Մոնթե Մելքոնյանի սիրո պատմությունը
Ես 15 տարեկան էի, Մոնթեն՝ 21, երբ եկավ Լիբանան ու ապրեց իմ քրոջ տանը, իսկ նոր տարուն եկան մեր տուն։ Դուռը բացեցի ու այդ հայացքը հիշում եմ՝ մորուքը ցանցառ, ու փայլուն աչքերը երևացին ու նա լայն ժպտաց…
Նրան ցույց էի տալիս մեր դպրոցը, գյուղը ու հասկացա, որ Մոնթեն սիրում է ինձ հետ զրուցել, նա էլ աստիճանաբար դարձավ մեր տան անդամի նման…
Մի անգամ դպրոցական էքսկուրսիայի էինք գնացել աղբյուրի մոտ՝ դասընկերներս, ուսուցիչները ու եկավ Մոնթեն:
Հիշում եմ՝ ես ջինսերով էի ու սպիտակ շապիկով, մազերս երկար: Եկավ Մոնթեն ու ես շտապեցի բարևել, անգամ ձեռքս պարզեցի, թե՝ «բարև, Մոնթե, ինչպե՞ս ես», բայց նա շատ արագ ինձ փոքրիկ համբույր տվեց շրթունքներիս: Ես երևի կարմրեցի, դե ամբողջ գյուղը այդտեղ էր, իմ դասընկերները… այլ բան չգտա, քան արդարանալ, թե ամերիկայում այդպես է (ծիծաղում է)… Տարիներ անց ինձ ասաց, որ մազերս այնպես էին փայլում, աչքերս էլ մեծ ու սև, որ չդիմացավ:
Հետո ես տեղափոխվեցի Բեյրութ, ապրում էի մյուս քրոջս տանը: Մոնթեն երբեմն այցելում էր, ես նկատում էի այդ խեթ հայացքը, որ շատ ծակող աչքերով ինձ նայում էր, բայց համոզում էի ինքս ինձ, որ ինձ սիրահարված չէ:
Մի օր ասացին, որ Մոնթեն անհետացել է, տարիներ չգիտեի, թե որտեղ է, մինչև 1981թ-ին թերթերը գրեցին, որ նա բանտարկվել է Ֆրանսիայում։ Ծանոթ տղա կար, խնդրեցի, որ ինձ ուղեկցի տեսնեմ Մոնթեին…
Չէի սպասում, որ նման կերպ կընդունի ինձ. ամուր գրկեց ու սկսեց արագ-արագ համբուրել դեմքս, աչքերս, անընդհատ համբուրում էր…
1983-ին էին, երբ ԱՍԱԼԱ-ն բաժանվեց, Նա միջոց գտավ ինձ զանգահարելու ու ասաց, որ ինձ սիրում է…. ու անհետացավ նորից: Ինձ հրամայեց, որ ես անգամ չփորձեմ իրեն գտնել, բայց ինքը ինձ կգտնի: Տարիներ հետո ես իրեն հարցրեցի՝ ինչո՞ւ ինձ զանգահարեցիր ու սեր խոստովանեցիր: Ասաց, որ 95 տոկոսով վստահ էր, որ պետք է սպանվի, բայց մահանալուց առաջ ուզում էր, որ ես իմանայի, որ միակ մարդը, ում հանդեպ ինքը երբևէ որևէ զգացմունք է ունեցել ես եմ։
1991թ-ի օգոստոսի 3-ին Գեղարդում մենք ամուսնացանք…