Բրիտանական «Գլոբուս» թատրոնի «Համլետը» հայաստանյան բեմում
Բրիտանական «Գլոբուս» թատրոնը համաշխարհային հյուրախաղերի շրջանակում արդեն երկու տարի ներկայացնում է «Աշխարհից աշխարհ՝ Համլետ» նախագիծը։ Այն մեկնարկել է 2014 թ. ապրիլի 23-ին՝ ի պատիվ Ուիլյամ Շեքսպիրի ծննդյան 450-ամյակի և իրականցվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո։ Աշխարհահռչակ թատրոնը «Համլետ» ներկայացումով հանդես է եկել 120 երկրում:
ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ և «ՀայՖեստ» միջազգային թատերական փառատոնի համագործակցությամբ «Գլոբուս» թատրոնը Երևանում է և հոկտեմբերի 8-ին, ժամը՝ 20:00-ին, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում հանդես կգա «Համլետ» ներկայացումով:
Ս. թ. հոկտեմբերի 8-ին, ժամը 14:00-ին, Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ն. Տեր-Վարդանյանը, «ՀայՖեստ» միջազգային թատերական փառատոնի նախագահ Ա. Ղուկասյանը և «Գլոբուս» թատրոնի ներկայացուցիչները:
ՀՀ մշակույթի նախարարություն