Հրաչուհի Փալանդուզյան.Կեռան թագուհու ավետարանը
Սկիզբը՝ նախորդիվ
Վեպ
8.
Հայկը հույս չուներ, թե նախարար հայրը զանգին կպատասխանի, բայց սխալվեց.
-Ասա, Հայկ,-ցածրաձայն խնդրեց նա:
-Պարոն հայրիկ, հինգ րոպեի ուշադրություն եմ խնդրում:
-Ոչ հիմա, երեկոյան շուտ տուն կգամ,-զիջեց հայրն ու հեռախոսն անջատեց:
Տղան մտածեց, որ պարոն հայրիկը երկուշաբթի օրով վարչության պետերի խորհրդակցություն է անցկացնում:
Երկրորդ անգամ զանգեց ժամուկես անց.
-Շատ կարևոր հարց կա, ընդմիջմանը ռեստորան կգաս, սպասելու եմ:
-Լավ:
Ազդեց: Դա մոր փորձված գործելաձևն է, ասում է՝ հորդ հետ խորհրդակցել չկա, նրա հետ հարաբերությունների միակ տեսակը հրամայելն է: Իզուր էլ մինչև հիմա մորից օրինակ չի վերցրել: Բայց ցավագին մի միտք անցավ Հայկի գլխով՝ արդյոք հայրը բոլորի՞ հրամաններն է կատարում, թե միայն հարազատ ընտանիքինը:
Հայրը եկավ 15 րոպե ուշացումով, ինչը նրա կարգավիճակում միանգամայն հասկանալի էր: Սկզբում հայր ու տղա միմյանցից խույս էին տալիս, ճաշը մատուցելուց հետո ավելի բարյացակամ դարձան:
Համենայդեպս առանց դիտողության հնարավոր չէր.
-Համբերություն չունեի՞ր՝ սպասեիր, երեկոյան տանը խոսեինք: Գործերս թողել եկել եմ:
-Տանը հարմար չէ,-առարկեց Հայկը:
-Կերպարանքդ սիրահարվածի է, ճի՞շտ եմ գուշակում: Լավ, տրտինգ մի տուր, քանի որ հազիվ հանդիպել ենք՝ անկեղծորեն զրուցենք: Ո՞վ է սրտիդ թագուհին: Երևի երգի մրցույթի սևահեր գեղեցկուհի՞ն: Ամբողջ օրը նրա ձայնն է ականջիս հասնում, տան բոլոր հարկերը բռնել է:
-Իսկ դու կուզենայիր, որ սրտիս թագուհին շեկացրած բարբի՞ լիներ:
-Քավ լիցի, գիտես, որ ներկված հայուհիներին տանել չեմ կարող, ասելս այն է, որ նա շատ համակրելի է:
Հայկն զգաց, որ իր ու հոր միջև մշտապես ներկա պարիսպը փոքր ինչ ցածրացավ.
-Ուզում եմ, որ մի հարցում ինձ օգնես:
-Վերջապես հպարտությունդ նահանջեց: Լավ, անցյալի մասին չխոսենք, պատրաստ եմ՝ ասա:
-Եզրափակիչ մրցույթում Զարդենին պետք է նոր երգ կատարի: Ես արդեն գրել եմ, բայց լավ կլինի առանձին ստուդիայում ձայնագրվի, որպեսզի հնչողությունը կատարյալ լինի: Առհասարակ՝ ուզում եմ իմ ստուդիան ունենալ, ինչպես ասում են՝ ստեղծագործական վերելքի շրջանում եմ, ամեն օր նոր երգ եմ գրում:
-Մնաս բարով, իրավաբանությո՞ւն: Դա քո վերջնակա՞ն որոշումն է:
-Կոնսերվատորիան է իմ տեղը, ոչ մի մասնագիտություն երաժշտությանը չի կարող փոխարինել: Մանավանդ որ Զարդենիին հենց կոնսերվատորիայում եմ հանդիպել:
-Սպասիր, ի՞նչ է նշանակում Զարդենի:
-Դա նրա անունն է, տարաշխարհիկ է, չէ՞: Մայրն է դրել, շատ գեղեցիկ ծաղիկ է, եթե մեկ-մեկ սենյակս գայիր՝ փնջերով կտեսնեիր:
-Հայկ, ուղիղ աչքերիս նայիր. ո՞վ է նրա մայրը:
Նախարար հայրիկի ակնոցի տակով փոթորիկ անցավ:
-Տիկին Երանը, մշակութաբան է, իմ կարծիքով մեծ գիտնական է, մի օր աշխարհը նրա մասին կխոսի:
-Տիկին Երա՜ն: Այսինքն Երան Արամյան: Կեռան թագուհի: Դու գիտե՞ս, թե ով է նա: Իմ դասընկերուհի՛ն: Հոգեառս ու քննադատս:
-Չի կարող պատահել,-ապշանքից Հայկը ոտքի ելավ:
-Նստիր… Ինչպե՞ս եք ծանոթացել:
-Դա չէ կարևորը. ես նրան չեմ ասել, որ հայրս նախարար է, ռեստորան ու հյուրանոց ունի, ասել եմ, թե ծրագրավորողի տղա եմ, մայրս տնային տնտեսուհի է, քույրս էլ՝ դպրոցական:
Պայթեց նախարարական ծիծաղն ու ռեստորանի աշխատողների ընտրանին կազմ ու պատրաստ հայտվեց սեղանի մոտ:
-Շնորհակալություն, ոչ… հեռացեք,-քրթմնջաց նախարարն ու զայրույթով տղային հարցրեց,-ինչո՞ւ ես ստել, նա ի՞նչ է, բարեկեցության թշնամի՞ է:
-Ես կասեի՝ ընդհակառակը: Պարզապես ուզում եմ սիրտն անձնական արժանիքներով գրավել, ոչ թե հայրական ունեցվածքով:
-Տղա՜ եմ ասել… Մորդ համար մեծ անակնկալ ես պատրաստել, խոսք չկա:
-Ո՞ր իմաստով:
Հայկը դրա մասին էլ էր մտածել ու ներքուստ համոզված էր, որ Զարդենին հենց այն աղջիկն է, ով մորն անվերապահորեն դուր է գալու: Երկուսն էլ էությամբ ստեղծագործող-իշխող են: Ոչ թե մարդկանց արարքներին, այլ սրտերին, դրանք շատ տարբեր բաներ են:
Հայրն առանց որևէ բավականության բացատրեց.
-Բնականաբար՝ կանացի տրամաբանության իմաստով: Ինչպես ինքը կբարբառեր՝ կանացի ներզգացողության: Որտեղից որտեղ գյուտ է արել, թե Երանն է իր խանդի առարկան: Անունը լսի՝ կուշաթափվի:
Հայկը խորամանկեց.
-Իսկ գուցե խանդի առիթ կա՞:
-Իմ ու Երանի ընկերությունը մարդկային համախոհության եզակի նմուշ է, հասկանո՞ւմ ես, տղաս: Նա իմ լավագույն ընկերն է, ես էլ՝ նրա լավագույն ընկերուհին: Սրանից առավել ի՞նչ բացատրեմ:
Տղա՜ս… վերջին անգամ հորից այդ բառը ե՞րբ է լսել: Հավանաբար նախարար նշանակվելու նախօրեին: Հայկի սիրտն անակնկալ փափկեց, պարիսպը մի քանի միլիմետրով էլ իջավ.
-Իմ կարծիքով նա հրաշալի կին է, գաղտնի համագործակցում ենք, ինչքան Զարդենին հեռախոսի քարտը փոխում է՝ նա նոր համարն ինձ ասում է:
-Ով լինելդ գիտի՞:
-Ոչ ոք չգիտի, կուրսում էլ չգիտեն:
-Իսկական դետեկտիվ: Ավելի ճիշտ՝ հոյակապ շիլա է: Տեսնես ո՞վ է ուտելու:
-Ով եփել է:
-Պատահաբար ինքդ չե՞ս:
-Ոչպատահաբար երկիրը խավերի բաժանածներն են: Բոլոր մարդիկ հավասար են ծնվում, ինչո՞ւ պետք է մեկն ամեն ինչ ունենա, մյուսը ոչինչ ունենա:
-Սոցիալիստական ժամանակավրեպ ճառեր են, աշխարհը ես ու դու չենք սրբագրելու: Իսկ ինչ վերաբերում է Զորոյի դերիդ, ասեմ, որ երկու օրից հետո չունևոր Երան Արամյանը դառնալու է Հայաստանի ամենահարուստ կինը:
-Որպես գիտնական կդառնա:
-Որպես Ռուսաստանի ամենահզոր դերակատարներից մեկի կիսահարազատ քույր: Օլեգ Ժուկովն ինձ է վստահել Հայաստանում իր գործերի կարգավորումը: Քո Զարդենին էլ մեր ստուդիայի կարիքը չունի, քեռին նրա համար գերարդիական ստուդիա է բացում: Բոլոր գումարներն արդեն Հայաստանում են:
Հայկը հուսահատվեց, մեծ հույսերով էր հոր հետ հանդիպման եկել:
-Վերջ երազանքներիս, մինչև հիմա հետս գոնե կատակներ էր անում, երբեմն խորհուրդներս կատարում, հիմա երեսիս չի նայի:
-Դա լավագույն լուծումը կլինի,-հրճվանքը չթաքցրեց հայրը:- Հակառակը գոնե մի վայրկյան չեմ պատկերացնում: Թեև գուցե լավ աղջիկ է: Թե՞ ժամանակակից պորտաբաց սանձարձակներից է:
Տղան արձագանքեց մտացրիվ, կյանքից ձանձրացած դերասանի նման.
-Ձևացնում է, թե սանձարձակ է, իրականում բարի է, դատող, գիրք է կարդում, նույնիսկ սիրած բանաստեղծ ունի: Շրջապատի ազդեցության տակ է, լկտի չլինի՝ կծաղրեն: Նա էլ դիմակ է դրել:
Հայրն սպասքը կարգով դասավորեց, ոտքի կանգնեց:
-Նրա ոչ դիմակն է մեզ պետք, ոչ բաց երեսը: Վերջակետ:
Մի քանի քայլ չարած հետ եկավ ու արվեստասերի իր հետաքրքրասիրությամբ հարցրեց.
-Իսկ երգդ գոնե լա՞վն է… Անպայման նրա սիրած բանաստեղծի խոսքերով կգրես:
Շարունակելի