Հասմիկ Սարգսյան. Անհաշտ թռչուններ են խփվում պատուհանիս
ԵՐԳ I
Ալբինոսներին քշում են երամից.
ինձ մի՛ կորցրու գորշ ամբոխում,
պատեպատ խփվող
ճերմակ թռչուն եմ՝ ալբինոս:
***
ԵՐԳ II
Թևերս գորշ եմ ներկել,
որտեղի՜ց ինձ գտնես,
իսկ թե նկատես,
արդյոք ահաբեկ սիրտս
կցանկա՞ լվանալ ներկը.
անձրևիր,
գուցե հեղեղված՝
ազատվեմ կապանքներից,
ճախրեմ՝
ես՝ ճերմակ թռչուն՝ ալբինոս:
***
ԵՐԳ III
Հիշում եմ տատրակին վանդակված,
ես՝ աղջնակ՝
տատրակը՝ կտուցն արնոտած,
և հուշ՝ մանկությունից.
թևերը ջարդեց շյուղերին
վանդակի,
վայրի թռչուն՝
անազատ,
անհաշտ,
ինքնասպան…
նրան տարան դաշտը
խոտերին ի պահ,
որ մեռնի…
և մինչ հիմա լացում է սիրտս՝
անհաշտ
***
ԵՐԳ IV
Երբ հեռանում էի,
ո՛չ ցուրտ էր,
ո՛չ տաք,
ո՛չ լույս կար,
ո՛չ ստվեր,
ո՛չ աղմուկ,
ո՛չ լռություն,
անափսոսանք էր հեռացումը իմ,
ինչու՞ նորից բերեցիք ինձ
դեպի աղմուկները,
մինչ հիմա փնտրում եմ
հանդարտությունը իմ հեռացման,
ինչպես այն թռչունը անհաշտ:
***
ԵՐԳ V
Խենթության ժամին ծամերս երկար են,
շուրթերս բաց են խենթության ժամին,
չեմ կարող թաքցնել աչքերիս տամկությունը,
ես՝
ճերմակ թռչուն՝ ալբինոս
խենթության ժամին:
Դեկտեմբեր 5, 2015
Հասմիկ Սարգսյան