Նրա հեղինակությունն ու ճանաչումը միատեղվել են Հայաստան երկրի բարձր անվան հետ` միմյանց լրացնելով եւ նույնանալով
Վարպետը սիրով անսաց մեր խնդրանքին եւ հանդարտ, խնամքով ու վարժ վրձնահարվածներով աստիճանաբար կտավին հանձնեց իր ծերունազարդ դիմապատկերը:
Մեկ Աստված, մեկ էլ ինքը գիտեն, թե այդ պահին ինչ է մտորում կյանքի բազում փորձություններով անցած, բայց եւ սրբությամբ ու արժանապատվորեն իր ինքությունը պահած, իր անբասիր կյանքն ապրած անհատը: Թե իր անցած ճանապարհին հետհայացքի առիթ էլ ունենա, անտարակույս այն կլինի կյանքն իմաստալից ապրած մարդու հպարտ հայացք` իր շատ սիրելի Խայամի հորդորի հանգույն` «Տես, բան չթողես էս ճամփամիջին` էլ հետ չես գալու…»:
Նա հասցրեց իր կյանքի գործն անել սիրով ու նվիրումով` կյանքից վերցնելով այն ամեն լավն ու գեղեցիկը, ինչն ի վերուստ էր իրեն բաժին տրված` որպես պատասխան թողնելով իր մնայուն, չափազանց արժեքավոր կտավները` աշխարհի տարբեր ցուցասրահներում ու թանգարաններում:
Եվ նրա հեղինակությունն ու ճանաչումը միատեղվել են Հայաստան երկրի բարձր անվան հետ` միմյանց լրացնելով եւ նույնանալով: Այդ վաստակի ու ճանաչումի արտահայտությունն է, որ Զուլում Գրիգորյանը մեր իրականության մեջ շարունակում է մնալ արվեստի աշխարհի արժանավոր մեծերից մեկը` հայրենիքի խոր զգացողությամբ, երկրի հանդեպ իր խոհեմ պահվածքով:
Ի~նչ երանելի վիճակ, երբ մարդն իր անցած օրերից եւ ո’չ մեկի համար չունի զղջում եւ չունի ափսոսանք:
Հովհաննես Պապիկյանի ֆեյսբուքյան գրառումից