Անաղարտ մշակույթով ձևավորվում է իրական հայի տեսակը
Հարցազրույց «Կարին» ավանդական երգի–պարի համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի հետ
–Պարոն Գինոսյան, հանրակրթական դպրոցներում ազգային երգի ու պարի դասավանդումն ի՞նչ նպատակ ունի, ինչպիսի՞ն է դրանց նշանակությունը մատաղ սերնդի դաստիարակության հարցում:
-Այն ծառը, որն արմատներ չունի՝ կարո՞ղ է կանգուն մնալ, առավել ևս՝ պտուղներ տալ: Միանշանակ ո՛չ:
Կոմիտասն ասել է՝ այն, ինչը հնարավոր չէ երեխային տալ հինգ դասի, հինգ քարոզի, խոսքի միջոցով՝ հնարավոր է անել մեկ պարի միջոցով: Պարն ազդում է երեխայի ենթագիտակցության վրա, և նա կարծես թե խաղալով` խաղ-պարի մեջ մտնելով՝ կերպավորվում, դաստիարակվում է` ինքն անգամ չզգալով, թե ինչպես են իրեն քարոզում, դաստիարակում և փոխում: Այս առումով շատ կարևոր է անաղարտ մշակույթը, որով ձևավորվում է իրական հայի տեսակը, այն մշակույթը, որը դարերով ու հազարամյակներով բյուրեղացել, հասել է մեզ: Սերունդ առ սերունդ այն ինքնամաքրվել է, հղկվել: Խորհրդային տարիներին այդ մշակույթը միգուցե խեղվել է, սակայն այսօր վերականգնել է իր իրական տեղը և դերը:
–Դուք անաղարտ մշակույթի կրողներից և քարոզողներից մեկն եք, այս գործի գլխավոր նախաձեռնողը, խնդրում եմ ասեք՝ ձեր կարծիքով ազգային նկարագրի ձևավորման հարցում պարն ի՞նչ դեր ունի:
-Ոչ մի մշակույթ չի կարող ազգային նկարագիր չունենալ, որը չունի՝ խեղող մշակույթ է, հակամշակույթ, քանի որ մշակույթը ծնվում է մարդուց, իսկ նա ազգի գենը կրողն է: Արամ Խաչատրյանի երաժշտությունը հարատև չէր լինի, եթե ազգային նկարագիր չունենար: Նույնկերպ՝ պարը, այն ներդաշնակում է հոգին և մարմինը: Պետությունը հառնեցնելու նախապայմաններից մեկը մշակույթը հառնեցնելն է, եթե մենք հառնեցնենք մշակույթը և բանակը՝ կրկին կհառնեցնենք մեր իրական հայրենիքը:
–Պարարվեստում ազգային ինքնությունն ինչպե՞ս է արտահայտվում:
-Յուրաքանչյուր ազգ պիտք է տեր կանգնի իր մշակույթին, քանզի այն իր հոգևոր հայելին է, ամենահզոր գործոնը, միակն արվեստի ճյուղերից, որը հոգին ու մարմինը ներդաշնակում է: Սխալ, կեղծ, խեղված պարերով կարելի է ոչնչացնել մարդու տեսակը` հայի տեսակը, իսկ ճիշտ պարով հառնեցնել, փյունիկացնել հայ մարդու իրական կերպարը: Ես կո´չ եմ անում` թող յուրաքանչյուր մարդ գտնի իր պապենական պարը և այդ պարի մեջ գտնի իր ազգային ոգին: Այդ ժամանակ պարարվեստի միջոցով մենք պատվախնդրորեն կվերադառնանք մեր տեսակին:
–Արդյոք կգա՞ այն օրը, երբ ըստ բանաստեղծի՝ մենք այս պարը Մասիս լեռան լանջին կպարենք:
-Մենք այս տարի պարելու ենք Մասիս լեռան գագաթին:
Պարը ազգի բնավորությունը նկարագրող գեղագիտական վառ արտահայտչամիջոցներից մեկը։
Պարի միջոցով կարելի է տեսնել ազգի մտածողությունը, հոգեկան աշխարհը:
Ուստի, ամու՛ր պահենք մեր արմատները, չխեղենք մեր նկարագիրը ՀԱՅԵ՛Ր, դա կարող ենք անել միայն ԱԶԳԱՅԻՆԸ պահելով:
Զրույցը վարեց` Վարդուհի Աղաբեկյանը