Հասմիկ Սարգսյան. Կենսագրություն
Հասմիկ Հակոբի Սարգսյանը ծնվել է 1964թ. Երևանում: 1981թ.-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի թիվ 94 դպրոցը, իսկ 1986-ին՝ Երևանի հայկական պետական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետը: Եղել է ուսման գերազանցության անվանական թոշակառու, ղեկավարել է ֆակուլտետի ուսանողական գիտական խորհրդի աշխատանքները, եղել նույն ֆակուլտետի գիտխորհրդի անդամ: 1987-1992 թ.թ.-ին աշխատել է Հեռուստառադիոպետկոմի Երիտասարդական հաղորդումների գլխավոր խմբագրությունում՝ որպես խմբագիր: Այդ տարիներին եթեր են հեռարձակվել իր հեղինակած գրական-գեղարվեստական բնույթի ռադիոհաղորդումները, հրապարակախոսական հոդվածները, գեղարվեստական ակնարկները, բանաստեղծությունները: Միաժամանակ 1986-1995 թ.թ.-ին Երևանի թիվ 94, ապա և՝ թիվ 122 դպրոցներում դասավանդել է հայոց լեզու և գրականություն առարկաները: 1995-97 թ.թ.-ին աշխատել է ՀՀ Գյուղակադեմիայում՝ որպես հայոց լեզվի դասախոս: 1997թ.-ից աշխատել է «2001» հրատարակչությունում՝ որպես «Թռուցիկ ծրագրեր», «Ծրագրեր և կանխատեսում» շաբաթաթերթերի խմբագիր:
1998թ.-ից ստանձնել «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության մամլո քարտուղարի և համանուն լրատուի խմբագրի պարտականությունները:
2002թ. –ին լույս է տեսել Հասմիկ Սարգսյանի «Կիսատ անձրև» բանաստեղծությունների ժողովածուն, իսկ 2014թ. –ին՝ «Խաչս տալիս եմ քեզ» վավերագիր-մատյանը:
2003 թ. ապրիլի 17-ին «Կիսատ անձրև» բանաստեղծությունների ժողովածուն քննարկվել է Գրողներ տան «Կլոր սրահում»: Քննարկումը վարել և գրքի վերաբերյալ դրական խոսք են ասել բանաստեղծներ Հովհաննես Գրիգորյանը, Հովիկ Հովեյանը: Գրքի վերաբերյալ բարձր գնահատական են հնչեցրել բանաստեղծներ Ռոմիկ Սարդարյանը, Արմեն Մարտիրոսյանը, Մանասեն, գրականագետներ Հրանտ Ադամյանը, Յուրի Հովհաննիսյանը, այլոք: «Գրական թերթում» , տպագիր այլ պարբերականներում և հեռարձակվող լրատվամիջոցներում այդ մասին եղել են հրապարակումներ և լուսաբանումեր: Այս տարիներին Հ. Սարգսյանի հեղինակած բանաստեղծությունները, հարյուրավոր ակնարկներ, ռադիոռեպորտաժներ հնչել են ռադիոեթերում, ավելի քան հինգ հարյուր հոդվածներ լույս են տեսել հանրապետական մամուլում («Ազգ», «Երկիր Նաիրի», «Ավանգարդ», «Պիոներ կանչ», «Կամք Հայրենյաց», «Երեկոյան Երևան», «Ազատամարտ», «Բանբեր», «Եթերում է Երևանը», «Թռուցիկ ծրագրեր», «Ծրագրեր և կանխատեսում» և այլն):
Բանաստեղծությունները տպագրվել են «Գարուն» (11-12, 1996), «Նորք» (3. 1991), «Համայնապատկեր» (26. 2004, լույս է տեսնում ԱՄՆ-ում) ամսագրերում, թղթակցել եմ «Գրական թերթին» 1996 թվականին: Մի շարք բանաստեղծություններ՝ պարսկերեն թարգմանությամբ, տեղ են գտել Իրանում լույս տեսած՝ հայ ժամանակակից բանաստեղծների ստեղծագործությունները ներկայացնող ժողովածուի էջերում: 2014 թ.-ից «Հայագիտարան Հայաստան» (www: hayagitaran.info) և «Մագաղաթ» (www: magaghat.am) հայագիտական, պատմա-մշակութային կայքէջերի գործող հեղինակ է (նրանցում հրապարակվել են հարյուրավոր գրականագիտական, հայագիտական, պատմագիտական, մշակութաբանական հոդվածներ, ակնարկներ, ռեպորտաժներ, գրախոսություններ, հարյուրավոր բանաստեղծություններ, մի քանի տասնյակ բանաստեղծական շարքեր և այլն):
2015-ին լույս է տեսել Հ. Սարգսյանի «Արևալույսի էքսպրոմտներ» բանաստեղծությունների ժողովածուն:
2003 թվականից Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: 2016թ.-ին ընդունվել է Հայաստանի Գրողների միության (ՀԳՄ) շարքերը: