«ՏԱՂԱՐԱՆԸ» 1981-ԻՆ ՀԻՄՆԱԴՐՎԱԾ «ՇԱՐԱԿԱՆԻ» ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴՆ Է
Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը հիմնադրվել է 1981թ.` սկզբնապես «Շարական» անվանումով (մինչև 1985թ.): Այն ստեղծվել է Հայհամերգի նախաձեռնությամբ, հրավիրվել է աշխատանքի Գ.Դանիելյանը: 1985-1987թ. ղեկավարել է Գ. Այվազյանը (դաշնակահար, Հայհամերգի փոխտնօրեն):
1987թ.-ին կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը ստանձնելով «Տաղարանի» գեղարվեստական ղեկավարությունը, նոր շունչ բերեց համույթի համերգային, ստեղծագործական կյանքում, կարճ ժամանակամիջոցում ստեղծելով ծավալուն մի նոր նվագացանկ, որն ընդգրկում էր 300-ից ավելի հայ հոգևոր, ժողովրդական, ազգային-հայրենասիրական երգերի բարձրարժեք և նրբաճաշակ մշակումներ:
«Տաղարան» համույթի ներկայիս գեղարվեստական ղեկավար և դիրիժորն է դաշնակահար Սեդրակ Երկանյանը (1994-ից), որը շարունակում է զարգացնել, համույթի առջև դրված գեղագիտական և գեղարվեստական խնդիրները:
«Տաղարանն» ի սկզբանե կոչված է եղել համերգային բեմ բարձրացնելու, տարածելու և պրոպագանդելու հայ միջնադարյան հոգևոր երգարվեստի գանձերը: Այդ է պատճառը, որ նրա նվագացանկում մշտապես կենտրոնական տեղ են գրավում V-XV դարերի հեղինակների շարականներն ու տաղերը:
«Տաղարանի» ծրագրերում առաջին անգամ նորովի մատուցումով հնչել են հայկական ժողովրդական, ազգային-հայրենասիրական երգեր և նվագներ:
Համույթի գործունեության մեկ այլ հետաքրքրական կողմը կապված է եվրոպական մինչդասական և բարոկկո շրջանի երաժշտության հետ: Ունկնդրի դատին պարբերաբար ներկայացվում են գերմանական, ֆրանսական, իտալական և այլ ժողովուրդների հնագույն երաժշտության ամբողջական ծրագրեր:
Համույթի երաժշտական մեկնաբանությունները աչքի են ընկնում ոճական ճշգրտությամբ, բարձր կատարողական մակարդակով, հնչերանգների հարստությամբ, մենակատարների և համույթի ներդաշնակ ու հավասարակշռված հնչողությամբ:
«Տաղարանը» համերգներով հանդես է եկել Հայաստանում, նախկին Խորհրդային Միության երաժշտական կենտրոններում, բազմիցս ըստ արժանվույն ներկայացրել է հայկական երաժշտական մշակույթը արտասահմանում, շրջագայել է Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Բուլղարիայում, Ռումինիայում, Հարավսլավիայում, Լատինական Ամերիկայի երկրներում (Արգենտինա, Բրազիլիա, Ուրուգվայ), Հունաստանում, Կիպրոսում, Լիբանանում, այլուր:
Համույթը իր մասնակցությունն է ունեցել միջազգային մի շարք փառատոներում:
Այս տարի լրացել է «Տաղարանի» ստեղծագործական կազմի գործունեության 35-ամյակը, և ողջ տարվա համերգները նվիրվում են այդ տարելիցին: