ՄԻ ԱՓ ԱՆԶՈՐՈՒԹՅՈՒՆ
Հուշ
Երևի ավելի ծանր զգացում չկա, քան գիտակցելը, որ դու այս կյանքի, այս աշխարհի համար սխալ մարդ ես:
Դու կուզենայիր ապրել մի աշխարհում, որտեղ կարիք չէր լինի հաջողության հասնելու համար խորամանկել, ձևացնել, մրցակիցներին տրորել, սիրելիներին խաբել, ատելիներին կործանել:
Այնպիսի մի աշխարհում, որտեղ պատերազմներ ու ցեղասպանություններ չէին լինի, սահմանները կլինեին պայմանական` միայն ազգերի յուրահատկություններն ընդգծելու համար:
Այսպես այս աշխարհում ապրելդ պահ առ պահ վերածվում է տխուր ընդարմության, մանավանդ այն ժամանակ, երբ ինչպես ափիդ մեջ` շոշափում ես անզորությունդ: Անզոր ես մինչև իսկ ինքդ քեզ փոխել: Թեկուզ մի~ պտղունց` ի պետս մխիթարության:
Այս կյանքում դա էլ է անհնարին, որովհետև հենց ինքդ տեղնուտեղը որակում կտաս` ախ ուրեմն չդիմացար, ուրեմն սկզբունքներդ կեղծ էին, ընդամենը շղարշ…
Գոնե հնարավոր լիներ ամեն մեկի վշտից սրտիդ անդունդում
երկրաշարժ չհրահրել:
Ինչպե՞ս կլինի` մարդ ես, վերջապես…
Ու երևի պատահական չէ, որ հատկապես գրողներն են «հեռու մի երկրի» մասին երազում. նրանց ապրած մեկ ակնթարթը տիեզերքի գործերին խառնվելու առնվազն հազար փորձ է:
…Այս ամենը մտածեցի, երբ խոսափողով ու տեսախցիկով զինված երկու եռանդուն ջահելներ փողոցում մոտեցան ու հարցրին` դուք երջանի՞կ մարդ եք, ապա դրական ժպտուն պատասխանս առած՝ ծիծաղելով հեռացան:
Հրաչուհի Փալանդուզյան