Գուրգեն Կարապետյան. Անհատն ու հասարակությունը
Սկիզբը` նախորդիվ
Մեր հիմնական թեմայի քննարկումից դուրս է այն խնդիրը, թե երբ է ձևավորվել մարդը, այսինքն, այն կենսաբանական տեսակը, որը, ի տարբերություն մյուս կենդանիների, ընդունակ է ոչ միայն յուրացնել բնության բարիքները, այլև իր կարիքներին համապատասխան ձևափոխել բնության բարիքներն ու իր շրջապատը: Մարդը միակ երկրային արարածն է, որ ունի արարման ընդունակություն, որի համար էլ հպարտորեն մարդը համարում է, որ աստված մարդուն արարել է իր պատկերով:
Ըստ լուրերի, երկրագնդի տարբեր վայրերում հայտնաբերվել են այնպիսի գտածոներ կամ մարդկային գործունեության հետքեր, որոնք հայտնագործողների կարծիքով ունեն մի քանի հարյուր հազարից մինչև միլիոնավոր տարիների հնություն: Եթե այս տեղեկությունները ճշմարիտ են, կնշանակի` կամ դրանք արտերկրային քաղաքակրթության հետքեր են, կամ էլ երկրի վրա եղել են այլ հնագույն քաղաքակրթություններ, որոնք ոչնչացել են: Երկու դեպքում էլ չկա հակասություն այդ փաստերի և մեր` վերևում բերված ուսումնասիրու-թյունների հետ: Առաջին բանական մարդկանց հետքերը, որոնք հայտնաբերվել են, ամենաքիչը ունեն 40-45 հազար տարվա հնություն: Եթե հաշվի առնենք, որ այժմյան քաղաքակրթությունը ամենաշատը ունի 13-14 հազար տարվա պատմություն, չի բացառվում, որ մեզանից առաջ զարգանային և ոչնչանային մի քանի քաղաքակրթու-թյուններ, որոնց հետքերն այժմ հայտնաբերվում են:
Եթե եղել են ավելի հին քաղաքակրթություններ, կարող ենք համոզված ասել, որ այդ քաղաքակրթությունների ներքին զարգացումները ինչ-որ փուլում հակասության մեջ են մտել զարգացման այն ծրագրի հետ, որը մշակել է երկրի ինֆորմացիոն դաշտը: Այս այն դեպքն է, երբ մասի, մեր դեպքում նշված քաղաքակրթություների զարգացումը հակասության մեջ է մտնում ողջ համակարգի հետ, և ամբողջը իր զարգացումը ապահովելու համար ստիպված է ոչնչացնել իր մասը կազմող համակարգը, որը խանգարում է ընդհանուրի զարգացմանը: Սա նույնպես ապացույց է, որ այժմյան մարդկությունը` որպես մեկ ընդհանուր համակարգ, պետք է հիշի, որ ինքը մի մասն է ավելի մեծ համակարգի, եթե չի ցանկանում արժանանալ իր նախորդների ճակատագրին: Մեր քննարկման նպատակը հասարակության զարգացման օրինաչափությունների ուսումնասիրումն է, որի սկիզբը պետք է համարել մարդ բանականի ծնունդը:
Ամեն մի կենսաբանական տեսակ, որպեսզի կարողանա շարունակել իր գոյությունը, բնության կողմից օժտված է սերնդի պահպանման բնազդով: Ցանկացած կենդանի որոշ ժամանակ հոգ է տանում իր սերնդի մասին: Այդ շրջանում հասուն ներկայացուցիչները գնում են ցանկացած զոհաբերության` սերնդի անվտանգությունն ու առողջ հասունացումը ապահովելու համար: Հիմնականում ավելի ամուր է կապը մոր և ձագի միջև: Այս մեխանիզմը, ըստ գիտնականների մեծ մասի, իրականացվում է հոտի միջոցով: Ծնված ձագերը օժտված են իրենց հատուկ հոտով, որը հիշում է մայրը, և այդ ճանապարհով իրականացվում է նրանց շփումը: Ձագի հոտը պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ ձագը զգում է մոր կարիքը: Ձագի վերջնական ձևավորումից հետո այդ հոտը վերանում է: Այդ պահից սկսած` կտրվում է նրանց միջև կապը, և մայրը կարող է անհրաժեշտության դեպքում անգամ ոչնչացնել նրան: Չնայած սրան` պետք է կարծել, որ ոչ միայն արյունակից կենդանիների, այլև ողջ պոպուլիացիայի ներսում պահպանվում է որոշակի ներքին կապ: Ապացուցված է, որ երբ որևէ տարածքում վտանգ է սպառնում որևէ պոպուլիացիայի, նրա ներսում ավելանում է ծնելիությունը: Օրինակ, երբ շենքի մի մասում թունավորում են մկներին, ապա մյուս մասերում տեղի է ունենում մկների թվի արագ ավելացում: Նաև առանց ներքին կապի դժվար է պատկերացնել, թե ինչպես է կարողանում մի քանի կիլոմետր հեռավորությունից արուն գտնել իր զուգընկերոջը:
Մենք վերևում նշեցինք, որ մարդը ունի նաև կենսաբանական ծագում, և նշված երևույթները պետք է, որ հատուկ լինեն նաև մարդուն: Հավանաբար մարդու և կենդանու նմանությունն է հաշվի առելՊլատոնը`գրելով, որ մարդը փետուրներից զուրկ, երկու ոտքի վրա կանգնող կենդանի է: Իրականում այս սահմանումը, եթե չասենք բացարձակ սխալ է, ապա միայն տալիս է մարդու արտաքին, ոչ որոշակի նկարագիրը: Մարդը կենսաբանական զարգացման բարձրագույն աստիճանն է: Դրա հետևանքով բազմաթիվ բնազդներ,որոնք հատուկ են կենդանիներին, մարդու մոտ կամ ոչնչացել են, կամ էլ գտնվում են քնած վիճակում: Բնազդների մի խոշոր մասը մարդու մոտ ենթարկվել են այնպիսի մեծ փոփոխությունների, որ հնարավոր չէ գտնել զուգահեռներ կենդանական աշխարհում: Այդպիսի կարևորագույն բնազդներից է մայրական բնազդը և պոպուլիացիայի ներսում անդամների միջև կապի բնազդը: Մայրական բնազդը վերափոխվել է մայրական սիրո: Բազմաթիվ են օրինակները, երբ մայրը տարիներ հետո կարողացել է ճանաչել իր երեխային, որին կորցրել էր նոր ծնված ժամանակ: Արյունակից ազգականները, հատկապես երկվորյակները, իրենց ամբողջ կյանքի ընթացքում չեն կորցնում իրենց ներքին կապը և հազարավոր կիլոմետրեր հեռվից զգում են իրար: Իմ կարծիքով, մարդու ձևավորման այժմյան ընդունված տեսության ամենաչլուծված խնդիրը մնում է նրա ձևավորման սկզբնական փուլը: Ողջ կենդանական աշխարհում առաջին հայացքից չկա ավելի անպաշտպան կենդանի, քան մարդն է: Մարդը միակ կենդանին է, որ չունի արտաքին պաշպանական շերտ (խիտ մազածածկույթ, թեփուկներ, պատյան և այլն), որով մարդը դառնում է խիստ խոցելի ոչ միայն արտաքին ֆիզիկական բացասական ազդեցություններից, այլև բնակլիմայական տատանումներից: Չնայած դրան` մարդը ոչ միայն կարողացավ գտնել իր տեղը, այլև միակ կենսաբանական բարձրակարգ կենդանին է, որը բնակվում է երկրագնդի բոլոր կլիմայական գոտիներում: Ավելի անբացատրելի է, թե ինչպես կարող էր, կենսաբանական օրինաչափություն-ներից ելնելով, շարունակվել մարդու տեսակը, երբ մարդու ձևավորումը ծննդից հետո շարունակվում է ավելի քան հինգ տարի: Ոչ մի կենդանի չի կարող գոյատևել, եթե ծնողը ստիպված լինի այդքան երկար ժամանակ զբաղվել սերնդի պաշպանությամբ: Մարդը, պարկավոր կենդանիներից բացի, հավանաբար միակն է, որ ծնվում է ֆիզիկապես չձևավորված: Բնությունը մարդու սաղմնային շրջանի ձևավորման ճնշող ժամանակաշրջանը օգտագործում է ներվային համակարգի և ուղեղի ձևավորման համար: Եթե օգտագործվեր մյուս կենդանիների ձևավորման փորձը, և մարդու ներվային համակարգին համապատասխան ձևավորվեր նաև ֆիզիկական օրգանիզմը, մարդը պետք է ծնվեր առնվազն քսան կիլոգրամ, որը նշանակում էր ծնողի մահը: ֆիզիկապես անպաշպան երեխայի ծնունդը նշանակում է, որ երեխան պետք է ծնվելուց հետո ունենա ոչ միայն ծնողի, այլ ավելի մեծ հանրության պաշպանությունը: Սրանից կարելի է անել միակ ճիշտ եզրակացություն, որ մարդը և մարդկային հանրությունը իրենց ներքին ամուր կապերով ձևավորվել են միասին, իսկ անցումային փուլեր չեն եղել,ինչպես ենթադրում է Դարվինը:
ԳՈՒՐԳԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ «ԱՇԽԱՐՀԱՃԱՆԱՉՈՒՄ»
ԳԻՐՔ 1-2
ԵՐԵՎԱՆ-2012
Հեղինակային հրատարակություն
Pingback: ՄԱԳԱՂԱԹ.AM » Գուրգեն Կարապետյան. Սոցիալական և էթնիկական խմբեր