Չէի հավատում, որ «ՀԱՄԸՆԿՈՒՄՆԵՐ»-ի հեղինակի հետ նույն սենյակում եմ
էս երգի խոսքերը Հրաչյա Թամրազյանն ա գրել, ավելի ճիշտ` Թամրազյանի բանաստեղծությամբ են արել էս երգը… էս երգը ես երեք մարդու հետ եմ լսել` աշխարհի ամենագեղեցիկ կնոջ, իմ լեննականցի ընգեր Կարոյի, մեկ էլ մորս…
Թամրազյանին առաջին անգամ 17 տարեկանում եմ հանդիպել, չէի հավատում, որ «ՀԱՄԸՆԿՈՒՄՆԵՐԻ» հեղինակի հետ նույն սենյակում եմ… Թամրազյանն ինձ երես տվողների մեջ առաջիններից էր, ինստիտուտում` կուրսեցիներիս մոտ, ես դոմինանտ էի. Թամրազյանն ինձ փողոցում ճանաչում էր, Թամրազյանն իմ պատմվածքները կարդացել էր:
… էս գիշեր Թամրազյանը մեռավ…
ՀԱՄԸՆԿՈՒՄՆԵՐ
Խոսք՝ Հրաչյա Թամրազյանի
Մեր աչքերին քող է հյուսված,
Ու զննում ես շուրջդ միշտ դու,
Եվ ուրիշի տեսողությամբ
Քո քողարկված կյանքը դիտում:
Եվ հին արյամբ չափում, կրկին,
Ուղիները քո դեմ ընկած,
Եվ երակն ես մտնում կյանքի
Այն հայացքով, այն հայացքով, որ համընկավ:
Թափառում ենք երկար-երկար,
Եվ չգիտենք ուր ենք քայլում,
Ժամանակի խոր կտավին
Լոկ պատկերներն են մեր մուքանում:
Երկինքն իբրև մի մրաներկ,
Փողոցն իբրև ճեպանկար,
Եվ նա իմ կյանքն է նկարում,
Այն գծերով, այն գծերով, որ համընկան:
Նոր հուներ է կյանքը մտնում,
Եվ հոսում է հույզը հանգիստ,
Լող են տալիս իր լուծույթում
Աշխարհները նրբերանգի:
Եվ խռովքի քամուց հազիվ
Փրփրում են ջրերն հանկարծ,
Եվ փշրվում են ավազին,
Ալինքները, որ համընկան:
Բերանները այս շատախոս
Եվ խոսքերը լայնաբերան,
Եվ օրերը տագնապալից
Ընծաներով իրենց բերած:
Ո՞վ պիտի մեզ լույս առաքի,
Եվ ո՞վ պիտի հողում պեղի
Այս խորացող պատարագը,
Այս ձայները կորած ցեղի:
Ո՞վ կտանի արյան գետով,
Մոռացության շավղից փրկված,
Հիշողության վեմը կերտող,
Այն ձեռքերը, որ համընկան:
Եվ օրերի խորքից անխոս
Մենք անցյալն ենք ոգեկոչում,
Եվ զգում ենք հանկարծ վախով
Թե ինչպես է կապը կորչում:
Քանի կյանքեր են չքացել,
Մենք չգիտենք կանք, թե չկանք,
Եվ մեր ձեռքն ենք մեկնում նրանց,
Ում հետ մեր բախտը, ում հետ մեր բախտը համընկավ:
Խթանում է թաքուն վախով
Ու ծեփում է կյանքը տարեց,
Ու մնում է միայն աղոտ
Այն երազը, որ կատարվեց: