Այսօր դերասան Արա Սարգսյանի ծննդյան օրն է
Մայիս 16-ի այս օրը, 55 տարի առաջ Ղեւոնդյանների ցեղասպանությունը վերապրած ընտանիքում լույս աշխարհ եկավ արու զավակ, ում անունը Արա դրեցին:
Դերասան Արա Սարգսյանի հետ մեր զրույցը տեղի ունեցավ նրա ծննդյան տարեդարձի նախօրեին:
– Ձեր լավագույն դերը ո՞րն եք համարում:
– Բոլորը, քանի որ երբեք երազած կերպար չեմ ունեցել. ես նրանց սիրում եմ, ստանալուց և աշխատելու ընթացքում, երբ արդեն իմն են դառնում:
– Դուք կանխեցիք իմ երկրորդ հարցը` երազե՞լ եք որևէ դերի մասին, որը դեռ չեք խաղացել:
– Չեմ երազել, նրանք ապրելու և ժամանակի հետ գալիս են՝ լինեն դրական, թե բացասական, դրամատիկ, թե կոմիկական:..
– Մասնագիտությամբ ռեժիսոր լինելով՝ այդ ոլորտում, գրեթե չեք աշխատել, ինչո՞ւ:
– Ռեժիսուրան շատ բարձր մասնագիտություն է, կյանքի բերումով չզբաղվեցի, բայց խորը, խորը ներսումս փայփայում եմ, և հետո ռեժիսուրան ինձ շատ է օգնում կերպարներ ստեղծելիս…:
– Կգա՞ այդ օրը, և հանրությունը կտեսնի ռեժիսոր Արա Սարգսյանին:
Կարծում եմ՝ ուշացել եմ:
– Դուք աշխատել եք տարբեր սերունդների ռեժիսորների հետ, ամենաշատն ումի՞ց եք ազդվել, տպավորվել:
– Այդ առումով բախտս բերել է, տպավորություններս և շփումներս շատ են, հինգ տարեկանում երբ առաջին անգամ տեսա Լեոնիդ Ենգիբարովին, այդ առումով երջանիկ եմ, սակայն ուսուցիչս մնում է Հենրիկ Մալյանը:
– Ավելի շատ ո՞րն է հոգեհարազատ՝ կինո՞ն, թե թատրոնը:
-Թատրոնն ուշ ընկալեցի, որովհետև տարված էի կինոյով: Հիմա միանշանակ՝ ԹԱՏՐՈՆԸ:
– Թատրոնը հիմա ձեր երկրորդ տո՞ւնն է:
– Ես ընդանրապես «ընտանի կենդանի եմ», այո, թատրոնը իմ երկրորդ տունն է:
– Ձեր կարծիքով ինչպիսի՞ն է արդի գրականության և դամատուրգիայի կապը:
– Խառը՝ ինչպես մեր կենցաղը, կան և լավ, և վատ գործեր, իսկ այ կապը… դեռ չի կապակցվում:
– Գրականությունը մշտապես սնել է համաշխարհային դրամատուրգիան:
– Այո, բայց խնդիրն ամբողջ աշխարհում է, միգուցե այսօրվա գրվածքները վաղը դառնան համաշխարհային գրականության սնուցողները: Հիմա աշխատելու և ստեղծագործելու ժամանակներ են, թող գնահատվեն վաղը…
– Մի առիթով ասել եք, որ ցանկացել եք ընդունվել Կինոյի համամիութենական ինստիտուտ (դեռ բանակում ծառայելու տարիներին փաստաթղթերն ուղարկել եք), բայց ձեր ծնողները չեն համաձայնել, և ընդունվել եք Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի թատերական բաժինը, սովորել եք Հենրիկ Մալյանի դասարանում: Երազել եք դառնալ կինոռեժիսոր, 3-րդ կուրսում որպես կուրսային նկարահանել եք «Ահինձոր» ֆիլմը (Հր. Մաթևոսյանի գյուղի մասին), և կինոյի հանդեպ սերն արտահայտել եք ինստիտուտում դասավանդելու տարիներին՝ ուսանողներին օգնելով:
– Կինոն իտելեկտուալ խաղ է, պիտի կարողանաս մինչև վերջ խաղալ:
–Ի՞սկ թատրոնը:
– Թատրոնը մտերմիկ ու ազնիվ զրույց է:
– Դուք երբեք մռայլ մարդու տպավորություն չեք թողել: Հոգու խորքում և՞ս ուրախ մարդ եք:
– Ուրախ եմ այնքան ժամանակ, քանի դեռ թուլություններս ներսից չեն ճնշում… երբ ճնշում են տխուր:
– Տխուր եք … թե՞ պայքարող:
– Պայքարում եմ ու դրական էներգիայի կորուստ ունենում, այսինքն տխրում եմ:
– Դրական էներգիան ինչպես ե՞ք վեականգնում:
– Երեխաներիս, բարեկամներիս, ընկերներիս կամ բնության հետ շփվելով: Չէ, էներգետիկ վամպիր չեմ, ավելի շատ բաժանող եմ:
– Հաճախ ենք հեգնանքով, հիացմունքով, զարմացած կամ զայրացած լսում՝ ,, այս սերո՜ւնդը: Ձեր կարծիքով այս սերունդն ինչպիսի՞ն է:
– Հրաշալի սերունդ ունենք, մեծ ներուժով, բաց ցավոք՝ մեծերս կամ թերանում ենք, կամ նրանց ընդհանրապես չենք դաստիարակում և ուղղորդում: Համոզված եմ, որ նրանք լավ բաների են հասնելու, արդեն տեսնում եմ:
– Ձեր պատգամը՝ երիտասարդ սերնդին:
– Գրագիտություն և ոգու արիություն:
Շնորհակալություն:
Զրույցը վարեց` Վարդուհի ԱՂԱԲԵԿՅԱՆԸ