Feb 2018
, By Christina Abrahamyan

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էլմիրա Հեքեքյանը
  • ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԴԻՄԱՊԱՏԿԵՐԸ՝ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀՈՒՇԱՊԱՏՈՒՄ – ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ
  • Կարս. պատմությունը, կառուցվածքը և հայկական հուշարձանները
  • ՇՏԱՊ. ՄԱԳԱՂԱԹ կայքը դիմում է իր ընթերցողներին և համակիրներին
  • «ՄԻ ՊՏՂՈՒՆՑ» ԱՐՅԱՆ ԿԱՆՉԸ ՍՊԱՐՏԱԿ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆԻ «ԱՐԵՎԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ» ԳՐՔՈՒՄ
  • ԱՐՎԵՍՏ՝ ԱՆԴՈՐՐԻ ԲԱԶՄԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ. ՆԵՐՍԵՍ ՄԵԼԻՔՅԱՆ
  • Վրեժ Սարուխանյանը՝ գեղջկական նոր տաղիկների մասին
  • Երկյուղ Մեծի հանդեպ
  • …Խոնարհում
  • Խմորի գնդեր տաշտաքերից

facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 155,663 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,533 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 65,507 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 60,811 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 40,593 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,302 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,035 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,065 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 31,875 views
  • Վատիկանը գաղտնազերծել է հայերի Ցեղասպանության մասին փաստաթղթերը.թուրքերի գազանությունները ցնցող են - 28,489 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com